Tert.am-ը գրում է.

Բանկային համակարգն այս տարի գյուղատնտեսությանը լուրջ վնաս է հասցրել. Հրաչ Բերբերյան

Չնայած այս տարին գյուղատնտեսության համար բարենպաստ եղանակային պայմաններ է խոստանում, սակայն «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը պնդում է՝ այս տարի  էլ գյուղատնտեսությունը լուրջ հարված է հասցրել բանկային համակարգը:

«Այսպիսի վնաս, որ տվել է այս տարի բանկային համակարգը, երբևիցե չի եղել:  Բանկերի պատճառով գյուղացին վարկեր չի կարողանում ստանալ և միայն Շիրակի մարզի հինգ գյուղում, որտեղ եղել եմ օրերս, ասացին, թե միայն կարտոֆիլի ցանքատարածությունը գյուղերում եռակի պակասելու են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Հրաչ Բերբերյանի՝ բանկերը ձգձգում են գյուղատնտեսական վարկեր տրամադրելը:«Ավելորդ փաստաթղթեր են պահանջում, գյուղացուն ծախսի տակ են գցում. հիմա էլ ինչ-որ անհասկանալի ցուցակներ են պատրաստել՝ լավ ֆերմեր, վատ ֆերմեր ու ամեն առիթ օգտագործում են, որ գյուղացուն վարկ չտան»,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանը ենթադրում է, որ դա հնարավոր է կապ ունի դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի արժեզրկմամբ, սակայն նշում է, թե դրա անվան Հայաստանին միջազգային վարկեր է ստանում, սակայն թե ուր են գնում այդ վարկերը, հասկանալի չէ:

«Նախ ի վերջո մենք Հայաստանում ենք ապրում, մեզ չի հետաքրքրում դոլարի ու եվրոյի կուրսը, գյուղացին դրամով վարկ է ուզում ու չի ստանում»,-ասաց նա և հավելեց, թե Համաշխարհային բանկի կողմից գյուղատնտեսության ոլորտին հատկացված վարկը տրվել է 35 տարով և 7%–ով:

«Ընդհանրապես պետք է հանձնաժողով ստեղծել, տեսնել, թե գյուղատնտեսությանն ուղղված վարկերն ինչ են արվել և հիմա որտեղ են օգտագործվում: Այս բանկերի խայտառակ կամայականությանը պետք է վերջ տալ»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանը նկատեց, թե զավեշտալին այն է, որ ոչ մի գյուղացու անմիջապես չեն մերժում բանկերը: «Թղթեր են պահանջում, տարբեր տեսակի տեղեկանքներ ու հետո ասում են գիտես ինչ, դու եսիմ ինչ ցուցակի մեջ ես, երկու օր վարկ ես ուշացրել, երաշխավորված չէ, հազարավոր պատճառներ են գտնում ու մերժում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել