Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկելու հնարավորություն ունենան. նախապատրաստվում է դատական գործընթաց: Այսօր արտերկրում ապրում կամ ժամանակավորապես գտնվում են մեկ միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց զգալի մասը, ըստ սահմանադրության, ունի ընտրելու իրավունք: Սակայն տվյալ քաղաքացիները փաստացի զրկված են այդ իրավունքից, քանի որ հնարավորություն չունեն ընտրություններին մասնակցելու: ՀՀ համապատասխան մարմիններից պահանջում ենք վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը՝ արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների միջոցով, ինչպես նախկինում դա արվել է:
Ներկայիս վարչակազմի կողմից արտերկրի քաղաքացիների միտումնավոր ձայնազրկումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ամեն գնով կեղծել ընտրությունները և կրկին վերարտադրվել: Մայիսյան ընտրությունների մասնակիցների ուռճացված թվերը վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները օգտագործում են արտերկրի ՀՀ քաղաքացիների քվեները կեղծ ձայներ գրանցելու և իրենց հանցագործ օլիգարխիական լուծը վերարտադրելու նպատակով: Արդյունքում մենք ունենք Ազգային ժողով, որտեղ կեղծիքների և ընտրակաշառքների միջոցով «ընտրված» մեծամասնությունը օգտագործվում է որպես բութ գործիք և հլու-հնազանդ կատարում վարչակազմի ցանկությունները: 
Առջևում նախագահական ընտրություններ են: Նկատի ունենալով, որ նախկինում հասարակական տարբեր խավերի կողմից հնչեցված, արտերկրի ընտրական իրավունքը վերականգնելու կոչերը արհամարհվել են, միանում ենք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, որի նպատակն է վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը դատական գործընթացի միջոցով: Այս ուղերձով հորդորում ենք արտերկրի բոլոր ՀՀ քաղաքացիներին միանալ առաջարկված գործընթացին և վերականգնել ընտրելու իրենց սահմանադրական իրավունքը՝ հետևելով դրա համար նախատեսված ուղեցույցին: Նաև կոչ ենք անում բոլոր մտահոգված քաղաքացիներին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին և կուսակցություններին նույնպես արձագանքել և միանալ այս կարևոր պահանջին: 
Ստորև բերվում է գործընթացին մասնակցելու ուղեցույցը: Մանրամասների համար հարկավոր է կապ հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ: 

Հետադարձ կապ` [email protected], +374 10513440: 

«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խմբի էջի հղումը

ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետության համապետական ընտրությունների ժամանակ (Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի)` քվեարկության օրը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու նպատակով դատական գործընթացը կազմակերպելու համար

1. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ (օրինակելի ձևը ձեռք բերել Զարուհի Փոստանջյանից), ՀԻՇԵՑՈՒՄ դիմումն ուղարկել պատվիրված նամակով:

2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԱԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրանցում-հաշվառումը կատարելու համար:

3. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ դիմումի պատասխանը ստանալուց հետո և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Հայաստանի Հանարապետության քաղաքացու գրանցում-հաշվառումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո դատական գործընթացի սկիզբ` անձամբ կամ փաստաբանի միջոցով դատական հայցի կազմում և ներկայացում Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել