Թուրքիայում հեղինակավոր վեց կազմակերպությունների կողմից ստեղծվել է «100-ամյա ժխտում» նախաձեռնությունը: Նրանք ծրագրել են Ապրիլի 24-ին Ստամբուլում և Դիարբեքիրում ցույցեր անցկացնել՝ «Ճանաչիր, ներում խնդրիր, կարգավորիր, փոխհաուցիր» պահանջով: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը սկսվելու է հայ մտավորականների ձերբակալման վայրից՝ ներկայիս Թուրքական և իսլամական ստեղծագործությունների թանգարանին հարող տարածքից: Ապա երթով շարժվելու են Հեյդար Փաշայի կայարան, որտեղից ժամանակին բանտարկվել ու արտաքսվել են հայերը, ապա այցելելու են թուրքական բանակում զինծառայության ժամանակ սպանված Սևակ Բալըքչիի գերեզման: Երթն ավարտվելու է երեկոյան Տաքսիմ հրապարակում, որտեղ խորհրդանշական 19:15-ին նախաձեռնողները հանդես կգան ելույթներով:
Նախաձեռնության իրականացնող խմբերից Ստամբուլի Մարդու իրավունքների ասոցիացիայի ներկայացուցիչ Քաթիպ Մուստաֆա Չելեբի Մահի խոսքերով՝ «Այս ամենով մենք ուզում ենք վերջ դնել ցեղասպանության ժխտմանը, ուզում ենք հասնել նրան, որ Թուրքիան ընդունի իր մեղքը: Մենք չենք բավարարվելու նույնիսկ պետական մակարդակով ներողություն խնդրելուց, մենք փոխզիջման չենք գնալու: Եվ իհարկե, երբ այս ամենը կատարվի, կոմպենսացիայի ու սեփականության վերադարձի գործընթացները կսկսվեն»:
Նախաձեռնության հեղինակներն են «Անատոլիայի մշակույթի և հետազոտությունների միությունը» (AKA-DER), Մարդու իրավունքների կազմակերպության (IHD) Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը, «Նոր Զարթոնք»-ը, «Թուրապտդին ասորական միությունը», «Առերեսման փլաթֆորմը», «Զան քաղաքական-տնտեսական հետազոտությունների հիմնադրամը»: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են ունեցել Լոնդոնի «Կոմիտասի հիմնարկը», Եվրոպայի հայկական խորհուրդը (Armenian Council of Europe) և Փարիզի Collectif Van նախաձեռնությունը:
Քաթիպ Մուստաֆա Չելեբի Մահի խոսքերով՝ այն, որ Գալիպոլիի հաղթանակն այս տարի տոնվելու է ապրիլի 24-ին, իհարկե, մարդկանց ուշադրությունը շեղելու համար է: Դա էլ ապացուցում է, որ Թուրքիան թաքցնելու բան ունի: Բայց Մարդու իրավունքների ասոցիացիան առաջինն է եղել, որ դրան դեմ է արձագանքել այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվել է հաղթական միջոցառումների անցկացման օրվա մասին:
«Մեր նամակում դիմելով նաև միջազգային հանրությանն ու հրավիրյալներին՝ գրել էինք՝ ապրիլի 24-ին պետք չէ գալ Ստամբուլ, գնացեք Երևան: Դրանից հետո համաձայնություն տվողների թիվը կրճատվեց, սակայն չգիտեմ՝ մենք դրան նպաստեցինք, թե՝ ոչ»,- նշում է Քաթիպ Չելեբին: Իսկ նրան հավելում է Մուրատ Չելիքանը՝ Ճշմարտության, արդարադատության ու հիշատակման կենտրոնի տնօրենը. «Ցեղասպանության ժխտումը հենց դրա շարունակությունն է: Հետևաբար այստեղ ոչ մի խոսք անգամ լինել չի կարող լինել փոխզիջման վերաբերյալ: Թուրքիան իր անմեղությունն ապացուցելու ոչ մի փաստաթուղթ չունի, մինչդեռ ամբողջ աշխարհում Թուրքիայի մեղքն ապացուցող բավականին շատ փաստաթղթեր կան: Նաև բավականին շատ գիտական աշխատություններ, ուսումնասիրություններ ու հրապարակումներ կան, որոնք հենց Թուրքիայի դեմ են խոսում: Շարունակությունը նաև խրականություն է ոչ մուսուլմանական և ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ, ովքեր այս երկրի քաղաքացիներն են: Հայերը հենց ամենամեծ թիրախն են: Ժխտմանը վերջ դնելը նշանակում է մեծ ձեռքբերում ճանաչման գործընթացում: Ժխտելով ու խտրականություն դնելով` սկսվում է պետության թուրքաֆիկացումը: Հազարավոր հայկական դպրոցներ, եկեղեցիներ ու վանական համալիրներ են եղել, որոնց մասին մենք ոչ մի տեղեկատվություն չենք ստացել: Սա է թուրքաֆիկացումը, որից պետք է ազատվել: Այսինքն՝ վերադառնալ նախկին անուններին՝ վերականգնելով պատմությունը»:
Վրույր Թադևոսյան, Ստամբուլ, Թուրքիա