Exclusive

Նա քննարկված է, երբեմն նաև քննադատված, նա հաճախ է հայտվում «ամենասեքսուալ հայտնիների» ցուցակում, նա սիրում է կիսվել կյանքի իր դրվագներով և չի վախենում չհասկացված լինելուց: Blognews.am-ն անկեղծ զրույց է ունեցել մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի հետ:  

Մեր իրականացրած ֆոտոշարքում Դուք ուժեղ աղջկա կերպարում էիք, ով ինչ-որ տեղ նաև պաշտպանվում էր: Իսկ իրական կյանքում լինո՞ւմ են նման  առիթներ։

Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց իրականում ինձանից են պաշտպանվում, իսկ ես կարողանում եմ իրավիճակին տիրապետել: Իմ մեջ ես զգացել եմ այդ կարողությունը, բացի այդ, քանի որ սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային կառավարում բաժնում, խորությամբ ուսումնասիրել եմ հոգեբանություն և ավելի եմ հմտացել: Ես անգամ կարողանում եմ տարաջատել կեղծիքն անկեղծությունից:

Ձեզ հաճախ են ընդգրկում «ամենասեքսուալ հայտնիներ»-ի շարքում, Դուք կամ գլխավորում եք այդ ցուցակը, կամ զբաղեցնում որևէ հորիզոնական: Ի՞նչ է Ձեզ համար սեքսուալությունը, և արդյո՞ք չեք հոգնել այդպիսին լինելուց։

Սեքսուալ բառը ես տարիներ շարունակ լսում եմ, կարելի է ասել՝ դեռ մանկուց: Ես անգամ արդեն համակերպվել եմ այդ բառի հետ: Եթե հասարակությունը քեզ այդպիսին է տեսնում, նշանակում է՝ ինչ-որ մի բան տեսել է քո մեջ: Ինձ համար սեքսուալ է ոչ թե մարմինը, շուրթերը կամ մարմնի որևէ այլ հատված, ինձ համար դա ներքին հատկություն է, ներքին գրավչություն:   
Հետաքրքիր է՝ Դուք խոսում եք մարդու էության մասին, բայց Ձեզ ցուցակում ընդգրկողները հաշվի են առել արտաքին տվյալները: Չե՞ք  ցանկանա  ընդգրկված լինել ամենախելացիների շարքում:   

Իրականում հանրությունն ինձ չի ճանաչում ուրիշ կողմերից: Ես կուզեի, որ իմ մյուս կողմերն էլ նաև նկատելի լինեին, և շեշտը միշտ չդրվեր արտաքինի և սեքսուալության վրա, բնականաբար ունեմ այնպիսի կողմեր, որոնց մասին շատ քիչ եմ բացահայտում և բարձրաձայնում: Օրինակ՝ շատ քչերին է հայտնի, որ ես ունեմ բարձրագույն կրթություն, որ ես տարբեր երկրներում մասնակցել եմ գիտական ֆորումների, ներկայացրել եմ Հայաստանը ոչ միայն գեղեցկության մրցույթներում, այլև վրանների տակ՝ Սելիգերում, ես չորս օր շարունակ ապրել եմ վրանում և մասնակցել եմ միջազգային կրթական ֆորումի: Հանրությունն առհասարակ չի քննարկում, միայն խոսում են, թե ինչ ներքնազգեստով բեմ դուրս եկա, որովհետև նրանց դա է հետաքրքրում:

Գուցե Դո՞ւք դրանց մասին չեք բարձրաձայնում:

Ես նկատել եմ, այն, ինչ կապված է մոդելինգի, դերասանության, նորաձևության հետ, դա է ավելի շատ քննարկվում: Իսկ երբ հրապարակում ես լուսանկար, երբ մասնակցել ես ինչ-որ ֆորումի, ոչ մեկին դա բացարձակ չի հետաքրքրում: Մարդկանց միշտ գրավում է ուրիշ կողմը: Ներկա դրությամբ սովորում եմ ևս մեկ օտար լեզու, բայց դրա մասին էլ չեմ բարձրաձայնում, քանի որ դա ոչ մեկին չի հետաքրքրում, բայց եթե իմ անձնական կյանքի մասին նորություն լինի, որը ոչ մեկի չպետք է չհուզի, դա դառնում է լայնածավալ քննարկման թեմա:

Դե եթե այդպես է, խոսենք բոլորին հետաքրքրող թեմայից՝ անձնական կյանքի նորությունների մասին:

Անձնական թեմայից չեմ ուզում շատ խոսենք, ինձ համար կարևորը մարդու էությունն է, ամեն մարդ ներքուստ զգում է՝ դիմացինն իրենն է, թե՝ ոչ: Իմ կողքի տղամարդը պետք է իրեն շուտ չսպառի, որպեսզի միշտ հետաքրքրությունը մնա: Քանի որ ես իմ էությամբ շատ փոփոխական մարդ եմ, ես ինքս էլ փորձում եմ ինձ կատարելագործել և չսպառել:

Փոփոխական լինելուց խոսեցիք, Ձեր վարսերի գույնն էլ եք հաճախ փոփոխում, դա էլ է՞ բնավորության գիծ, թե՞ փոփոխության կարիք ունեք:  

Իրականում մարդ պետք է միշտ փոփոխվի, եթե դու հանգստանում ես քո նվաճած դափնիների վրա, դա նշանակում է՝ դու հետ ես գնում: Ես ունեմ կյանքի մի գաղափարախոսություն՝ երբեք չսահմանափակվել, երբեք չբավարարվել: Ես ագահ չեմ, բայց ես գիտեմ, որ պետք է միշտ ձգտել: Չնայած տարիքս այդքան էլ մեծ չէ, բայց ես հասցրել եմ շատ բնագավառներում աշխատել, անգամ հաշվապահ եմ աշխատել, սրա մասին դեռ չէի խոսել: Սպորտի տարբեր ձևերով եմ հասցրել զբաղվել, այսինքն՝ կյանքի բոլոր բնագավառներում սիրում եմ լինել: Բայց ես հասկացա, որ ինձ հարազատ է բեմը, կինոն և թատրոնը: Կուզեի մի էլ օր թատրոնում խաղալ:


Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ երկրորդ դուբլի հնարավորություն պարզապես  չունեք,  պատրա՞ստ եք դրան և արդյո՞ք չեք վախենում սխալվելուց:   

Այդտեղ մի այլ բան է գալիս՝ իմպրովիզ, հանդիսատեսին պիտի ստիպես մտածել, որ դա էր ճիշտը, իսկ դրան հասնելու համար պետք է կրթություն:

Շատ հնարավոր է՝ խաղամ թատրոնում, ես վերջերս մի քանի անգամ եղա թատերական ինստիտուտում և հույս ունեմ, որ շուտով նորից կդառնամ ուսանող:

 Իսկ կյանքո՞ւմ չեք խաղում

Ինձ մոտ բացարձակ չի ստացվում, անկեղծ ասեմ՝ եղել է դեպք, երբ որոշել եմ խաղալ, դերիս մեջ մտնեմ: Չի ստացվել և հասկացել եմ, որ առանց տեսախցիկ ես չեմ կարողանում խաղալ: Իրականում շատ պարզ և անկեղծ մարդ եմ: Ես միշտ ներկայացնում եմ իմ բնավորության բացասական կողմերը, մարդիկ սովորություն ունեն, չէ՞, միշտ ներկայացնել լավը: Եթե ինձ ընդունում են իմ բացասական գծերով, ապա կարող են ինձ համար հարազատ մարդ դառնալ:


 Շուշա՛ն, այդ դեպքում նշեք Ձեր բացասական կողմերը:

Լավ, այո, բոլորը կասեմ: Ես գնումներ անել չեմ սիրում, ինձ համար մայրիկս է ամեն ինչ գնում: Կարող եմ մի փոքր անուշադիր լինել, անգամ ալարկոտ բաներ եմ իմ մեջ նկատում: Բայց երբ հերթը հասնում է իմ աշխատանքին, ես այդպիսին չեմ:   

Ի՞նչը կարող է Ձեզ մինչև սրտի խորքը նեղացնել, այնքան, որ հետդարձի ճանապարհ չլինի:

Ես իրականում շատ հանդուրժող եմ և կյանքում շատ բաներ եմ տանում, բայց երբեք չեմ ների դավաճանությունը, երբ իմ վստահությունը չարաշահեն: Ես շատ ներողամիտ եմ, բոլորի հետ կարող եմ համակերպվել: Եթե դիմացինիս հարազատ եմ ընդունում, նա չպետք է ինձ նեղացնի: Նման դեպքեր, ցավոք սրտի, եղել են և շատ խորը հետք են թողել: Այդ տեսակ մարդկանց համար հետդարձի ճանապարհ չկա:


Իսկ Դուք նեղացրե՞լ եք:

Այո, դեպքեր եղել են, երբ ինչ-որ ազդեցության տակ սխալ բառ եմ ասել, որից հետո ես ինքս ներողություն եմ խնդրել: Ես չեմ վախենում այդ բառից, ես ինքասիրահարված չեմ:

Սկզբունքներ, որոնց դեմ չեք գնում:  

Ես էլ ունեմ իմ նախասիրությունները, օրինակ՝ արտաքինիս հետ կապված՝ կարճ մազեր՝ չէ, ռոքային ոճ՝ չէ:  


Նկատել եմ, որ սիրում եք Ձեր սոցիալական կայքում կիսվել նկարներով, գրառումներ անել: Կան մարդիկ, ովքեր չեն կիսվում իրենց մտքերով միայն նրա համար, որ վախենում են մեկնաբանություններից և սխալ հասկացվելուց: Իսկ Դո՞ւք։

Ոչ, ես շատ եմ չհասկացված լինում, բայց ինձ համար միևնույն է, եթե մարդ կարողանում է հաղթահարել շրջապատի կողմից չհասկացված լինելը, ինչ-որ չափով նաև չգնահատված լինելը, ապա նա այս կյանքում շատ-շատ բաներ հաղթել է: Դու պետք է հաղթահարես այդ վախերը, դու պետք է քեզ ավելի վեհ պահես հասարակական կարծիքից: Ես անցել եմ այդ ամենի միջով, ինձ հիմա ոչ մի բացասական մեկնաբանություն, ոչ մի միտք չի ցավեցնում: Այդ ժամանակ դեմքիս պարզապես ժպիտ է գալիս:


Բայց Ձեզ հաճախ են քննադատում, օրինակ՝ մեկնաբանություններից մեկում մի օգտատեր գրել էր. «Շուշան, հերիք է մեզ զարմացնես քո նվերներով»: Կարծում եք՝ անձնականը կարելի է դարձնել նաև հանրայի՞ն:

Հիմա ասեմ, որ բոլորի անձնական կյանքն էլ դառնում է հանրային ամեն անգամ գրառում անելիս: Համաշխարհային շատ-շատ աստղեր իրենց գնած մատանին, մեքենան միշտ դնում են իրենց էջում, դրա մեջ ոչ մի առտառոց բան չկա, որ քննարկում են: Ասեմ, որ մեկի նվիրած թղթի ծաղիկը կամ մեկ այլ բան ինձ կարող է ուրախացնել, եթե այն գեղեցիկ է մատուցված և հարազատ մարդուց է, ես կարող եմ տեղադրել իմ էջում: Եթե մեր ժողովուրդը դրան բացասական է նայում, կներեք, բայց դա իմ խնդիրը չէ:   


Փաստորեն, թանկարժեք նվերներ ստանալ սիրում եք, կառանձնացնե՞ք ամենահիշվողը կամ մի նվեր, որի մատուցման ձևը Ձեզ ուրախացրել է:

Ինձ համար կարևոր չէ նվերի արժեքը, կարևորը՝ նվիրեն այն, ինչ ես եմ սիրում: Մարդ կա՝ կարող է թանկարժեք նվեր անել, բայց դա քո սիրտը չուրախացնի, բայց հակառակն էլ է լինում: Ես իմ ստացած բոլոր նվերների հանդեպ փորձում եմ ուշադիր լինել: Մի անգամ թալիսման եմ նվեր ստացել, որը երբեք չեմ մոռանա, այն մինչ օրս ես կրում եմ, դրա մատուցման ձևն իմ կյանքում շատ բան փոխեց: Չեմ ցանկանում բացել փակագծերը, միայն կասեմ, որ այդ մարդն ինձ շատ հարազատ է: Տարիներ շարունակ այդ թալիսմանն այդ մարդուն շատ բաներից փրկել է, և երբ մարդ նվիրում է իր համար այդքան թանկ իր, դա ավելի արժեքավոր է, քան եթե կղզի նվիրեն:


Շուշան, ասում են՝ գեղեցիկ աղջիկները հաճախ իրենք են թողնում տղաներին, իսկ Ձեզ թողե՞լ են։

Ճիշտ եք, բայց ինձ երբեք չեն թողել, չէի ցանկանա խոսել այս թեմայով, բայց պետք է խոստովանեմ, որ նման բան չի եղել: Ես էլ հարաբերությունները խզելուց այնպես եմ անում, որ բաժանվենք խաղաղությամբ:

Այսինքն՝ կարծում եք, եթե տղամարդն արդեն «նախկին» է համարվում է, կարո՞ղ է նաև ընկեր մնալ:

Ոչ, կարծում եմ՝ դա ճիշտ չէ, եթե տեսնեմ այն տղամարդկանց, ովքեր եղել են իմ կյանքում, ես նրանց չեմ արհամարհի: Ես գիտեմ մարդուն գնահատել և նրանց մասին երբեք բացասական չեմ խոսում: Իմ վերաբերմունքով էլ ստիպում եմ, որ իմ մասին միշտ լավը հիշեն:


Այն լուսանկարը երիտասարդի հետ, որը հայտվել էր համացանցում, չափազանց մեծ աղմուկ բարձրացրեց, դա հատուկ արված քայլ էր, թե՞...

Ես ինքս էլ զարմացած եմ, թե ինչու այդպես եղավ, քանի որ այդ լուսանկարն իմ էջում ես չեմ տեղադրել, փաստորեն ես չգիտեի, որ իմ ընկերների ցուցակն էլ է ստուգվում: Այնպիսի ռակուրսից էր նկարված, որ գրկախառնության տպավորություն էր:  


Աղջիկները հաճախ են սիրում հայելու մեջ նայել, Ձեր արտացոլանքի հետ հաճա՞խ եք խոսում:

Ես էլ եմ սիրում նայել: Սիրում եմ մենակ մնալ և ինձ հետ խոսել, սիրում եմ իմ աչքերը, որոնց հետ ես խոսում եմ: Ես մանկուց ունեցել եմ չկոտրվող բնավորություն, ես տեսնում եմ այն բաները, որոնք դեռ չեմ արել: Ասում են՝ չէ, երբեք չպետք է համեմատվես դիմացինիդ հետ, այլ պետք է համեմատվես քո հետ նախկինում, բայց դա իմ թերություններից է, որ շատ դեպքերում ես չեմ արժևորում այն բաները, ինչին ես դժվարությամբ հասել եմ կյանքում: Կարծում եմ՝ ես պետք է վերանայեմ դա: Ես շատ շնորհակալ մարդ եմ, ես ապրում եմ ամենաերջանիկ կյանքով, այն, ինչ ինձ պետք է, ես ունեմ և ես եմ դրանց հասել:

Ես դեռ մանկուց իմ հարազատների կողմից լսել եմ, որ ես լավագույնն եմ, և այդտեղից է ձևավորվում լիդերի հոգեբանությունը: Նայում ես հայելու մեջ, չես տեսնում քո բացասականը, դու տեսնում ես, որ դու թագուհի ես, իսկ երբ դա տեսնում ես, հասկանում ես, որ այլևս ոչինչ չի կարող քեզ կոտրել: Ամեն ինչ սկսվում է մանկությունից:

Շուշան Երիցյանը հիմա հպա՞րտ թագուհի է, թե՞ ոչ:

Իհարկե, իմ հարազատների և իմ ընտանիքում թագուհի եմ: Բայց իմ մասին էլ հաճախ լսում եմ, որ ես գոռոզ եմ և հպարտ: Ես շատ հասարակ մարդ եմ իրականում:

Զրուցեց՝ Սիրանուշ Գրիգորյանը

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Նկարահանումն իրականացվել է «Կրավ Մագայի» հայկական ֆեդերացիայի մեծ մարզադահլիճում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել