Tert.am-ը գրում է.

«1915» ֆիլմն այսօր ցուցադրվել է ԱՄՆ-ի տասը քաղաներում և Մոսկվայում, իսկ առաջիկա ժամերին՝ նաև  Հայաստանում՝ Մոսկվա կինոթատրոնում: Սակայն մինչ այդ մամուլի ասուլիսով հանդես եկան ֆիլմի գլխավոր ռեժիսոր և սցենարիստ Կարին Հովհաննիսյանը, գլխավոր դերակատարուհի Անժելա Սարաֆյանը, ինչպես նաև՝ ֆիլմի երաժշտության հեղինակ, «Գրեմմի»-ի մրցանակակիր, երաժիշտ և մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ Սերժ Թանկյանը (System Of a Down): Նշենք, որ Կարին Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է։

Ինչպես մամուլի ասուլիսում նշեց ֆիլմի ռեժիսոր  Կարին Հովհաննիսյանը՝ ինքը ֆիլմն ստեղծել է ռեժիսոր  Ալեք Մուհիբյանի հետ, որի նկարահանումը կատարվել է Լոս Անջելեսում՝ 20 օրում։

«Մի քանի տարի առաջ ես ու ֆիլմի համահեղինակն սկսեցինք այս ֆիլմի գործընթացը։ Մենք զգում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ստվերը մեզ վրա ու պատասխանատվություն վերցրինք՝ մինչև այդ ֆիլմ ունենալու։ Նախապես գիտեինք, որ սա սովորական ֆիլմ չէր լինելու։ Մենք միաժամանակ ուզում էինք հարգել անցյալը, նահատակներին, բայց նոր լեզու գտնել՝ խոսելու հարյուրամյա տարելիցի մասին, ուզում էինք ժամանակակից լեզվով ժամանակակից հանդիսատեսի հետ խոսել ու հասկացնել տարելիցի  նպատակն ու իմաստը»,-ասաց նա։

Հարցին, թե որն է ֆիլմի գաղտնիքը, Կարին Հովհաննիսյանը պատասխանեց՝ «Անժելա Սարաֆյանն է»:

Կարին Հովհաննիսյանը նաև նշեց, որ ֆիլմը ժխտման մասին է, այն մասին, թե ինչպես ենք մենք փորձում անցյալից փախչել։
«Բայց այդ փաստն ու թեման թուրքին մատուցելու համար պետք է լինել զգույշ, ճկուն, գեղեցիկ: Ֆիլմը չունի հստակ քաղաքական կամ պատմական ուղերձ, մենք դաս չենք տալիս, բայց ուզում ենք, որ մարդը նայի ու դահլիճից հեռանա մի զգացմունքով, որ աշխարհը չի մեռել, 1915-ի չճանաչված միլիոնավոր ուրվականները մեր շուրջն են, այդ ստվերը դեռ կա, մենք դեռ դրանից չենք ազատվել»,-ասաց նա:

Ֆիմի երաժշտության հեղինակ Սերժ Թանկյանը հավելեց, որ իր աշխատանքը դժվարին էր, բայց շնորհակալ է տրված հնարավորության համար։

«Ֆիլմի գաղափարն ու իմ երաժշտությունը փոխկապակցված են՝ փորձել հետաքրքիր էլեմենտներ մտցնել, որպեսզի միաձուլվեն հայկական ավանդականն ու ռոք երաժաշտությունը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել