Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների ֆոնի վրա հավանաբար շատերի ուշադրությունից վրիպեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի հրապարակային ելույթը, որում ըստ էության Գրիգորյանը, անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդիրներին, մեղմ ասած, բացասական գնահատականներ է տվել այսօրվա չինովնիկների կողմից իրականացվող աշխատանքներին: Նա իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական հումքի և մթերքի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում, ինչի պատճառով արտերկրի գյուղատնտեսական շուկաների հասանելիությունը մեր գյուղացիների համար այսօր խիստ սահմանափակ է:

Գրիգորյանը, չմեկնաբանելով որոշ չինովնիկների որոշ մտքեր, այդուհանդերձ նշել է, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել մեղմ ասած անկանխատեսելի զարգացումների:

Հատկանշական է, սակայն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին՝ նշելով, որ, ցավոք, սակայն ոլորտի ներկայիս օրենսդրական դաշտը թույլ է տալիս ներմուծել գյուղատնտեսական հումք և մթերք նույնիսկ Թուրքիայից և Ադրբեջանից, որոնք չեն թաքցնում իրենց թշնամական կեցվածքն ու տրամադրվածությունը ՀՀ նկատմամբ, և եթե այդ հարցը չի արժանացել պատշաճ ուշադրության 2013-2014 թվականներին, ապա ճիշտ կլիներ գոնե Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այդ ռիսկերը բացառվեին համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով, և որ այսօր այդ փոփոխությունները պարտադրված են ինչպես բարոյական, այնպես էլ տնտեսական և ռազմավարական տեսակետից:
Ուշագրավ է, որ սննդամթերքի անվտանգության փորձագետ Գրիգորյանն անդրադառնում է այս թեմային, իսկ ահա չինովնիկները, ովքեր պատասխանատու են սննդամթերքի անվտանգության ապահովման համար, որևէ կապ չունենալով սննդամթերքի անվտանգության հետ, այդուհանդերձ որոշակի կապ ունեն պատմության հետ:

Ստացվում է, որ նշյալ ծառայության պետ, պատմաբան Արմեն Հայրապետյանին կամ նույն ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, թուրքագետ Արթուր Դումանյանին չի հետաքրքրում ոչ միայն սննդամթերքի անվտանգությունը, այլև հայ ժողովրդի պատմությունը, կամ էլ մեր պատմաբանն ու թուրքագետը վստահ են թուրքական մթերքների անվտանգության և որակի վրա:

Այսքանից հետո մնում է միայն խորհուրդ տալ հարգարժան պաշտոնյաներ պատմաբանին և թուրքագետին, որ եթե անգամ չգիտեն, թե ինչ է սննդամթերքի անվտանգությունը, գոնե թող վերհիշեն հայ ժողովրդի պատմությունը, միգուցե այդ ժամանակ հասկանան, որ Հայաստանը թուրքերի ու ադրբեջանցիների հետ, մեղմ ասած, բարեկամ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել