«Արտասահմանում $1000-ին  փող էլ չեն ասում»ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ կիսվեց երկրի տնտեսական զարգացման իր տեսլականով, համաձայն որի՝ 1 միլիոն սփյուռքահայ պետք է  $1000 դոլարանոց հաշիվ բացի հայկական բանկերում: Ծրագիրն արդեն ստացել է պաշտոնական «Արի տուր» անվանումը, և նրան արդեն կարող է մասնակցել յուրաքանչյուր սփյուռքահայ:

Նախարարը կոչ է արել գումարն իշխանություններին տալու փոխարեն այն վստահել բանկերին, որոնք, ինչպես հայտնի է, Հայաստանում ոչ մի կապ չունեն ո՛չ բարձրաստիճան պաշտոնյաների, ո՛չ էլ նրանց մերձավորների հետ: «Դա ամենևին մեծ գումար չի` մոտավորապես այֆոնուկես: Կարծում եմ՝ հանուն հայրենիքի արժի այդ գումարը դնել բանկ», – նշել է Հակոբյանը՝ չհստակեցնելով սակայն, թե ինչպես է բանկերի կտրուկ հարստացումը թեթևացնելու խոհարարների կամ ուսուցիչների առօրյան:

«Արի տուր» ծրագրի մասին արդեն արտահայտվել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: «Պարզ ու հանճարեղ լուծում: Ո՞նց դա իմ մտքով էսքան ժամանակ չէր անցել: Առաջին պոռթկումն իմ դոկտորական կոչումը տիկին Հակոբյանին հանձնելն է, երկրորդը` խնդրել, որ մի քանի մաստեր կլաս անցկացնի մնացած տնտեսագետների համար», – խոստովանեց մի փոքր տխրած Բագրատյանը:

Սակայն ծրագիրն արժանացել է կոշտ քննադատության Շվեյցարիայի կողմից: Շվեյցարացիները մեղադրում են սփյուռքի նախարարին տնտեսական սաբոտաժի մեջ: «Հասկանում եք, բանկերում փող պահելը միշտ եղել է մեր երկրի «ֆիշկան»: Ինչո՞ւ է հայաստանցի նախարարն ուզում սննկացնել մեր տնտեսությունը», – ասել է Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Լասլո Բրունևիչը: Բրունևիչը ակնարկել է, որ եթե Հրանուշ Հակոբյանը չհրաժարվի Շվեյցարիան ծնկի իջեցնելու պլաններից, շվեյցարացիները կկիրառեն համապատասխան սանկցիաներ: «Մենք արդեն պատրաստել ենք ծիրանի միլիոնավոր տնկիներ, մեկ շաբաթից կարող ենք սկսել կոնյակի արտադրություն ու ծայրահեղ դեպքում կարող ենք ստեղծել հակակշիռ Ինգա և Անուշ Արշակյաններին` Ֆլորիան և Սվեն եղբայրները կազմ-պատրաստ սպասում են», – սպառնաց շվեյցարացի նախարարը: Նա եզրափակեց՝ նշելով, որ Շվեյցարիան պատրաստ է խախտել դարավոր նեյտրալիտետը և տնտեսական պատերազմի բռնվել Հրանուշ Հակոբյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել