Երգիչ Արամեն շուտով նորություններ կունենա։ BlogNews.am-ի հետ զրույցում Արամեն հայտնեց, որ առաջիկայում մի քանի նոր երգեր են սպասվում, իսկ այս ամիս արդեն կլինի տեսահոլովակի պրեմիերա։ «Այս փուլում, երբ չկային նոր տեսահոլովակներ և երգեր, ես Հայաստանում չէի. այս տարի արդեն 10–ից ավելի համերգներ եմ ունեցել Եվրոպայում ու Ռուսաստանում՝ չհաշված կորպորատիվ միջոցառումները։ Եթե ես մի քիչ պասիվանում եմ, դա միայն ժամանակի սղության պատճառով է»,- ասաց երգիչը։

Արամեից հետաքրքրվեցինք նաև, թե այժմ ի՞նչ փուլում են իր գործերը: Մոտ երեք տարի բիզնեսով զբաղվող երգիչը խոստովանեց, որ կստի, եթե ասի, որ սեփական կարաոկեն բացելուց հետո հարստացել է այդ բիզնեսով: «Իհարկե, կա եկամուտ, որը Հայաստանի մասշտաբով քիչ չէ, սակայն վերջերս, ինչպես շատ այլ ակումբներ, մենք էլ զգում ենք շրջանառության տարբերություն»,- ասաց երգիչն ու հավելեց, որ առաջիկայում մտադիր են վերանորոգել ակումբն ու վերաբացվել: «Կարծում եմ՝ շատ բան կփոխվի»,- լիահույս ասաց նա:

Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնց կարող է բախվել հայ բիզնեսմենը, երգիչն ասաց, որ դրանք բազմաթիվ են: «Իհարկե, ավելի լավ կլինի, որպեսզի պետական վճարները վերանայվեն. այդպես բիզնեսն ավելի ապահով կլինի, ստիպված չես լինի քիչ աշխատող ունենալ, նրանց կվարձատրես ըստ պահանջի, չես սահմանափակի գումարդ բիզնեսիդ զարգացման համար»,- ասաց նա ու հավելեց, որ հայաստանյան շուկան էլ փոքր է: «Մեր շուկան այդքան մեծ չէ, որ շրջանառությունը մեծ լինի: Մի փոքր քաղաքում անսահմանափակ ակումբներ կան, ինչը վատ է անդրադառնում բոլորի վրա»,- նշեց Արամեն ու բոլորին լավ աշխատանք ու շատ հաճախորդներ մաղթեց:)

Արամեից հետաքրքրվեցինք նաև հոնորարների չափով: Հարցին՝ անընդհատ աշխատող երգչի հոնորարներն այժմ է՞լ են բարձր, Արամեի ելույթը թա՞նկ հաճույք է, նա արձագանքեց, որ հոնորարների չափը բացահայտ քննարկելը կոռեկտ չի համարում, սակայն պատասխանեց մեր հարցին: ««Թանկ» կամ «մատչելի» ասվածը հարաբերական է: Մենք մեծ աշխատանք ենք տանում, տարիներ շարունակ մեծ գումարներ ենք ծախսում, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը. խոսքս երգերի, տեսահոլովակների, ձանասկավառակների, համերգների մասին է: Ես չեմ ուզում լինել շատ «մատչելի», բայց հակառակն էլ իմ սրտով չէ: Այնպես որ, մեծ ցանկության դեպքում ներկա կլինեմ այս կամ այն միջոցառմանը»,- եզրափակեց երգիչը:

Արամեն չնշեց հոնորարների չափը, սակայն հպարտությամբ հավելեց. «Եթե Հայաստանում կան մի քանի երգիչներ, ովքեր, փառք Աստծո, և՛ գումար են աշխատում, և՛ պոպուլյար են, նրանցից մեկը ես եմ»:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել