Սույն թվականի ապրիլի 24-ին համայն հայությունը և ողջ քաղաքակիրթ աշխարհը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դրա շրջանակներում լույս տեսան մի շարք նոր հետազոտական աշխատություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանը, մի շարք երկրների խորհրդարաններում քննարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը, ընդունվեցին օրինագծեր ևն: 
Անցել է արդեն շուրջ 100 տարի ժամանակ, սակայն թուրքական կառավարության դեմքը կարծես չի փոխվել: Թուրքական կառավարությունը շարունակում է առաջնորդվել մերժողական քաղաքականությամբ` չընդունելով Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիային այս հարցում մեծապես աջակցում է «կրտսեր եղբայրը»` Ադրբեջանը, որը սակայն մոռանում է, որ 35 տարի առաջ փաստացի (համենայն դեպս գոնե գիտական մակարդակով) ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին է վկայում 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) IV հատորի 84-րդ էջում տպագրված տեքստը, որում մասնավորապես ասվում է. «…Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակաշրջանում Օսմանյան կառավարությունն իշխանության տեղական մարմիններին հանձնարարական տվեց հայերին զանգվածային ոչնչացման` գենոցիդի (ցեղասպանության) ենթարկելու մասին: 1915-16-ին ոչնչացվեց ավելի քան 1.5 մլն հայ։ Ավելի քան 600 հազ. հայ քշվեց Միջագետքի անապատները, նրանց մեծ մասը մահացավ բանտային ճամբարներում: 300 հազ. հայ ապաստան գտավ Ռուսաստանում: Իսկ փախստական հայերի մի մասն ապաստանեց Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում…»: Մեջբերման մեջ հստակորեն վկայվում է Հայոց ցեղասպանության իրողության, 1.5 մլն հայի ոչնչացման, հայերի հայրենազրկման մասին, իսկ տեղի ունեցածը որակվում է որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: 
Ստորև ներկայացնում ենք 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) IV հատորի 84-րդ էջում տպագրված տեքստի պատճենը և գրքի գլխավոր խմբագրակազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել