Մոցարտը մասոն է ձեռնադրվել Վիեննայում 1784 թ. դեկտեմբերի 14-ին «Բարեգործություն» լոժայում: Մոցարտը մասոնական երաժշտություն է գրել, որը հնչում է լոժաներում մասոնական ծիսակարգերի կատարման ժամանակ: Ամենանշանավոր ստեղծագործությունը համարվում է «Մասոնական սգո երաժշտությունը» (Maurerische Trauer-musik, c-mol, К 477), որ գրվել է մասոնական եղբայրներ կոմս Ֆրանց Էստերգազի ֆոն Տալանտի և հերցոգ Գեորգ Ավգուստ ֆոն Մեկլենբուրգ-Շտրելիցի մահվան առիթով: Այս երկը զալցբուրգցի հանճարի ստեղծագործության մեջ հատուկ տեղ ունի իր հաստատուն և հստակ կառուցվածքով, անսովոր գործիքավորմամբ, որ հավասարը չունի նորարարությամբ և ճաշակով, քայլերգային թեմայի հանդիսավորությամբ, որ հանգուցված է կենտրոնական առանցքի` գրիգորյան երգեցողության շուրջ: Այս երաժշտությունը հագեցած է ռոմանտիկ տրտմության զգացումով, որ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման ճանապարհը կանխորոշել է շատ վաղուց: Ուզում եմ հիշատակել մասոնական ևս մեկ մեծագույն ստեղծագործություն` «Laut Verkiinde umsere freude» կանտատը: Մոցարտի կինը` Կոնստանցան, հիշում է, որ ամուսնու առողջության ժամանակավոր բարելավումը 1791 թ. նոյեմբերի կեսին հնարավորություն է տվել դիրիժորություն անել կանտատի կատարմանը: Կանտատի վերջին տողերը գրվել են Հավերժական Արևելք անցումի նախօրեին՝ «Հույս» մասոնական լոժայի հավաքի ժամանակ: Կանտատի տեքստը հեղինակել է մասոն Շիկանդերը` «Կախարդական սրինգի» լիբրետոյի հեղինակը, օպերա, որտեղ եգիպտական գաղտնիքների էկզոտիկայի տակ թաքնված է բուն մասոնական ոգեշնչումը: Չափազանցություն չէ ասել, որ մասոնական գաղտնիքներին հաղորդակից արվեստագետների մեջ Մոցարտն ամենաաստվածաներշնչվածն էր և բոլորից շատ է մարդկությանը վեհացրել իր վարպետությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել