Exclusive

Երգիչ Հայկոն հայկական էստրադայում արդեն երկար տարիներ է, ինչ բացի տեսահոլովակներ ներկայացնելուց՝ նաև զբաղվում է գործիքավորմամբ: Երգիչը Blognews.am-ի հետ զրույցում պատմել է առաջիկա նախագծերի մասին, Միհրան Ծառուկյանի հետ համագործակցության և կյանքի այն շրջանի մասին, որը կարոտում է: Այս փուլում նա աշխատում է իր ձայնասկավառակի վրա. «Քանի որ հայկական էստրադա մուտք եմ գործել ռոմանսային երգերով, իմ այս ձայներիզում ևս կլինեն երևանյան երգեր: Ձայնասկավառակի անունը դեռ չեմ որոշել, բայց առաջինը ձեզ կասեմ: Ես սիրում եմ իմ ոճը և անդավաճան եմ, գրում եմ այնպիսի երգեր, որոնք ինձ դուր են գալիս, և երբեք կոմերցիոն շահեր չեմ հետապնդում, չեմ էլ մտածում դրանով գումար վաստակելու մասին»:

Այն, որ այսօր ձայներիզները կարծես կորցրել են իրենց ակտուալությունը, Հայկոն էլ է փաստում, բայց նրա խոսքերով՝ «Եթե համեմատենք մի հինգ տարի առաջվա հետ, այն այսօր մեզ օգուտ չի բերում, բայց այն արտիստի արած աշխատանքի ամփոփումն է: Եթե հետևեք համաշխարհային շուկային, ապա կտեսնեք, որ արտիստները սինգլ են թողարկում մեկ երգով, որը հետո ամփոփում են մեկ ամբողջական ձայնասկավառակում»:

Հայկոյի ձայնագրման ստուդիայում աշխատանքերը շատ են, նա նաև նշեց, որ իր սաների հետ երեկ ավարտել է «Հայաստան» երգը, որը շուտով տեսահոլովակ կունենա. «Այսօր նաև աշխատելու ենք Միհրան Ծառուկյանի հետ, ով շուտով դուետ է կատարելու, իսկ թե ում հետ, հետո կիմանաք: Սա մեր առաջին համագործակցությունն է: Ունեմ նաև Մոսկվայից առաջարկ և աշխատում եմ երկու ֆիլմերի սաունդթրեքերի վրա»: 


Արդեն երկար ժամանակ է՝ Հայկոն մյուս երգիչների պես համերգային արշավների չի մեկնում. պատճառը զբաղվածությունն է, բայց կարոտում է կյանքի այդ փուլը. «Ես ինքս ամբողջ կյանքում  կենդանի համերգներ եմ տվել իմ ընկերների հետ, դրանք իմ կյանքի ամենաթանկ և երջանիկ տարիներն են եղել: Ես հոգով երաժիշտ եմ և շատ եմ սիրում նման համերգ-արշավներ: Ես այսօր ունեմ այդ պակասը, երբ տարբեր երկրներում շփվում էի հայ հանդիսատեսի հետ, դա ինձ ստիմուլ էր տալիս նոր երգեր ստեղծելու: Հիմա մի քիչ քչացել է, բայց ոչինչ կվերականգնեմ»:

Երևանյան հանդիսատեսը շատ լավ է հիշում Հայկոյի նախորդ համերգը և անկնալում, որ երկրորդը կլինի նույնից ոչ պակաս լավ. «Երևանում միանշանակ համերգ եմ տալու, ես գիշերները գլուխս դնում եմ բարձին և դրա մասին եմ մտածում: Ես արդեն խոսք էի տվել, պարզապես հանգամանքների բերումով չկարողացա իրականացնել, բայց ոչինչ, շատ շուտով կլինի»:

Երգչի զբաղվածությունը պատճառ չի հանդիսանում, որպեսզի ընտանիքին ժամանակ չտրամադրի. սիրում է նրանց հետ անցկացրած ժամանակը. «Ես ընտանիքիս շատ ժամանակ եմ տրամադրում, համենայն դեպս, մանկապարտեզից հետո տղայիս հետ եմ, իսկ երեկոյան ընտանիքով միասին ենք, հայրական տանս էլ հաճախ եմ լինում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել