Մի պարզ ճշմարտություն, այնուամենայնիվ, նույնքան պարզ լեզվով չի ասվում այս օրերին: Ո՞րն է ապրիլի 23-ին կայանալիք Եղեռնի զոհերի սրբադասման խորհուրդը: Այն, որ Ցեղասպանության զոհ դարձան նրանք, ովքեր չուրացան իրենց քրիստոնեական հավատը, իսկ նրանք, ովքեր բռնի կամ կամավոր մահմեդականություն ընդունեցին, փրկվեցին: Իսկ սա նշանակում է, որ Ցեղասպանության զոհերը հանուն Քրիստոսի իրենց կյանքը կամովի զոհաբերած նահատակներ են, և նրանց սրբադասումն այդ իրողության ուշացած, բայց և անխուսափելի կանոնիկացումն է: Հայոց ցեղասպանության հիմնական նպատակն, իհարկե, հայ ժողովրդի բնաջնջումն էր իր իսկ բնօրրանում և նրա վաղնջական հայրենիքի բռնազավթումը, կամ, ինչպես ընդունված է ասել՝ հայրենազրկումը: Թուրքերը շատ լավ գիտակցում էին, որ իր պատմական հայրենիքում ապրող քրիստոնյա հայը պատեհ առիթի դեպքում ազգային-ազատագրական պայքար է ծավալելու՝ իր ինքնիշխանությունն այդ տարածքներում վերահաստատելու համար, իսկ մահմեդական հայն (=այլակրոն հայը) այդ տեսակետից որևէ վտանգ չի ներկայացնելու հետագայում: Ապացույցն այսօր Թուրքիայում ապրող բազմահազար մահմեդական հայերն են. այլ արժեհամակարգի կամովին որդեգրված, ուծացման անդառնալի ուղի անցած և մայրենին կորցրած (նույնպես ուրացած) այդ մարդիկ, անհաղորդ լինելով իրենց նախնիների հոգևոր-մշակութային ինքնությանը, երբեք չեն փորձի ձգտել ազգային ինքնավարության, քանի որ նրանց ազգային հենքն այլևս թուրքական է: Իսկ նույնաքանակ քրիստոնյա հայերի առկայությունն այդ երկրում 100 տարվա ընթացքում բազմապատկելու էր նրանց թիվն այնքան, որ այսօր իսկ հայոց պահանջատիրությունն իրական ու իրավական լուրջ կերպարանք էր առնելու...
Ուրեմն Ցեղասպանության զոհերը ոչ միայն հանուն Հավատի նահատակներ են, այլև հանուն Հայրենիքի... Եվ սա է կայանալիք սրբադասման սկզբունքային բանաձևը, որով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սրբերի շարքը կդասի Մեծ Եղեռնի Նահատակներին՝ Հանուն Հայրենիքի և Հանուն Հավատի՝ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ, ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել