Վ. Պուտինի՝ Երևան վերջին այցից հետո Թուրքիայի արտգործնախարարության տարածած հերթական ջղաձիգ հայտարարության մեջ խոսվում է մասնավորապես Ռուսաստանի կողմից իրականացված «Կովկասում զանգվածային սպանությունների և աքսորի» մասին:

Ակնհայտ է, որ անթաքույց այս ակնարկը վերաբերում է, այսպես կոչված, չերքեզներին, ընդհանրական մի անվանում, որի տակ Թուրքիայում նույնացնում են 19-րդ դարում Կովկասի ռուսական նվաճման արդյունքում Օսմանյան կայսրության տարածքում հայտնված անխտիր բոլոր կովկասյան և հատկապես արևմտակովկասյան ժողովուրդներին, որոնք, ինչպես հայկական ասացվածքն է պատկերավոր ներկայացնում, «մրից ելել, մրջուրն են ընկել»՝ Թուրքիայում դառնալով դաժան ձուլման և թուրքացման քաղաքականության զոհ: Այս առումով խիստ խոսուն է այն փաստը, որ Կովկասից ամբողջությամբ Օսմանյան կայսրության տարածք տեղափոխված ուբիխների լեզվով վերջին խոսողը Թուրքիայում մահացել է 1992թ., իսկ ուբիխերենը ներկայում արդեն իսկ մեռած լեզու է:

Թուրքական արտգործնախարարության հայտարարության տեքստում առաջին հայացքից տարօրինակ է թվում «չերքեզների» ուղղակի հիշատակման բացակայությունը և դրա փոխարինումը Կովկասում տեղի ունեցածի մասին ինչ-որ լղոզված ձևակերպմամբ: Մինչդեռ ակնհայտ է, որ, ինչպես ռուսական ասացվածքն է պնդում, «սատանան խնկից է վախենում», իսկ Թուրքիայի իշխանությունն այդ երկրի ներսում օրըստօրե ուժգնացող չերքեզական հիմնախնդրից, որի շրջանակներում, տարբեր գնահատականներով, մի քանի հարյուր հազարից մինչև երկու միլիոն կազմող «չերքեզ» բնակչությունը նաև պարբերաբար կազմակերպվող ցույցերի միջոցով պահանջում է սեփական էթնիկ-լեզվական իրավունքների ճանաչում և հարգում Անկարայի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել