Արթուր և Արմինե Սուքիասյաններն արդեն ութ ամիս է՝ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում: Լեհաստանում, Հոլանդիայում, Բելգիայում լինելուց հետո զույգը հաստատվեց ԱՄՆ-ում՝ թողնելով անցյալում երևանյան կյանքը:
Blognews.am-ի հետ զրույցում էլ Արթուրը պատմել է նոր աշխատանքների և Հայաստանից մեկնելու պատճառների մասին:
«Մենք այնքան ենք հարմարվել այստեղի կյանքին, որ թվում է՝ ամբողջ կյանքներս այստեղ ենք ապրել: Գրավիչ էր միայն երազանքների երկիր արտահայտությունը, կյանքը նույնն է այստեղ, այնտեղ և ամենուր: Երբ տարվա վերջում ստանամ կատարածս աշխատանքի արդյունքը, այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ որքան գոհ եմ այստեղի կյանքից»,- նշեց Արթուրը և կատակեց, որ լուսամփոփների կարմիր լույսերը և երբեմն ճաքած ասֆալտները միակ դժվարություններն էին, որոնց հանդիպել են:
Երբ Արթուրը և Արմենուհին մեկնեցին Հայաստանից, շատերը սկսեցինք խոսել, որ նրանք պարտքեր ունեն և պարզապես փախել են: Այս վարկածն Արթուրն այսպես մեկնաբանեց. «Հայաստանից դուրս ապրում է տաս միլիոն հայ, ովքեր ունեն իրենց պատճառները, այդ տասը միլիոն պատճառներից մեկն էլ մերն է, որ հետագա կյանքը որոշեցինք անցկացնել ցավոք սրտի ոչ Հայաստանում: Թույլ տվեք կրկնվեմ և ասեմ, որ այսօր կարոտում եմ միայն իմ անհոգ մանկությունը»:
ԱՄՆ տեղափոխվելուց օրեր անց դերասան-ամուսիններն առաջարկ են ստացել խաղալ Արման Նշանյանի բեմադրած «Կինն է այդպես որոշել» կատակերգական ներկայացման մեջ. «Առաջարկը սիրով ընդունեցինք, քանի որ սա մեր հերթական աշխատանքն էր՝ կապված մեր մասնագիտության հետ: Հիմա մենք նոր ֆիլմի սցենարի վրա են աշխատում, որը դեռ մշակման փուլում է: Այն ընտանեկան կոմեդիա է, հույս ունեմ՝ նկարահանումները կսկսվեն ամռան ամիսներին: Բաղկացած է լինելու քսան մասից, դերասանական կազմը դեռ հաստատված չէ, բայց լինելու են սիրված և հայտնի դերասաններ»:
Դերասան-զույգը դեռ մեծացնում է միակ որդուն, իսկ նրա մասին խոսելով՝ Արթուրը նշեց. «Եթե նկատել եք, ես համացանցում չեմ տեղադրում իմ երեխայի լուսանկարները, ուստի չեմ էլ ցանկանում նրա կամ նրանց մասին խոսել կամ լուսաբանել»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի