Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ապրիլի 8-ին իրար հավերժ սիրելու խոստում են տվել Նաիրա Մովսիսյանը և Վան Հակոբյանը: Չնայած զույգը հունվարի 8-ից ապրում է մեկ հարկի տակ, բայց վերջերս որոշել էին ստանալ Աստծո օրհնությունը:
Հարսանեկան խնջույքի ժամանակ գերակշռել են կարմիր և սպիտակ գույները, իսկ հարսանեկան զգեստի և խնջույքի մասին Նաիրան Blognews.am-ին պատմում է. «Վանը մինչև պսակադրությունը չէր տեսել իմ զգեստը: Ես այն շատ դժվարությամբ եմ ընտրել, անընդմեջ փոխում էի: Մեր համար առաջնայինը պսակադրությունն էր, հետո նոր միայն խնջույքը: Լրիվ այն չէր, ինչ ուզում էի, բայց այնպես էլ չէր, որ վատ էր: Այլ կերպ էր ամեն բան և շատ հաջող: Բնորոշում տալով իմ ամուսնուն՝ միայն կասեմ այսպես՝ նա իմն է»:
Հարսանեկան ճամփորդության դեռ չեն մեկնել, անավարտ գործեր ունեն, ավարտելուն պես կմեկնեն: Նաիրայի կյանքում ամուսնական մատանին ոչինչ չի փոխել, նա նաև նշում է, որ երբեք բեմը չի փոխի կենցաղի հետ. «Եղել են դեպքեր, երբ Վանն է ինչ-որ բան պատրաստել, բայց եթե անկեղծ՝ կուզեի՝ սարքեին, իսկ մենք վայելեինք»:
Խոսելով ընտանիքի համալրման մասին՝ դերասանուհին նշեց. «Երեխան յուրաքանչյուր մարդու համար համարվում է նորմալ կյանքի ընթացք: Ես շատ խիստ և պահանջկոտ մայր կլինեմ: Իմ երեխան պարտավոր է կանոնակարգված մեծանալ, որովհետև դա իմ երեխան է»: