Երգիչ Նարեկ Մակարյանը շուտով կներկայացնի այս տարվա իր առաջին տեսահոլովակը: «Քեզ հետ, առանց քեզ». այսպես է կոչվում երգը, որի երաժշտության հեղինակը Նարեկն է, խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Տեսահոլովակի նկարահանումից հետո Նարեկը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու կոմպոզիտոր Արամ Սաթյանին նվիրված համերգին: Ապրիլի սկզբին վերադարձել է հայրենիք, իսկ տպավորությունների և նոր նախագծերի մասին կիսվել Blognews.am–ի հետ:
Նարեկն առաջին անգամ էր լինում ԱՄՆ-ում, բայց մշտական բնակություն չի հաստատի այնտեղ, կարծում է՝ մենք կարող ենք ավելի լավացնել մեր հայրենիքը, պետք է դա անել, ինչքան էլ որ դժվար լինի. «ԱՄՆ-ում հանդիպեցի շատ լավ մարդկանց, ձեռք բերեցի նոր ընկերներ և գործընկերներ: Որոշեցինք մի նախագիծ անել, որը կնվիրվեր Հայոց ցեղասպանությանը: Ամերիկահայ երգիչների հետ համատեղ ստեղծեցինք «Wake up world» երգ, հեղինակը երգչուհի Լուսինե Գրիգորյանն է, իսկ առաջարկն ինձ արեց Սարմեն Պարիանը, ով հանդիսանում է «Golden Picture» ընկերության հիմնադիր տնօրենը: Այս ընկերության հետ իրականացրել ենք նաև նոր ֆոտոշարք, որը շուտով կներկայացնեմ հանդիսատեսին: Աշխատանքին զուգահեռ Նարեկը չի մոռացել իր վաղեմի երազանքի մասին՝ այցելել է «Disneyland», «Universal Studio»:
Երգչի հաջորդ կանգառը Մոսկվան էր, որտեղ նկարահանել է այս տարվա համար նախատեսած իր երկրորդ տեսահոլովակը. «Երգը կոչվում է «Հավատա», շատ գեղեցիկ ստեղծագործություն է: Հեղինակը Ժակլին Թադևոսյանն է, իսկ գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Զառա Նազարյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս գործը: Չեմ խոսի տեսահոլովակի սյուժեի մասին, միայն կասեմ, որ գեղեցիկ պար է բեմադրվել»:
Շարունակելով խոսել գործնական առաջարկներից՝ Նարեկը նշեց, որ նկարահանվելու է գեղարվեստական ֆիլմում. «Իմ պրոդյուսեր Սոֆյա Գուլյանի հետ որոշեցինք, որ, ունենալով արդեն սերիալներում նկարահանվելու փորձ, կարելի է նաև ուժերը փորձել գեղարվեստական ֆիլմում: Շուտով ինձ կտեսնեք Դավիթ Բաբախանյանի ֆիլմում. սա էլ իմ երազանքներից մեկն էր, որն իրականություն դարձավ»: