4. Ջոն Դոլմայան (հարվածային գործիքներ)

Ջոն Դոլմայանը ծնվել է Բեյրութում՝ հայկական ընտանիքում։ Նա ընդամենը 2 տարեկան էր, երբ սկսեց հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության ու հատկապես հարվածային գործիքների նկատմամբ։ Երբ տղան հինգ տարեկան դարձավ, Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվեց Տորոնտո, այնուհետև Լոս Անջելես։ Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից։ Ջոնն ինքնուս է և սեփական աշխատասիրության ու բնատուր ձիրքի շնորհիվ է հմտացել իբրև թմբկահար։ Նա օրը 4-6 ժամ պարապում էր հարվածային գործիքներ։ Արդյունքում 15 տարեկանում նա արդեն վարժ տիրապետում էր դրանց։ Ջոն Դոլմայանն ընդգրկվեց «System of a Down» խմբում 1997 թ.-ին, երբ խմբի առաջին թմբկահար ձեռքի վնասվածքի պատճառով հեռացավ խմբից։ 2006 թ.-ին նա ճանաչվեց տարվա լավագույն թմբկահար։ Նույն թվականին խումբը կազմալուծվեց, սակայն միայն ժամանակավորապես։

3. Տարոն Մալաքյան (կիթառ, վոկալ)

Տարոն Մալաքյանը ծնվել է Կալիֆորնիայում՝ նկարիչների ընտանիքում։ Նա դեռևս մանկուց երազում էր հարվածային գործիքներ նվագել, սակայն նրան վիճակված էր անվանի կիթառահար ու երգիչ դառնալ։ Երբ Տարոնը 12 տարեկան էր, ծնողները նրան էլեկտրական կիթառ նվիրեցին։ Այդ ժամանակից ի վեր նա անբաժան է կիթառից։ Սկզբում Տարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայ երաժիշտներ Շավո Օդաջյանը և Սերժ Թանկյանը, սակայն հետագայում նա տեղափոխվեց Ռուզվելտի անվան դպրոց։ Պատանի Տարոնը դարձավ «Hard Rock Band» երաժշտական խմբի կիթառահարը։ Սերժ Թանկյանի պես նա ևս բանաստեղծություններ էր գրում, և «System of a Down» խմբի անունը ծագել է հենց նրա բանաստեղծություններից մեկի՝ «Victims Of A Down»-ի անվանումից։ 2006թ-ին «System of a Down»-ի թմբկահար Ջոն Դոլմանյանի և ևս 3 երաժիշտների հետ միասին Տարոնը հիմնադրեց «Scars on Broadway» խումբը, որը գործեց մինչև «System of a Down»-ի վերամիավորումը 2011 թվականին։ «Wake up the Souls» համերգաշարի հայաստանյան համերգի ընթացքում նա երկրպագուներին ապշեցրեց «Հեյ, ջան, Ղափամա» երգի «от души» կատարմամբ։ 

3. Շավո Օդաջյան (բաս կիթառ)

Շավո Օդաջյանը ծնվել է Երևանում և դեռ մանկուց սիրել է զբաղվել սկեյտսբորդինգով, լսել փանք ռոք ու հեվի մետալ։ Պատանեկան հասակում Շավոն ծնողների հետ տեղափոխվեց Իտալիա, այնուհետև՝ Լոս Անջելես։ Թեպետ նա սովորում էր Սերժի ու Տարոնի հետ նույն դպրոցում, տարիքային տարբերության պատճառով նրանք ծանոթ չէին իրար։ Նա Սերժի ու Տարոնի հետ ծանոթացավ տարիներ անց ձայնագրման ստուդիաներից մեկում։ Սկզբնական շրջանում Շավոյին նշանակեցին «System of a Down»-ի նախատիպը հանդիսացող «Soil» խմբի մենեջեր, իսկ 1995 թ.-ից «System of a Down»-ի բաս-կիթառահար։ Շավոն հանդես է եկել նաև խմբի որոշ տեսահոլովակների ռեժիսորի դերում։ «Serart» երաժշտական նախագծի շրջանակներում նա համագործակցել է Արտո Թունջբոյաջյանի ու Սերժ Թանկյանի հետ։ 2006 թ.-ին Շավոն Սերժ Թանկյանին մեղադրում էր խմբի գործունեությունը խոչընդոտելու և անհատական կարիերայով տարվելու մեջ, սակայն որոշ ժամանակ անց նրանց հակասությունները հարթվեցին, ու 2011 թ.-ին «System of a Down»-ը վերսկսեց երաժշտական ակտիվ գործունեությունը։ 

1. Սերժ Թանկյան (վոկալ, ստեղնաշարային գործիքներ)

Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանում՝ Եղեռնը վերապրածների ընտանիքում։ Սերժը հինգ տարեկան էր, երբ ծնողների հետ միասին տեղափոխվեց Կալիֆորնիա։ Նա սովորել է Ռոզ և Ալեքս Ֆիլիպոսի անվան հայկական դպրոցում, ապա ընդունվել Կալիֆորնիայի պետական համալսարան։ Համալսարանում ուսանելու տարիներին Սերժն սկսեց երաժշտական գործիքներ նվագել ու երգեր գրել։ Սերժի ընտանիքը ծանր ֆինանսական կացության մեջ էր, ու ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար Սերժը բիզնեսով էր զբաղվում, սակայն գիտակցելով, որ երաժշտությունն է իր իսկական կոչումը, նա սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ: 90-ականների սկզբում Սերժ Թանկյանը հանդիպեց Տարոն Մալաքյանին։ 1994 թ.-ին Տարոնի, Շավո Օդաջյանի ու Ջոն Դոլմանյանի համատեղ ջանքերով հիմնվեց «System of a Down» ռոք խումբը։ 2002 թ.-ին կիթառահար Թոմ Մորելլոյի հետ միասին Սերժ Թանկյանը հիմնադրեց «Axis Of Justice» հասարակական կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է սոցիալական արդարության վերահաստատմանը ու մարդկության դեմ հանցագործությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Քչերին է հայտնի, որ երաժշտությունից բացի՝ Թանկյանը զբաղվում է նաև գրական գործունեությամբ։ 2002 թ.-ին լույս տեսավ Թանկյանի «Cool Gardens» բանաստեղծությունների ժողովածուն։ 2011 թ.-ին Սերժ Թանկյանը Սթիվեն Սաթերի հետ հին հունական «Պրոմեթևսը շղթայված» ողբերգության մոտիվներով պիես գրեց, որը ցուցադրվեց Ամերիկյան խաղացանկային թատրոնում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել