Այս շաբաթ «Ամենախելացին» հեռուստանախագծի 1/4 եզրափակչի հերթական խաղի հաղթող դարձավ Բարսեղ Աթանյանը, ով, համեստորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները, կարողացավ ապացուցել, որ արժանի է այդ հաղթանակին, վստահ է, որ սեփական պատմությունը լավ իմանալով՝ ապագայում էլ կարող ես լինել պահանջատեր:

-Բասեղ, երբ ստացար հեռախոսազանգ, և իմացար, որ անցել ես հեռուստատեսային փուլ, ի՞նչ զգացողություն ունեցար:
-Շատ ուրախացա, փետրվարին էր, արդեն սկսեցի պատրաստվել, պատասխանատվությունն ավելի մեծացավ հիմնականում նրանից, որ արդեն հեռուստատեսությամբ էլ էին ցուցադրելու:
-Խաղին մասնակցելը քեզ համար հաղթանակ ձեռք բերելու հնարավորությո՞ւն էր, թե՞ կարևորում էիր ուղղակի մասնակցությունը:
-Հաղթանակի մասին միշտ էլ պետք է մտածել, հատուկ նպատակ էի դրել, որ անցնեմ հաջորդ փուլ, ու ստացվեց:
-Ո՞ր փուլն էր քո համար ամենադժվարը: 
-Առաջին փուլն էր դժվար, միայն ճիշտ պատասխան իմանալը բավական չէ, պետք է հասցնել հինգ վայրկյանի ընթացքում պատասխանել, ուշանալու դեպքում ինչքան էլ պատասխանն իմանաս, միևնույն է՝ արդեն միավոր ես կորցնում: Առաջին փուլում հարցերն այնպիսինն են, որ հիմնականում բոլորն էլ պատասխանում են, եթե շփոթվում ես, ուղղելու հնարավորություն չես ունենում: Իսկ երկրորդ փուլում ուղղակի պետք է չլարվել, արագ պատասխանել:
-Ո՞ր կատեգորիան էր քեզ համար ամենադժվարը, և չէիր ուզենա, որ այդ ոլորտը քեզ բաժին հասներ: 
-Երևի թե երաժշտությունը:
-Ինչպե՞ս ես գնահատում խաղի մասնակից քո ընկերների հնարավորությունները:
-Բոլորն էլ խելացի են, բոլորն էլ հնարավորություն ունեն դառնալու օրվա հաղթողը: Ես իմ թեման գիտեի, վստահ էի, ուղղակի վախ կար, որ այլ վանդակ կընտրեմ և չեմ կարողանա պատասխանել:
-Ինչո՞վ ես սիրում զբաղվել ազատ ժամանակ: 
- Շատ եմ սիրում արկածային գրքեր կարդալ, սպորտով էի զբաղվում, ժամանակ առ ժամանակ ֆուտբոլ եմ խաղում, նաև համակարգչային տարբեր ծրագրերով եմ հետաքրքրվում: 
-Ովքե՞ր կարող են լինելո քո ընկերները, քո համար կարևո՞ր է նրանց լավ սովորելը:
-Լավ է, որ ընկերներդ լավ են սովորում, բայց առաջնայինը դա չէ: Ընկերությունը միայն սովորելով կամ գիտելիքներով չէ: Ես ընկեր ունեմ, ով սովորում է, բայց ոչ այդքան լավ, սակայն շատ լավ ասմունքում է, դերասանական տաղանդ ունի, կարևորը՝ ընկերասեր լինի, ազնիվ ու մտերմիկ: 
-Ի՞նչ թեմաներով եք ընկերներով բանավիճում: 
-Տարբեր, դպրոցում դասերի վերաբերյալ, դրսում տարբեր հանրային թեմաների շուրջ, ինչը մեզ կհետաքրքրի այդ պահին:
-Ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար հաղթանակները, և արդյո՞ք դրանք քեզ դժվարությամբ են տրվում:
-Յուրաքանչյուր բան կյանքում դժվար է տրվում, հաղթանակ լինի, թե մեկ այլ բան, մեկին ավելի դժվար, մեկին մի փոքր հեշտ: Հաղթանակի համար պետք է պայքարել, միայն այդ դեպքում կարող ես այն գնահատել:
-Կարո՞ղ ես նշել քո բնավորության դրական և բացասական կողմերը: 
-Բացասական կողմ կարող եմ նշել այն, որ շուտ եմ նյարդայնանում, ֆիզիկապես այդքան էլ ուժեղ չեմ, դրա համար էլ սպորտով էի զբաղվում: Որպես դրական կողմ երևի թե այն է, որ լավ եմ սովորում, ընկերասեր եմ, սիրում եմ շփվել մարդկանց հետ:
-Ի՞նչ կփոխեիր Հայաստանում, որ քեզ դուր չի գալիս: 
-Շատ բան կփոխեի: Ճիշտ է, կրթությունը Հայաստանում բարձր որակի վրա է, բայց կփորձեի այն ավելի բարձրացնել, երեխաները պետք է ավելի լավ ծանոթ լինեն հայոց պատմությանը, որպեսզի հետագայում պահանջատեր լինեն:
-Հայաստանից բացի, ո՞ր երկրում կցանկանայիր լինել և ինչո՞ւ:
-Բրազիլիայում, կուզենայի տեսնել Ռիո դե Ժանեյրոյի կառնավալները, եթե հնարավորություն ընձեռվի՝ կփորձեմ գնալ և տեսնել այդ ամենը: 
-Ի՞նչ գաղտնիք կցանկանայիր բացահայտել:
-Շատ եմ ցանկանում բացահայտել եգիպտական բուրգերի գաղտնիքը: Բազմաթիվ հարցեր այդ դեպքում կստանային իրենց պատասխանները, կարծում եմ՝ մարդկությանն էլ իսկապես հետաքրքիր է այդ առեղծվածը: 
- Ինչպե՞ս է պատկերացնում տարիներ անց իր ապագան Բարսեղը: 
-Պատկերացումներն ու իրականությունը հաճախ տարբեր են լինում, համենայն դեպս լավ եմ պատկերացնում իմ ապագան: Կարծում եմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կլինեմ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եմ հաճախում, հետաքրքրվում եմ ռոբոտաշինությամբ, մասնակցել եմ դասընթացների, նույնիսկ հնարարվորություն եմ ունեցել աշխատել Իսպանիայից ժամանած մասնագետի հետ: 
-Ի՞նչ նորամուծություն կցանկանայիր բերել այդ ոլորտ:
-Կցանկանայի ստեղծել այնպիսի ռոբոտ, որը կունենար մարդկային զգացմունքներ:

Բլից հարցեր 
Սիրելի քաղաքական գորժիչը՝
-Վլադիմիր Պուտին
Սիրելի ֆիլմը՝
-«Մենք ենք մեր սարերը» և «Փախուստ Շոուշենկից»
Սիրելի մուլտֆիլմը՝
-«Պույ-պույ մկնիկը»
Սիրելի գրական հերոսը՝
-Շիրվանզադեի «Արտիստ»-ի Լևոնը
Սիրելի ուտեստը՝
-Սպաս և կարտոֆիլ
Ամենաշատն ինձ նյարդայնացնում է, երբ տեսնում եմ, որ...
-Մարդիկ մեծամիտ են

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել