Անկախությունից հետո, երբ համատարած միայն համալսարաններ ու տարատեսակ ակադեմիաներ բացվեցին, արհամարհվեց, եսիմորերորդ պլան մղվեց միջին մասնագիտական կրթությունը: Հայաստանը ողողվեց միայն թերուս ու դիպլոմավոր լրագրողներով, իրավաբաններով, միջազգայնագետ-քաղաքագետներով, մենեջերներով, մարկետինգի մասնագետներով, բայց ահա բանվորին, շինարարին, սանտեխնիկին, ֆրեյզերագործին օրը ցերեկով, ճրագը ձեռքիդ, փնտրում ես ու չես գտնում: Տիտանական ջանքեր, տևական ժամանակ, ծանոթությունների շրջանակ պահանջվեց, մինչև գտա գործից հասկացող մասնագետ սանտեխնիկի: Պարզվում է՝ այս մասնագիտությունն ունեցողներն ամենաշատն են արտագաղթում Ռուսաստան, որտեղ կարող են քիչ թե շատ մարդավայել ապրել: Ու հիմա այս մասնագիտությունները դարձել են դեֆիցիտ, և ոչ ոք չի մտածում այս մասին: Մի քանի տարի հետո Սովետի օրոք կրթություն ստացածներն էլ կնվազեն, կա՛մ Ռուսաստան կգնան, կա՛մ տարիքի բերումով չեն աշխատի, և չգիտեմ, թե ինչ պիտի անենք: Մասնավոր կամ պետական բուհեր ավարտած բազմահազար դիպլոմավորները հաստատ նման գործերից գլուխ չեն հանի, զահլա չունեն, միջին մասնագիտական կրթությունն էլ Հայաստանում հարգի չէ, մեղմ ասած: Ազգիս պատիվ չի բերում քոլեջ, Սովետի ժամանակվա ուսումնարան կամ տեխնիկում գնալ, արհեստավորի կրթություն ստանալ: Կրթության և գիտության նախարարությանն էլ հավանաբար այդ ոլորտը չի հետաքրքրում, զբաղված են միայն բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը հանրապետականացնելով, մնացածներին էլ չի հետաքրքրում՝ քաղաքական հույժ կարևոր հարցեր կան, և ամոթ է այդպիսի «մանրուքների» հետեւից ընկնելը: Կուսակցությունների քաղաքական օրակարգում ե՞րբ է եղել կրթության և գիտության խնդիրը, որ հիմա հետաքրքրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել