Մայիսի 21-ից մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Արշո Հարությունյանի «Սկոտչ&Whiskey» կատակերգությունը, որի գլխավոր հերոսներն են Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանն ու Արփի Գաբրիելյանը:
Կամերային թատրոնի համանուն ներկայացումը՝ Անդոյի, Ռաֆոյի, Լուիզայի և Արփիի մասնակցությամբ, ժամանակին մեծ հետաքրքրություն առաջացրեց: Ռեժիսոր Արշո Հարությունյանը BlogNews.am-ի հետ զրույցում ասաց, որ թեման շատ արդիական ու հետաքրքիր է, սակայն թատերական ձևաչափը մի փոքր սահմանափակ էր այն ավելի գունավոր ու հետաքրքիր ներկայացնելու համար:
«Ես ի սկզբանե ցանկանում էի ֆիլմ նկարահանել, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով որոշեցի ներկայացում բեմադրել՝ 4 գործող անձանցով»,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ իր ցանկությունն իրականացել է, երբ ներկայացումը տեսել է ռուսական «BERG SOUND» ընկերության պրոդյուսեր Միքայել Պողոսովը և առաջարկել ֆիլմ նկարահանել:
«Սկոտչ&Whiskey»-ի մյուս հերոսներին մարմնավորում են Վիգեն Ստեփանյանը, Սերգեյ Դանիելյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գրիշա Աղախանյանը, Իրինա Դանիելյանը: «Ֆիլմում խաղում են իմ սիրած դերասանները: Առաջին հայացքից շատ ռիսկային քասթինգ եմ արել, սակայն վստահ եմ, որ հանդիսատեսը կտեսնի ու կզարմանա, քանի որ կան դերասաններ, որոնք բացահայտվելու են ուրիշ գույների մեջ. մարդիկ վաղուց գիտեն նրանց, բայց չգիտեն, որ նրանք այդպիսին են: Օրինակ՝ Ռաֆայել Երանոսյանին մարդիկ չեն տեսել այս գույների մեջ, Սոս Ջանիբեկյանը ևս շատ անսպասելի դեր է խաղում: Կարծում եմ՝ հանդիսատեսն անակնկալի է գալու»,- ասաց Արշոն, սակայն չցանկացավ բացել փակագծերը:
Այնուամենայնիվ, ֆիլմի թրեյլերում Սոսի կերպարի հետ կապված մի բացահայտում լինում է, երբ նա հայտնվում է կնոջ հագուստով ու կեղծամով:) Ըստ Արշոյի՝ դա Սոսի կերպարի միակ «մեխը» չէ. նրա հերոսը շատ հետաքրքիր է. հանդիսատեսը կտեսնի ամենը:
Ռեժիսորը հայտնեց, որ սեպտեմբերից ֆիլմը կցուցադրվի ռուսական կինոթատրոններում: Նրա խոսքով՝ արդեն իսկ պայմանագիր ունեն ռուսական 33 կինոթատրոնի հետ: Ռուս հանդիսատեսի համար կարվի պրոֆեսիոնալ կրկնօրինակում, ձայնագրման համար դերասաններն արդեն ընտրվել են:
«Չեմ ուզում անհամեստ հնչի, բայց շատ որակյալ ու սիրուն ֆիլմ է: Աշխատել եմ այնպես անել, որ Երևանը շատ գեղեցիկ երևա, որովհետև այն դրսում է ներկայացվելու: Կրկին համագործակցել եմ իմ անբաժանելի օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ: Նա էությամբ նկարիչ է, ինչը զգացվում է ֆիլմում: Հետարտադրական աշխատանքը ևս շատ կարևոր էր, որը կադրին հաղորդում է հմայք, դա արել է Սուրեն Սարգսյանը»,- եզրափակեց ռեժիսորը:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի