Tert.am-ը գրում է․

Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները և հայկական սփյուռքը պնդում են, որ 1915 թվականին կատարվածը ցեղասպանություն է եղել, մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսրայելը և ԱՄՆ-ն, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Դրա պատճառն ազգայնական քաղաքականությունն է, գրում է The Washington Post-ը:

Իրար հաջորդող թուրքական կառավարությունները մերժել են ցեղասպանության գաղափարը և պնդում են՝ որոշ առմամբ պատմական համերաշխության դեմ, որ հայերի կրած տառապանքը պետք է դիտարկել կայսրության անկման ավելի լայն կոնտեքստում, գրում է թերթը:

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի համառ դիրքորոշումը ստիպել է Միացյալ Նահանգներին խուսափել դեպքերը «ցեղասպանություն» բնորոշելուց: Նույնը՝ Իսրայելի դեպքում, որը մինչև Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալը, սերտ քաղաքական և ռազմական կապեր է ունեցել Թուրքիայի հետ:

Վերջերս մի շարք արևմտյան կառավարություններ բանաձևեր են ընդունել, որով ճանաչում են Ցեղասպանությունը: Իսրայելի ներսում երկրի դիրքորոշման փոփոխություն պահանջող ձայները նույնպես ավելի բարձր լսելի են դառնում՝ նաև հաշվի առնելով Իսրայելի յուրօրինակ պատմությունը, գրում է The Washington Post-ը:

«Արտաքին քաղաքականությունում կան շահեր և կան արժեքներ»,- Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելից Հայաստան մեկնած պատվիրակության անդամ, օրենսդիր Նաշման Շաին։ «Այս դեպքում ես կարծում եմ, որ արժեք ները պետք է գերազանցեն շահերը: Որպես հրեաներ՝ մենք պետք է ճանաչենք այն»,- ասել է նա:

Թերթը մեջբերում է նաև AP-ին հարցազրույց տված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանի խոսքերը. «Մենք՝ հայերը և հրեա ժողովուրդը, նույն ճակատագրին ենք արժանացել, և Հայոց ցեղասպանությունը նախորդել է հրեաների հոլոքոստին: Իսրայելը պետք է իրականում լիներ աջակցող և Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկրներից մեկը»:

Դա տեղի չի ունենա, քանի որ, թվում է, Իսրայելը հետևում է այս հարցի շուրջ ԱՄՆ դիրքորոշմանը, գրում է թերթը:

Ինչպես գրում է Al-Monitor-ը, ևս մի հետաքրքիր աշխարհաքաղաքական խնդիր կա: Իսրայելը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Իսրայելն իր նավթի 40 տոկոսը ներկրում է Ադրբեջանից և մեծ քանակությամբ զենք և պաշտպանական համակարգ է արտահանում Բաքու:

Պատմության բազմաթիվ բարդ շերտեր են առկա, բայց Իսրայելը գիտի, թե ինչն է իր շահերից բխում: Նավթով հարուստ և Իրանին սահմանակից Ադրբեջանը շատ ավելի օգտակար ընկեր է, քան փոքր Հայաստանը, եզրափակում է հոդվածագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել