«Նոր ալիք» հեղինակավոր մրցույթում այս տարվա մեր պատվիրակը երգիչ, երգահան, «Հայաստանի ձայնը» նախագծից  հայտնի Գրիգոր Կյոկչյանն է, ով ուրախալի լուրով արդեն կիսվել է իր միկրոբլոգում: Այս օրերին երգիչը Մոսկվայում էր` «Մանկական Նոր ալիք 2015»–ի մեր ներկայացուցիչ Մերի Քոչարյանի հետ:  

«Արթուր Գրիգորյանի խորհրդով որոշեցի մասնակցել մրցույթին, նա վստահ էր, որ անցնելու էի, և փաստորեն չսխալվեց, հետևաբար նրա շնորհավորանքն ամենառաջինն էր և կարևորը: Այնտեղ ինձ չէին ճանաչում, և միայն իմ լավ ելույթը կարող էր որոշիչ լինել»,-Blognews.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորը:

Կիսաեզրափակիչ փուլում ուղեգրի համար Գրիգորի հետ պայքարում էին «Ռուսաստանի ձայնը» նախագծից հայտնի Սամվել Վարդանյանը և Արծվիկ Հարությունյանը. «Ես ենթադրում էի, որ Սամվելին կընտրեն, բայց երբ հնչեց իմ անունը, իսկապես չէի սպասում, և մեծ անակնկալ էր ինձ համար»:

Գրիգորը երեկ վերադարձել է հայրենիք, նա արդեն ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ թե՛ հարազատների, թե՛ ընկերների և թե՛ երկրպագուների կողմից: Հետաքրքվեցինք՝ արդյո՞ք նախորդ տարվա մասնակիցները ևս շնորհավորել են. «Սոնա Ռուբենյանն արդեն շնորհավորել է, իսկ  Էրիկն ինձ օգնում էր վերջին օրերին նախապատրաստվել, մենք միասին ենք որոշել, թե ինչ երգ ներկայացնեմ, չնայած վերջում այլ բան կատարեցի: Վստահ եմ` մյուս մասնակիցներն էլ ուրախ են ինձ համար, և կարծում եմ`կկիսեն իմ ուրախությունը»:

Խոսելով երգերի ընտրության մասին` Գրիգորը նշեց. «Ինքնուրույն որոշում չեմ կայացնի, հիմա ունեմ երաժշտական պրոդյուսերի կարիք և պետք է հասկանամ` ով ինձ կօգնի այս հարցում: Սա կյանքիս նոր փուլն է, որը, կարծում եմ, բարեհաջող ընթացք կստանա: Միանշանակ ունեմ հարազատներիս, հայրենակիցներիս և ընկերներիս աջակցության կարիքը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել