Դերասան Նիկոլայ Եղիազարյանը վերջերս նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում: «Սպանել 15 րոպեում» կինոնկարում Նիկոլայը կրկին մարմնավորում է բացասական հերոսի: «Կերպարս բավականին բարդ է, քանի որ բացասական դեր խաղալն իր դժվարություններն ունի: Փորձել եմ այնպես անել, որ հետաքրքիր  լինի»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:

«Չգիտեմ՝ ինչու են ինձ միշտ բացասական կերպարներ առաջարկում, քանի որ դա ընդհանրապես չի համապատասխանում իմ էությանը: Գուցե արտաքինս է համապատասխանում այդ հերոսներին: Ամեն դեպքում ես սիրով ու ոգևորությամբ եմ խաղում այդ կերպարները,- նկատեց Նիկոլայը՝ հավելելով, որ իր համար էլ հետաքրքիր կլինի խաղալ դրական հերոսի: -Կարծում եմ՝ կստացվի, քանի որ բացասական հերոսն ավելի շատ ջանք է պահանջում. եթե բացասականը ստացվում է, դրականն էլ կստացվի»:

Ինչ վերաբերում է «Սպանել 15 րոպեում» ֆիլմի թրեյլերի տարածումից հետո բացասական կարծիքների ալիքին՝ Նիկոլայն ասաց, որ իրենք որևէ վատ բան չեն արել. «Մենք մեր աշխատանքն ենք արել, որի մեջ վատ բան չկա: Վերջին շրջանում ես չեմ էլ կարդում քննադատությունները, որովհետև լուրջ քննադատություն չկա: Ավելի շատ վիրավորում են, քան քննարկում, քննադատում»:

Անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում քիչ առաջարկներ ունի, քիչ նախագծերում է ընդգրկվում, նա կարծիք հայտնեց, որ մշտական զբաղվածությունը կախված է հեռուստասերիալում նկարահանվելուց, իսկ ինքը 5 տարի անընդմեջ եթերում է եղել: «Երևի ուղղակի մտածում են, որ մի քիչ դադարն ինձ համար լավ կլինի: Եթե ասեմ՝ առաջարկներս շատ են, կստեմ. հիմա քիչ առաջարկներ ունեմ: Երբ առաջարկներ եղել են, նկարահանվել եմ: Միանշանակ ավելի լավ կլիներ, եթե զբաղվածությունս ավելի շատ լիներ. նախ՝ հոգեպես ինձ ավելի լիարժեք եմ զգում, երկրորդ՝ ֆինանսական հարցն է լուծվում: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- նշեց նա:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել