Tert.am-ը գրում է․

Երբ մենք հերքում ենք ցեղասպանությունը, դա հիմք է հանդիսանում նոր ցեղասպանության համար: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ իր զեկույցում ասաց իսրայելցի պատմաբան, գիտնական ու փորձագետ Յաիր Աուրոն:

«Երբ այսօր 24-25 պետություն է ճանաչում Հայոց ցեղասպանությունը, չունենք հնարավորություն կանխելու ապագայի ցեղասպանությունները»,-ասաց նա նշեց, որ սա ոչ միայն խնդիր է հայերի և թուրքերի միջև, այլ մարդկության խնդիրն է:

Նա խոսեց ժխտողականության հետևանքների մասին և հայերին դիմելով՝ ասաց. «Դուք երկու անգամ զոհ եք, զոհ եք Ցեղասպանության և ժխտողականության»։

Ըստ նրա՝ հայերը միայն ճանաչումով չեն կարող առաջ գնալ և շարունակելու են տառապել այն վշտի, վերքի ցավից, որը ստացել են ժխտողականության հետևանքով:

«Բարեկամաբար ուզում եմ ասել, որ պետք գտնել միավորվելու ճանապարհ, ինչպես նաև Հայաստանի և Ղարաբաղի վերապրման միավորվելու համար, որովհետև ձեր վերապրման պայքարն ավարտված չէ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Յաիր Աուրոն ասաց, որ առանց ճանաչման ժողովրդավարական հասարակություն չի կարող լինել, և թուրքերն իրենց նպատակներից ելնելով՝ պետք է ճանաչեն Ցեղասպանությունը, հակառակ դեպքում մնալու են իրենց ժխտողականության շրջանակում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նա ասաց. «ԱՄՆ-ն չի ճանաչում և վերջակետ»: Նա նշեց, որ պետք է ճանաչումը քաղաքական առաջնորդի կողմից հայտարարվի և պետք է լինի հստակ:

«Գերմանիան պետք է առաջիններից մեկը լիներ, որ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, քանի որ նմանատիպ դեպք ունեցել են: Գերմանիան իր անցյալից ելնելով՝ պարտավոր է ճանաչել, ինչպես Հոլոքոսթն է ճանաչում՝ հրեաների ցեղասպանությունը»,-ասաց նա:

Բանախոսը նկատեց, որ մարդկության մեջ կան անտարբերներ, և մեծամասնությունը հանդիսանում է կողմնակի դիտորդներ: «Մարդիկ այսօր ամեն ժամ, ամեն րոպե աշխարհի տարբեր երկրներում սպանում են, ի՞նչ ենք մենք անում՝ ոչինչ»,-ասաց նա:

Զեկուցողն ասաց, որ գնալով ավելի է համոզվում, որ չկա երեք կողմ: «Դուք կամ զոհի կողմն եք, կամ զոհի կողմը չեք, իսկ եթե զոհի կողմը չեք, դուք ոճրագործի կողմն եք: Դուք ուրանում եք Ցեղասպանությունը, և անցնում եք թուրքի կողմը, եթե այն չեք ճանաչում, դուք պետք է որոշում կայացնեք, որովհետև սա բարոյական խնդիր է: Ինձ համար Հայոց ցեղասպանությունը բարոյական խնդիր է, քաղաքական չէ, ոչ էլ իրավական խնդիր է»,-ասաց նա:

Անդրադառնալով Իսրայելի դիրքորոշմանը՝ նա ասաց. «Ես հրեա եմ: Մի բան կուզեմ հստակ ասել Իսրայելի մասին, չեմ կարող խուսափել դրանից՝ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, երբեմն մենք ավելի առաջ ենք գնում և դժբախտաբար ժխտում ենք: Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը պետք է ճանաչեր, սակայն մենք դա չենք արել: Երբ մենք ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք ուրանում ենք մեր զոհերի հիշատակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել