«Մամա՛ ջան, տանը սոված կմնանք, մեզ մանկաատուն մի՛ տար». այս աղերսանքը 5 անչափահաս երեխաների միայնակ մայր Ֆլորան իր 9 և 10 տարեկան աղջնակներից լսում է յուրաքանչյուր երկուշաբթի օր, երբ նրանց տանում է Գյումրու «Հույս» մանկատուն:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Ֆլորայի երեխաներից ավագը՝ Արամայիսը 16 տարեկան է և արդեն աշխատում է, իսկ փոքրը՝ Քրիստինեն, 4 տարեկան է: Նրանց ապրուստի հիմնական միջոցը Ֆլորայի մոր հաշմանդամության թոշակն ու սոցիալական նպաստն է, և ծանր սոցիալական պայմանների պատճառաբանությամբ երեխաներից երկուսին տեղավորել են Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում («Հույս» մանկատուն): 5 երեխաներից 3-ի հայրությունը ճանաչած անձը դեռ 4 տարի առաջ մեկնել է ՌԴ` աշխատանք որոնելու, և մինչև օրս նրանից որևէ լուր չունեն:
Մարտիրոսյանների տասը անձից բաղկացած անօթևան ընտանիքին տեղական իշխանությունները դեռ 90-ական թվականներին` որպես ժամանակավոր կացարան, հատկացրել են «Անի» թաղամասի շենքերից մեկի` կոմունալ հարմարություններից զուրկ փոքրիկ ձեղնահարկը:
Ընտանիքն օրերս «Մուշ-2» նորակառույց թաղմասում 1-սենյականոց բնակարան է ստացել, քանի որ երկրաշարժի հետևանքով հենց մեկսենյականոց է կորցրել: Իսկ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ բնակարան ստացող ընտանիքը պարտավոր է համայնքին հանձնել ժամանակավոր կացարանը:
Մարտիրոսյանները դիմել են Գյումրու նորընտիր քաղաքապետին՝ ձեղնակահարկը չազատելու խնդրանքով: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութ պատրաստելու և ամերիկահայ բարերների կողմից ուղարկված հագուստը տրամադրելու նպատակով այցելեցին այս ընտանիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել