Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Սպիտակ տունը հրաժարվել է «ցեղասպանություն» անվանել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը: Այդ մասին հետևում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցի մամուլի ասուլիսի տեքստից:

Լրագրողները Սպիտակ տան մամուլի քարտուղարին հարցեր են ուղղել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի դիրքորոշման մասին: Նրանցից մեկը, մասնավորապես, հարցրել է, թե ինչու է Բարաք Օբաման օգտագործել «ցեղասպանություն» բառը 2008 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ, իսկ այժմ խուսափում է այդ եզրույթից:

«Նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս պատմական փաստ են ճանաչել Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը»,- ասել է Շուլցը:

Լրագրողի հարցին, թե դա ցեղասպանությո՞ւն էր, նա պատասխանել է. «Ինչպես մենք ասել ենք նախորդ տարիներին՝ փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչումը բխում է բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից: Այժմ մենք ճանաչում ենք պատմական հիշողության կարևորությունը, և այդ պատճառով երեկ հայտարարել ենք, որ նախագահական պատվիրակությունը՝ ֆինանսների նախարարի գլխավորությամբ, կմեկնի Հայաստան՝ 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի դեպքերի հիշատակի միջոցառմանը մասնակցելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,- հայտարարել է Շուլցը:

Լրագրողի հարցին, թե ինչպիսին է Թուրքիայի դերը «ցեղասպանություն» բառը չօգտագործելու որոշման հարցում՝ Շուլցը պատասխանել է. «Կարծում եմ՝ Թուրքիան կարևոր դեր է խաղում 1915 թվականի փաստերի անկեղծ ճանաչման և ժամանակակից Հայաստանի հետ կառուցողական հարաբերություններ կառուցելու գործում: Թուրքիան նաև վճռորոշ դեր է խաղում Իրաքում և Սիրիայում այսօր տեղի ունեցող սարսափելի վայրագություններին մեր դիմակայության հարցում: Այնպես որ մենք պատրաստվում ենք բանակցություններ ունենալ, թե ինչպես կարող ենք ամրապնդել այդ համագործակցությունը»:

Մեկ այլ լրագրող Շուլցին հարցրել է, թե արդյո՞ք այդքան փխրուն են Թուրքիայի հետ հարաբերությունները, որ «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարող է նման խնդիրներ առաջացնել: «Ես գիտեմ, որ մարդիկ կան, ովքեր հույս ունեն այս տարի այլ լեզու լսել, և մենք հասկանում ենք նրանց տեսակետը, անգամ եթե մենք հավատում ենք, որ նախորդ տարիներին մեր ընդունած մոտեցումը շարունակում է ճիշտ մոտեցում մնալ՝ և՛ անցյալն ընդունելու, և՛ ներկայում այս տարածաշրջանային գործընկերների հետ աշխատել կարողանալու համար»: 

Շուլցը նաև հավելել է, որ պետք է սպասել, որ նախագահը հայտարարությամբ հանդես գա, որով կնշի հարյուրամյա տարելիցի պատմական կարևորությունը: ԱՄՆ-ն կօգտագործի այդ առիթը 1915 թվականի սարսափելի դեպքերի վրա ուշադրություն հրավիրելու համար, որպեսզի փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման կոչ անի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել