Թե որն էր Չանաքալեի խորհուրդը, ոչ ոք չհասկացավ, որովհետև այն արհեստական շոու էր` վատ հորինված սցենարով, ռեժիսուրայով և, իհարկե, շատ վատ դերասաններով... Ոմանք ասում են, թե Թուրքիայի իշխանությունները հասան իրենց նպատակին, այսինքն` նրանց հաջողվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդից շեղել աշխարհի ուշադրությունը: Իրականում այս կարծիքն այնքան էլ չի արտահայտում գոյություն ունեցող իրերի կարգը, եթե չասենք, որ դրանից շատ հեռու է: Հարցն այն է, որ Չանաքալեն իրականում դուրս չեկավ Թուրքիայի սահմաններից` մնալով սոսկ որպես լոկալ միջոցառում, որի նպատակը, ինչպես ռուսները կասեին` «и ежу понятна»: Ընդհակառակը` Թուրքիայի իշխանությունների այս մանիպուլյատիվ հնարքի էությունը շատերը հասկանալով՝ ամեն ինչ արեցին, որ իրենց անունը որևէ կերպ չկապվի այս աֆյորայի հետ: Անգամ Թուրքիայի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ն այդ միջոցառմանը մասնակցեց դեսպանի մակարդակով:
Իսկ այն, ինչին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի իրադարձությունների (այո, հենց իրադարձություն, քանզի ցանկացած ձեռնարկ ինքնին խոշոր իրադարձություն էր) շրջանակներում ականատես եղավ և ներկայում լինում է աշխարհը, աննախադեպ էր բոլոր առումներով... Աշխարհն, իրոք, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ճանաչելով նաև` դատապարտեց.... Իսկ այս կարևորագույն գործում մեզ նախևառաջ օգնեցին և մեր ջանքերին նեցուկ եղան Հռոմի Ֆրանցիսկոս Պապը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագով, այսօր Հայաստանում գտնվող չորս երկրների նախագահներն ու բազմաթիվ երկրների ներկայացուցչական պատվիրակությունները` նահատակներին հարգանքի տուրք մատուցելով և խստագույնս դատապարտելով, և ուշադիր` ԱՄՆ նախագահը, որը հերթական անգամ չարտասանելով Ցեղասպանություն բառը` իրականում հենց այդ «մեսիջն» էլ ուղղեց աշխարհին և իհարկե Ռեջեբ-Թայիփը` յուր թիմով, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին Ցեղասպանությունը ժխտելով, բայց դրանով աշխարհին տրամագծորեն հակառակն ապացուցելով: 
Սա, ինչպես ասում են, թարմ հետքերով, իսկ ավելի խորը վերլուծությունն այս առիթով` առաջիկայում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել