Հավանաբար մարդն առաջին անգամ իր արտացոլումը տեսել է ջրում: Ըստ հին հունական առասպելի՝ գեղեցիկ պատանի Նարցիսը, կամենալով գետից ջուր խմել, տեսնում է իր պատկերը ջրում և այնքան է տարվում, որ նայելով չի կշտանում, սիրահարվում է ու ծարավ էլ մեռնում:
Հետագա դարերում, նկատելով փայլող կացնի արտացոլող հատկությունը, մարդիկ սկսեցին մետաղից հայելիներ պատրաստել:

Ինչպես ցույց են տալիս եգիպտական հնեագետների հետազոտությունները, մինչև ապակյա հայելիների գործածությունը, հայելիները պատրաստվել են բրոնզե հաստ թիթեղներից, որոնք չունեին պարզ և ցայտուն արտացոլում: Ավելի ուշ սկսեցին հայելիներ պատրաստել արծաթից, իսկ հետո, հազարամյակներ շարունակ պատրաստել են պողպատից:

Մետաղից պատրաստված հայելիների հիմնական թերությունն այն էր, որ դրանք շուտ խունանում էին և շարքից դուրս գալիս: Դրանից խուսափելու համար հայելիների երեսը պետք էր պատել որևէ նյութով, որ պաշտպանեին խոնավությունից: Երկար որոնումներից հետո մարդիկ գտան, որ մետաղյա հայելիները երեսապատելու ամենահարմար նյութն ապակին է: Սակայն դա չհաջողվեց ոչ եգիպտացի, ոչ էլ հռոմեացի վարպետներին, որովհետև ապակյա թիթեղներ պատրաստելու տեխնիկան նրանց հայտնի չէր: Առաջին անգամ թափանցիկ ապակի պատրաստեցին Վենետիկի վարպետները: Երբ միտք հղացավ մետաղյա հայելիները պատել ապակյա թափանցիկ շերտով, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէր: Սառը վիճակում ապակին թիթեղին ամրացնելը դժվար էր, իսկ երբ տաքացնում էին ու կպցնում, սառելուց հետո մետաղն արագ սեղմվում էր և կոտրում ապակին: Մետաղի շերտը հարկավոր էր անել շատ բարակ: Այդ նպատակով վարպետները մարմարի հարթ կտորի վրա տեղավորեցին անագի մի բարակ շերտ և վրան սնդիկ լցրեցին: Անագը, լուծվելով սնդիկի մեջ, առաջացրեց այն, ինչ կոչվում է ամալգամ: Այնուհետև այդ լուծույթի վրա ապակու հաստ շերտ դնելով` ստացան առաջին ապակե հայելին:
Վենետիկի վարպետները 200 տարի այդ գյուտը գաղտնի էին պահում: Եվրոպական երկրները տարիներ շարունակ հայելիները թանկ գնով ներմուծում էին Վենետիկից: Պալատական ընտանիքի ամուսնացնող աղջկան մատուցվող ամենաթանկագին նվերը համարվում էր հայելին: Սովորական գրքի մեծության հայելին գնահատվում էր մինչև 200 հազար ֆրանկ: 1600 թվականին Վենետիկի ներկայացուցիչը Ֆրանսիայի թագուհի Մարի Մեդիչիի հարսանիքին նվեր է բերում ծխախոտի տուփի մեծությամբ մի հայելի, որի արժեքը կազմում էր 150 հազար ֆրանկ՝ ոսկով: Ֆրանսիական մինիստր Կոլբերը, նկատելով, որ հայելիների համար հսկայական գումարներ է վճարում, որոշում է՝ ինչ գնով էլ լինի, պարզել այդ գաղտնիքը: Նա Վենետիկում ֆրանսիական դեսպանին հանձնարարում է ֆրանսիա ուղարկել մի վարպետի, որը պիտի կաշառքի միջոցով կորզեր գաղտնիքը: Մուրանո կղզուց, ուր աշխատում էին վարպետները, աշնան մի երեկո նավով ֆրանսիա է փախչում մի վարպետ: Այդ դեպքից մի քանի տարի հետո Նորմանդիայի անտառներում սկսվում է ֆրանսիական առաջին ապակու գործարանի կառուցումը: Բայց, գործարանը դեռ չգործարկված, Վենետիկի հետախույզները գտնում են դավաճան վարպետին և սպանում նրան…
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՐԴԻՎ…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել