«Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» հաղորդաշարի հյուրն էր Արամ MP3-ը: Զրույցը բավականին ընդգրկուն էր և հաճելի: Նախ այն, բնականաբար, չէր կարող շրջանցել Ցեղասպանության 100-րդ տարելիցը և դրա այն հատվածը, որը կապված էր շոու բիզնեսի հետ: Խոսվեց Արամ MP3-ի բավականին հուզիչ «Գարուն ա» տեսահոլովակի մասին, որն ամբողջությամբ նկարահանվել էր մեկ կադրի մեջ՝ Կոմիտասի երգի հիման վրա: Արամն ասաց, որ դա փոքրիկ ներդրումն էր զոհերի հիշատակի ոգեկոչման գործում. «Ես իմ ձևով փորձեցի անդրադառնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին. Որոշվեց «Գարուն ա» երգը, քանի որ այն ասոցացվում է Ցեղասպանության հետ»: 
Երգն ունեցել էր բավականին շատ դրական արձագանքներ լսողների կողմից, ինչի մասին Արամ MP3-ը ուներ իր սեփական մեկնաբանությունը. «Քանի որ ոչ մի կոմերցիոն միտումներ և նպատակներ չունեի այս տեսահոլովակի հետ կապված, ուղղակի երգել եմ այն, ինչ սիրտս էր ուզում և փորձել եմ դա ցույց տալ տեսահոլովակի միջոցով, երևի դրա համար էլ դրական էին արձագանքները: Քար լռություն էր նկարահանման հրապարակում, դրա համար կարողացա մաքսիմալ անկեղծանալ»: 
Արամը նաև դրական էր վերաբերվում այն փաստին, որ հայկական բազմաթիվ երգիչ-երգչուհիներ հանդես էին եկել սեփական տեսահոլովակներով Ցեղասպանության մասին. «Ամեն մեկը փորձում է անել յուրովի և իր ունկնդրին ներկայացնել այն վիշտը, որը մենք կրում ենք արդեն 100 տարի: Բնականաբար, երգիչները պետք է երգեն այդ մասին, դերասանները պետք է խաղան: Եվ ոչ միայն ապրիլի 24-ին, այլ ընդհանրապես: Սա այն պահն է, երբ եզրին էր հասել ամեն ինչ: Դրա համար բոլորը փորձեցին իրենց բոլոր լծակներն օգտագործել թե’ համացանցով, թե’ հեռուստատեսությամբ, թե՛ ուղղակի համերգներով, որպեսզի ցույց տան աշխարհին այն, ինչ տեղի է ունեցել, և ինչ մյուսները չեն ուզում ընդունել»:
Իսկ հաղորդավարներից մեկի հարցին՝ թե ճի՞շտ է արդյոք, որ երգիչներից ով ցանկացավ, տեսահոլովակ նկարահանեց Ցեղասպանության թեմայով, Արամն ասաց, որ դա նույնիսկ գովելի է. «Ամեն մեկն արտահայտվելու իր ձևն ունի: Ամեն մեկը յուրովի փորձել է խնդիրը բարձրաձայնել, և սա գովելի փաստ է: Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցել են»:
Բնականաբար, խոսք գնաց նաև համացանցը ցնցած SOAD-ի համերգի մասին: Ըստ Արամի՝ SOAD-ի համերգն այդ օրը միավորել էր բոլորին` անկախ երաժշտական ճաշակից և նախասիրություններից. «Ես Հրապարակում տեսա այնպիսի մարդկանց, ովքեր ընդհանրապես կապ չունեին ռոք երաժշտության հետ: Ինքս էլ շատ ռոք երաժշտության ֆանատ չեմ: Բայց շատ մարդիկ գնացել էին, քանի որ գաղափարախոսություն էր օդից կախված: Կային մարդիկ, ովքեր կապ չունեին ռոք երաժշտության հետ, բայց նրանք հայրենասեր էին և այլն, կային մարդիկ, ովքեր սիրում էին ռոք երաժշտություն, և նրանց այդ օրն ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում, և կային մարդիկ, ում մեջ դրանք հավասար էին: Դրսից էլ կային մարդիկ, ովքեր ընդհանարապես հայի գեն չէին կրում իրենց մեջ»:
Մի խոսքով հաճելի հարցազրույց՝ տեսահոլովակներով և ոչ միայն: Դիտեք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել