Մեկ բառ էլ գրեմ ցեղասպանության ճանաչման թեմայով և վերջ. Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել կամ չօգտագործելը ԱՄՆ-ի ազգությամբ հայ քաղաքացիների, ԱՄՆ-ի հայկական համայնքի խնդիրն է, ոչ թե մերը։ Դա տեղական համայքնի պահանջն է ունենալ նախագահ, որն օգտագործում է այդ եզրույթը և հետամուտ է լինում իր նախընտրական խոստումներին։ Մեր մոտ ով տեղից վեր է կենում իր սրբազան պարտքն է համարում Օբամայի սուտ խոստումների մասին մի գնահատական տալ. առաջարկում եմ նույն ոգևորությամբ սեփական նախագահի նախընտրական խոստումների իրականացում պահանջել, այլ ոչ թե ընկնել ուրիշների նախագահների հետևից։ Էլ չասեմ, որ եթե ԱՄՆ նախագահի ճանաչել չճանաչելը որևէ լուրջ իրավական հետևանքներ չեն կարող ունենալ, ապա մեր Նախագահի արդեն որերորդ անգամ կրկնած «մենք պահանջներ չունենք»-ն ունի կոնկրետ իրավական հետևանքներ և զրկում է մեզ և ապագա սերունդներին բոլոր հավանական տարածքային հավակնություններից (և այստեղ «մենք ով ենք որ մի հատ էլ պահանջ ներկայացնենք» ոճի գրառումներ խնդրում եմ չանել)։ Անգամ եթե տարիներ անց Հայաստանի Հանրապետությունն ունենա այն քաղաքական և տնտեսական ներուժը որպեսզի բարձրացնի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի անվավերության հարցը, մեր դիմաց են դնելու ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի բազմաթիվ անգամ կրկնած «մենք պահանջ չունենք»-ը։ Նման պատմական նշանակություն ունեցող և հետագա սերունդների համար հետևանքներ ունեցող հայտարարությունները նման կենցաղային հեշտությամբ ասելը միայն լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա։ Գնահատական և որակում թող ամեն մեկն իր համարի տա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել