Հայոց պատմության մեջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ավանդը ոչ այնքան Ցեղասպանության գուժկան զանգն ամբողջ աշխարհի ականջից կախելն էր, այլ՝ ավետիսը, հենց ավետիսը, որ հայ մշակույթն արդեն պաշտոնապես մուտք է գործում համաշխարհային մշակույթի գանձարան. հայ ժողովուրդը հռչակվում է աշխարհի հոգևոր հարստության եզակի ու ազդեցիկ ժառանգորդներից մեկը։ 
Բայց Սուրբ Պետրոսի տաճարում աշխարհի տիեզերական վարդապետ կարգված Նարեկացին անգամ շիրիմ չունի. թուրքն անցել է նաև Նարեկավանքով և պղծել Սուրբ Սանդուխտ եկեղեցու մատուռում հանգչող Սուրբ Գրիգորի ոսկորները։Վանդալիզմի այս դրսևորումը և մանավանդ՝ աշխարհի հոգևոր ժառանգության այս նոր աստիճանակարգում սրբապղծության աննախադեպ փաստ է, և զարմանալի էր, որ այն դուրս մնաց Ցեղասպանության 100–ամյա տարելիցի համատեքստից։ Այսօր աշխարհը չի կարող մեկ ծաղիկ անգամ դնել իր ուսուցչի շիրմաքարին, իսկ ամենաքոք լեզու ունեցող թուրք դիվանագետն անգամ ի զորու չէ աշխարհին տալ սրա բացատրությունը ։ 
Սակայն թուրքական վանդալիզմին հղվելը մեզ բնավ էլ չի ազատում հոգևոր ժառանգի մեր պատասխանատվությունից, և շատ շուտով աշխարհը մեզ նույնպես հարցեր կտա ...
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Նարեկացին հայ գրի անկախությունը հռչակեց՝ ոտքի տակ առնելով բոլոր կուռքերին , նաև կախյալությունը եկեղեցուց, և հենց այդ անսահման ազատությամբ սկզբնավորեց հայ վերածնունդը։Այնպես որ միայն հոգևոր դասի ամենանվիրական ջանքերի գնով էլ հնարավոր չէ այս առաքելությունը կատարել։ Հանրահռչակ աստղագետ Գրիգոր Գուրզադյանն օրինակ պնդում էր, որ Նարեկացուն մոտ գալու համար տիեզերաբանական շատ խորը գիտելիքներ է պահանջվում։ Մեծ գիտնականը մի զրույցում ասաց. «Անխոս, Նարեկացին իր կյանքն անցկացրել է վանական միջավայրում, բայց մեծապես քննադատել է նաև եկեղեցուն, սպասավորաց դասին և մեղք է Նարեկացու ժառանգության քննությունը թողնել միայն եկեղեցու խնամակալությանը»։ Գուրզադյանը պնդում էր, որ Նարեկացու հարցում եկեղեցին և պետությունը չպիտի անջատ գործեն, հակառակ դեպքում նյութի անկախությունն ու համակողմանիությունը մեծապես կտուժի։ Գուրզադյանի պես բարձր ու անկախ գիտնականի ամեն մտքի հետ կարծես նետվում էր Ջեյմս Ջոյսի «Չեմ ծառայի ոչ եկեղեցուն, ոչ՝ պետությանը» հանրահայտ խոսքը ։ 
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Մենք այսօր ոչ միայն պետք է ամբողջացնենք հայերեն Նարեկացին, այլ մեր հսկող աչքի տակ պահենք և պետության անունից հեղինակային իրավունք հաստատենք Նարեկացու ժառանգության բոլոր թարգմանությունների վրա։ Բնական է, որ Հռոմի պապի այս նոր թագադրումից հետո Նարեկացու թարգմանությունների մի նոր ալիք կսկսվի։ Առավել պատշաճ կլինի, որ այդ թարգմանիչները գործը սկսելուց առաջ պարտավորվեն գոնե մեկ անգամ տեսնել Հայաստանը, տեսնել թրթռուն հայոց լեզուն իր բնօրրանում, ինչպես Ֆրանսիացի մեծ հայագետ Ժան Պիեր Մահեն վարվեց։ Նա գործը սկսելուց առաջ ամիսներով շրջեց Հայաստանում ու նաև այդ պատճառով է, որ մասնագետները Ժան Պիեր Մահեի թարգմանությունն ամենահաջողվածն են համարում։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––– 
Գրականագետ Հրանտ Թամրազյանը, որի դասախոսությունները լսելու համար մենք փախչում էինք մեր համալսարանական պարտուսից, մի օր լսարանին հարցրեց. « Նկատե՞լ եք, որ Նարեկացին ոչ մի տեղ չի խոսում հայի, հայրենիքի մասին։ Մատյանում մեկ անգամ է ընդամենը հիշում Արարատը, այն էլ սեփական մեղքերի ծանրությունն ընդգծելու համար։ Մի անգամ էլ Հարության տաղում Մասիսը երևում է և վերջ. այ սա համամարդկային ստեղծագործությունը»։ Լսարանը նրա լեռան պես ծանր խոսքի ծանրությունից քարացավ, իսկ ես որպես այլ կուրսից մի կերպ ներս սողոսկած օտար մարմին առանց ամաչելու վրա տվեցի՝ ուրեմն Չարենցը համամարդկային չէ՞, չէ՞ որ նա այնքան շատ է անդրադարձել Արարատին։ Այստեղ լեռը շարժվեց, եկավ ուղիղ ինձ վրա և կռանալով ականջիս շշնջաց՝ բայց ես իմ ամբողջ կյանքում հենց այդ հարցին եմ պատասխանել։ Ուսանողներն այդպես էլ չիմացան, թե լեռն ինչ ասաց իմ ականջին.չասացի։ Բայց հարգարժան պրոֆեսորի արտասանած տեքստն այնքան տպավորիչ էր, որ ես ինձ չէի ների, եթե ամբողջ գզրոսներս չքրքրեի ու մեջտեղ չբերեի արձակ բանաստեղծություն հիշեցնող այս սղագրությունը. 
«1915թ. հայկական կամավորական առաջին ջոկատներ. Քանաքեռ. երկրորդ վաշտ. Չարենցը ցուցակում է. սեպտեմբերի 6. զինվորները առաջին գիծ են շարվում. երաժիշտները նվագում են կոչը. աղոթք. օգոստոսի 17.զինվորներին բաժանվում է փամփուշտ, կացին, կերակրաման, ուսադիրներ, որոնց վրա գրված է АД տառերը (армянские добровольцы). Չարենց. 6-րդ կամավորական գումարտակի 373-րդ զինվոր. մարտական ուղին. Վան. Անգեղ գյուղ.կատաղի մարտեր թուրքերի հետ.ազատագրում են Նարեկն ու Աղթամարը. ծանր մարտեր Ոստանում.դեկտեմբերի 25. Սուլդուզի դաշտ. անհավասար ճակատամարտ. վաշտը քնում է Շեյթանաբադ գյուղում, քրդերը կոտորում են ամբողջ վաշտին. Չարենցը հրաշքով է փրկվում. այս ամբողջը գնացել է «Դանթեական առասպել» պոեմ.դե այնտեղ գտեք թուրք բառը.չկա.չէր կարող լինել.թուրքի անուն տալով և նրան հայհոյելով գործ չի լինի... Մաթևոսյանն ասում էր՝ քարը չի ճաքի, դուք կճաքեք»։
Ահա ամբողջը.հայ գրավոր մշակույթում երբեք այսքան շատ չի գործածվել թուրք բառը։ Մեր լեզուն երբեք այսքան հախուռն չի անցել թշնամանքի, հոխորտանքի դռներից։ Նարեկացու գիրն է մեր սեղմնապատկերը, մենք նստած ենք մի Գրի միջուկում, որը բարիք է աղերսում իր թշնամու համար, այլ կերպ, ուղղակի, իր բանաստեղծության ներսում ապրող մի երկիր ամեն անգամ մի հրաշքով հարություն չէր առնի...
Ամբողջական տեքստը՝ tert.am-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել