Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում աշխարհահռչակ երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպեց համալսարանի անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների հետ: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չէին տալիս ներկա գտնվել այս փակ հանդիպմանը, սակայն կես կատակ-կես լուրջ նշենք, որ «Blognews»-ի առջև փակ դռներ չկան, ուստի մեզ հաջողվեց այս բացառիկ հանդիպման մասնակիցը դառնալ:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ Թանկյանը նշեց, որ ցեղասպանության ընդունումը ենթադրում է արդարության հաստատում ու կրած վնասի փոխհատուցում: Առանց դրա Ցեղասպանության ընդունումը ոչինչ է: Ոչ մի ժողովուրդ չի ցանկանում հավերժ մնալ զոհի կարգավիճակում, սակայն Ցեղասպանության խնդիրը մի կողմ դնել ու առաջ շարժվել հնարավոր կլինի միայն տրավման հաղթահարելուց հետո: 

Սերժ Թանկյանը և հանդիպման կազմակերպիչ Հիլդա Գրիգորյանը

Ես միշտ այս օրինակն եմ բերում, պատկերացրեք՝ ինչ-որ մեկը գալիս-այրում է Ձեր տունը, սպանում ընտանիքի անդամներին, հարյուր տարի Դուք վազում եք նրա հետևից, իսկ նա ընդամենը ասում է. «վայ, կներես, լավ, ես եմ դա արել»: Առանց արդարության՝ ընդունումը ոչինչ է: 

Թանկյանն իր երգերում մշտապես արծարծում է Հայոց ցեղասպանության թեման: Նա համարում է, որ Ցեղասպանությունը համամարդկային խնդիր է, ու Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում: Թանկյանը խուսափում է քաղաքականություն մտնելուց, որովհետև, ինչպես ինքը նշեց, այդ դեպքում ստիպված կլիներ ստել, կաշառակեր դառնալ ու բանակցություններ վարել: Մեծանուն երաժիշտը նախընտրում է աշխարհի հետ բանակցել իր ստեղծագործությունների միջոցով: 2006 թ.-ին թողարկվեց Թանկյանի մասնակցությամբ «Ճչացողները» կինոնկարը, որը AFI-ի (ամերիկյան կինոընկերություն) կողմից տարվա լավագույն վավերագրական կինոնկար ճանաչվեց և նպաստեց մարդկանց՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք երկրի ներսում տեղի ունեցող սպիտակ ցեղասպանության պայմաններում հնարավոր կլինի մեր ձայնը լսելի դարձնել արտաքին աշխարհին, որը հիմնականում խոր նիրհի մեջ է, երբ գործը հասնում է Հայոց ցեղասպանության ընդունմանը, Թանկյանը պատասխանեց, որ ներքին խնդիրների, օրինակ՝ արտագաղթի դեմ պայքարելիս ներսում «ճչալն» ավելի կարևոր է, քան դրսում «ճչալը»

Աշխարհահռչակ երաժիշտը նշեց, որ անարդարության դեմ պայքարելը ոչ մի տեղ էլ դյուրին չէ՝ լինի դա Ամերիկայում, Թուրքիայում, թե որևէ այլ տեղ, սակայն դա դեռ հանձնվելու ու ձեռքերը ծալած նստելու առիթ չէ: Երգչի խոսքերով՝ Ամերիկան ոչ պակաս կոռումպացված է, քան Հայաստանը: Թանկյանը գտնում է, որ պետք է ավելի ակտիվորեն համագործակցել սփյուռքի կազմակերպությունների հետ: Սփյուռքը շատ քիչ է տեղեկացված, թե ինչ է կատարվում այստեղ, իսկ դա անջրպետ է ստեղծում տեղացիների ու սփյուռքահայերի միջև:

Թանկյանը նշեց, որ իշխող անարդարությունն ու արդարության վերահաստատման ձգտումն են Ցեղասպանության մասին երգեր գրելու խթան հանդիսացել իր համար: Նա պատմեց, որ իր ընտանիքը ծանր ֆինանսական կացության մեջ էր, երբ ինքն սկսեց լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Այդ շրջանում Թանկյանն իրավաբանական կրթություն էր ստանում, սակայն ոգևորված չէր այս մասնագիտությամբ: Նա միաժամանակ բիզնեսով էր զբաղվում՝ օգնելով հոգալ ընտանիքի ծախսերը: Չնայած նյութական խնդիրներին՝ նրա հայրը խրախուսեց որդուն մի կողմ թողնել մյուս գործերն ու գնալ իր երազանքի հետևից՝ զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ: Խաչատուր Թանկյանը ևս երիտասարդության տարիներին երազում էր երգիչ դառնալ, սակայն դա այդպես էլ անկատար երազանք մնաց:    

Սերժ Թանկյանի դուետը հոր՝ Խաչատուր Թանկյանի հետ

Երբ Թանկյանին հարցրին, թե որն է Հայաստանի ապագան, երգիչը հայացքն ուղղեց դահլիճում նստած երիտասարդներին և ասաց.

Հայաստանի ապագան հենց դուք եք, և ես իմ հույսը ձեզ վրա եմ դնում:

Թանկյանը նշեց, որ պատրաստ է մեկ բեմում հանդես գալ ցանկացած ազգի, այդ թվում թուրք երաժիշտների հետ, եթե նրանք հարգեն մեր պատմությունը: Նա հավելեց, որ իրենք նախատեսում էին առաջիկայում համերգ ունենալ Ստամբուլում, սակայն դրա համար պետք էր Դավութօղլուի համաձայնությունը, իսկ Դավութօղլուն շարունակ ձգձգում էր այդ որոշումը: Արդյունքում խմբի անդամներն իրենք ժամանակավորապես ձեռք քաշեցին Ստամբուլում համերգ տալու գաղափարից:

Հանդիպման ավարտին համալսարանի ուսանողները բեմ բարձրացան և Թանկյանի հետ միասին System of a Down-ի երգերից մեկը երգեցին: 

Երիտասարդները երգում են «System of a Down»-ի երգերից մեկը, Թանկյանն էլ ձայնակցում է:

Բաց չթողնելով հարմար պահը՝ որոշ ուսանողներ հենց բեմի վրա ստորագրություն կորզեցին երգչից:

Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը նվերներ է հանձնում Սերժ Թանկյանին:

Խմբանկար սիրված աստղի հետ

AUA Students perform a SOAD song! Serj is singing along.

Posted by Zara Zeitountsian on Wednesday, 22 April 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել