Ավելի քան մեկ տարի է Ռուբենը նշանակվել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն: Այս չարաբաստիկ նշանակումը աչքի ընկավ մի շարք «բարեփոխումներով», որի արդյունքում ոչ մասնագիտական, ընդհուպ մինչև հրազենային միջամտությամբ ավելի քան 50 կենդանիներ սպանվեցին: Կենդանիների սպանդը ուղեկցվում էր նաև այգու աշխատակիցների զանգվածային հեռացմամբ: Այսպես, այս կարճ ժամանակահատվածում այգու ավելի քան 75 նվիրյալ աշխատակիցներ հարկադրաբար ազատվել են աշխատանքից:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԵԱՆԴ/1261/02/12 քաղաքացիական գործով ըստ Անահիտ Գալստյանի հայցի ընդդեմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի (որի տնօրենն է Ռուբեն Խաչատրյանը)` աշխատանքում վերականգնելու պահանջի մասի, տեղի ունեցավ առաջին դատական նիստը:

Դատական նիստին պատասխանող կողմը այսօր չէր ներկայացել: Հարկ է նշել, որ դեռևս ս.թ. սեպտեմբերի 26-ին պատասխանող կողմը միջնորդել էր հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել: Դատարանը բավարարել էր հայցը և հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչև 12.10.2012թ.: Սակայն առ այսօր հայցադիմումի վերաբերյալ պատասխան կամ որևէ այլ դիրքորոշում պատասխանող կողմը դատարանին չի ներկայացրել:

Դատարանի հանդեպ նման անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելով հանդերձ, այնուամենայնիվ դատարանը մեծահոգաբար որոշեց այս անգամ նույնպես բավարարել պատասխանող կողմի միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց:

Այսպիսով. հասկանալի է, որ Ռուբենը արհեստական ձգձգում է դատական նիստը, սակայն անհասկանալի է, թե ինչքա՜ն պիտի սենց «թռած մնա»: Իհարկե հասկանալի է նաև, որ վաղը պիտի պատասխան տա նաև այն 75 և ավելի մարդկանց, ում հարկադրաբար ազատել է աշխատանքից` զրկելով նրանց եկամտի միակ աղբյուրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել