Երևանի փողոցներում օր օրի ավելի շատ նորաձև աղջիկների կարելի է տեսնել: Սակայն նորաձևությունը բավականին քմահաճ է ու հաճախ է փոխում իր ստանդարտները:) Ինչ խոսք, յուրաքանչյուր աղջիկ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի իր կազմվածքի առանձնահատկություններին, սակայն նորաձևության հետևելն էլ է խրախուսելի:) BlogNews.am-ը ոճաբան Դիանա Շատվերյանից հետաքրքրվել է՝ որո՞նք են այս տարվա գլխավոր թրենդներն ու իր ընթերցողներին է ներկայացնում նորաձև լինելու գաղտնիքները:)
Ըստ Դիանայի՝ այս սեզոնին շատ նորաձև են ամառային երկար պալտոները: «Դրանք կարող են լինել նաև ժակետի տեսքով՝ կարճ: Հիմնականում նորաձև են շիֆոնից պալտոները: Ինչ վերաբերում է չափսերին՝ սահմանափակումներ չկան, կարող են լինել մարմինը գրկող կամ լայն՝ ըստ ճաշակի և կազմվածքի»,- նշեց ոճաբանը և հավելեց, որ այս տարի շատ նորաձև են կիսաթափանցիկ կտորները: «Այս տարի նորաձև է այն, ինչ թափանցում է:)»,- նկատեց նա:
Ոճաբանի փոխանցմամբ՝ տաբատներից առավել նորաձև են վերևի հատվածում կիպ, ներքևի հատվածում լայնացող տաբատները՝ համադրված վերնաշապիկների հետ:
«Բախրամաները ևս շատ նորաձև են՝ կարևոր չէ, թե ինչ կտորից: Ինչքան հետաքրքիր ու յուրօրինակ բախրամա լինի, այնքան լավ, քանի որ ստանդարտից դուրս բախրամաներն են նորաձև»,- նշեց ոճաբանը:
Ինչ վերաբերում է գունային գամմաներին՝ Դիանան նկատեց, որ գարնանն առավել նորաձև են պաստելային գույները. կանաչի և կապույտի, կարմիրի երանգները, սպիտակը: «Եթե ժամանակին խուսափում էինք ամբողջությամբ հագնվել մի գույնով, այժմ նման բան չկա: Բացարձակ նորաձև է լինելու ոտքից գլուխ մի գույնի մեջ լինելը, սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել, որ դա շատ համարձակ քայլ է, քանի որ երանգները պետք է համապատասխանեն իրար»,- ընդգծեց ոճաբանը:
Դիտարկմանը, որ մեզանում հաճախ գործածական են լինում նախորդ տարվա թրենդները, քանի որ մի փոքր ուշ ենք ընտելանում համաշխարհային նորաձևությանը, Դիանան արձագանքեց, որ մասամբ համաձայն չէ, քանի որ վերջին տարիներին հակառակ տենդենցն է նկատվում: «Ես այս ամենը ներառել եմ իմ նոր հավաքածուում: Ունեմ շիֆոնից երկար պալտոներ, որոնք թեև դեռ լայնորեն ներկայացված չեն, իմ հաճախորդների մեծ մասն արդեն ձեռք է բերում և հաճույքով հագնում: Կարծում եմ՝ տարեցտարի մենք սովորում ենք այդ տարվա տենդենցներին: Նախորդ տարի ամռանն արդեն նկատում էի բավականին համարձակ հագնված աղջիկների ու հաճելիորեն զարմացած էի»,- եզրափակեց նա:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի