Exclusive

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանին հարցազրույցի համար հանդիպեցի իր աշխատասենյակում, որտեղ առաջին հերթին ուշադրությունս գրավեց սենյակի բնակիչը՝ սպիտակ մուկը: Նրա մասին խոսելով էլ սկսեցինք զրույցը BlogNews.am-ի համար, որի ընթացքում անդրադարձանք Հրաչի առօրյային, անձնական կյանքին, «Կիսաբաց լուսամուտներին» և այլ հարցերի:  


-Հրաչ, ինչո՞ւ է այս մուկը հանգրվանել Ձեր աշխատասենյակում:

-Սա փորձարարական մուկ է, որը մասնակցել է «Վեցերորդ զգայարանին» ու հետո մնացել է իմ սենյակում։ Ես շատ եմ սիրում կենդանիների։ Ձուկիկ էլ ունեինք, որը սատկեց։ Ի դեպ, այս մուկը միակ կենդանին է, որը մասնակցել է «Վեցերորդ զգայարանին» ու կենդանի մնացել: Երևի էներգիայից կամ ինչ-որ մի բանից է, բոլորը սատկում են։

-Տանն է՞լ ունեք կենդանիներ։

-Դեղին դեղձանիկ ունեմ: Առավոտյան երգում է, ու կարծես բնության մեջ արթնանամ։ Դա շատ է դուր գալիս ինձ։

-Բնությանը մո՞տ մարդ եք։

-Տեսակով այո, բայց փաստացի ես ավելի շատ այս շենքին (նկատի ունի՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» շենքը, հեղ.) եմ մոտ, որովհետև գործի բերումով օրվա 80 տոկոսն այստեղ եմ։ Երբ ազատ եմ լինում, գնում եմ բնության գիրկ։

-Ազատ ժամանակը, ժամանցը լրացնելու ի՞նչ այլ տարբերակներ ունեք:

-Ես լռություն եմ սիրում. նույնիսկ կենցաղում, ընկերներիս հետ հնարավորինս քիչ եմ խոսում։ Դա միակ տեղն է, որտեղ ես չխոսկան եմ, քանի որ որևէ մեկն ինձ չի պարտադրում խոսել։ Տանը ևս, իմ դրության մեջ մտնելով, աշխատում են ինձ շատ հարցեր չտալ։

-Այսօր, երբ ֆոտոշարքի համար եղանք քաղաքի տարբեր հատվածներում, նկատեցի, որ ժամանցի վայրերին առանձնապես ծանոթ չեք։ Չե՞ք սիրում լինել նմանատիպ վայրերում, թե՞ չեք հասցնում։

-Չեմ հասցնում։ Այժմ երեք նախագիծ եմ անում՝ «Կիասաբաց լուսամուտները», «Վեցերորդ զգայարանը» և «Սոված խաղերը»: Իհարկե, ունենք թիմ, ունեմ համապրոդյուսեր՝ Արթուր Զաքարյանը, սակայն միևնույնն է, իմ ամբողջ ժամանակն անցնում է հեռուստատեսությունում։ Ցավոք, TV-ն ժամ ու պատարագ չունի։ Այն միշտ ներդրում է պահանջում, նույնիսկ՝ չափից ավելի։ Եթե ես տարվա ընթացքում 2 շաբաթ կարողանամ հանգստանալ, կասեմ՝ այս տարի հանգստացել եմ։

-Հեռուստատեսության փոխհատուցումն իր խլածին համարժե՞ք է։

- Նայած, թե ինչ պրիզմայով ես նայում այդ ամենին. կա ներդրում, որը որևէ բանով չի կարող փոխհատուցվել՝ դա անձնական կյանքն է։ Եթե դու հայտնի ես, մեխանիկորեն հասարակությանն ես հանձնում քո անվան հետ կապված յուրաքանչյուր բան՝ դա քեզ դուր գա, թե՝ ոչ։ Այդ դեպքում քո կյանքն այդպես էլ կոչվում է՝ հանրային։ Դու վիրավորվելու, նեղվելու իրավունք չունես, քանի որ հանրությունը տարբեր շերտերից է բաղկացած, և յուրաքանչուրը կարող է հայտնել իր կարծիքը։

Չեմ ուզում խոսել մարդկանց մաղձից, որն ավելի շատ արտահայտված է այլ հայտնիների, քան իմ հանդեպ, բայց այդ ագրեսիվությունը ես զգացել եմ կոլեգաներիս հանդեպ։ Հուրախություն ինձ՝ իմ հանդեպ նմանատիպ բան չեմ զգացել։

-Նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ անտարբեր եք դարձել: Հե՞շտ եք շրջանցում դա:

-Ես անտարբեր չեմ, անտարբերությունն ամենավատ բանն է: Ուղղակի սովորել եմ չնկատել այն հանգամանքը, որն ինձ խանգարում է: Օրինակ՝ այսօր ֆոտոշարքի ժամանակ ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են ասել՝ լավ, թե վատ, Դուք լսել եք, ես՝ ոչ։

-Այսինքն՝ Ձեզ փակե՞լ եք արտաքին աշխարհի առաջ։

-Երբ ես Թատերականում էի սովորում, մի լավ բան էին սովորեցնում՝ 4-րդ պատ։ Ինքդ պետք է սովորես դա կառուցել. հանդիսատեսի հետ շփման ժամանակ այն պետք է տեսանելի լինի, սակայն քեզ չանդրադարձնի որևէ բացասական բան։ Ի վերջո, դու գործ ունես տարբեր էներգետիկ դաշտերով մարդկանց հետ, որոնք ուզած-չուզած անդրադառնում են անձիդ վրա։ Ես գործի բերումով օրվա ընթացքում 30 տարբեր մարդկանց հետ եմ շփվում՝ չհաշված աշխատակազմս, որը շատ մեծ է համարվում հեռուստատեսության համար։

-Ձեր հարցազրույցներից մեկում խոստովանել եք, որ ժամանակին ունեցել եք աստղային հիվանդություն։ Ինչպե՞ս հաղթահարեցիք այն։

-Ես երբեք չեմ ժխտել դա։ Այն գալիս ու գնում է։ Իմ դեպքում այն համընկավ պատանեկությանս հետ, երբ որպես մարդ՝ իմ տեսակը դեռ ձևավորված չէր։ Դա ավելի դժվար է, որովհետև երբ հասակակիցներիցդ տարբերվում ես, այդ տարիքում քեզ շատ դժվար են ընդունում որպես սպիտակ ագռավ։ Ես այդ ընթացքում փոխել եմ նաև մենթալիտետ, որովհետև ռուսական դպրոցից տեղափոխվել եմ Չարբախի՝ խիստ հայկական դպրոց: Տարբերությունը ծայրահեղ էր, բայց ինչ-որ կերպ կարողացա հաղթահարել դա. մարդու տեսակից է գալիս՝ կամ դու կանգնում ես խնդիրների առաջ և փորձում ես լուծել դրանք, կամ էլ մեջքով ես կանգնում, որ չտեսնես։ Ես երբեք մեջքով չեմ կանգնել որևէ խնդրի։

Իմ աստղային հիվանդությունը հանգամանքներով էր պայմանավորված։ Երբ քո գիտակցությունը գալիս է այն աստիճանի, որ հասկանում ես՝ լավ, քեզ ինչ-որ շրջան մարդ է ճանաչում, մարդկանց ինչ-որ շրջանակ սիրում է, մյուսը՝ ոչ, երրորդն էլ լոյալ է վերաբերում, հետո՞ ինչ։

-Երբ ինքդ դրա մեջ ես, շատ դժվար է դա նկատել, երբեմն մեզ համար բարդ է մեզ նայել կողքից, հասկանալ սխալներն ու շտկել։ Ինչպե՞ս հասաք այդ գիտակցությանը, ինչ-որ մեկն օգնե՞ց։

-Եթե ասեմ՝ ինչ-որ մեկն ինձ ասել է, որ ես ունեմ աստղային հիվանդություն, որն իմ կենցաղում այս կերպ է արտահայտվում, սուտ կլինի։ Ես ունեցել եմ հայտնիության առաջին և երկրորդ շրջաններ: Դրանց միջև եղել է որոշակի պասիվ շրջան, որն էլ ինձ ստիպել է գալ դրան։ Դա եղել է Հանրային հեռուստաընկերությունից դուրս գալուց հետո, երբ գնացի զինծառայության, վերադարձա ու մոտ 3 տարի ասպարեզում չէի։ Ես հասկացա, որ այսօր էկրաններին ես, վաղը կարող է չլինես, այսօր քեզ հիշում են, վաղը՝ ոչ, թեև այդ ընթացքում չեմ զգացել, որ էկրաններին չեմ։ Ես զարմանում էի, որ ինձ հիշում են, որովհետև, ի վերջո, պատանուց երիտասարդ էին տեսել, նույնիսկ ֆիզիկական տվյալներս էին փոխվել։ 18 տարեկան տղան և 22 տարեկան տղամարդը շատ տարբեր են։

-Հրաչ, Դուք ավելի առաջադեմ եք, քան հայ տղամարդու կարծրատիպային կերպարը: Ձեզ համար հե՞շտ էր ադապտացվել շրջապատին՝ Ձեր տեսակով։

- Ես ունեցել եմ իմ դժվարությունները, բայց քանի որ ուրիշ տեսակով չեմ եղել, չեմ կարող ասել՝ ինձ համար էր ավելի հեշտ, թե այլ տեսակի: Ամեն դեպքում հիմա շատ-շատերն են առավել առաջադեմ։ Շատ դեպքերում մարդիկ մտածում են մի բան, սակայն, հաշվի առնելով հասարակական կարծիքը, այլ բան են բարձրաձայնում։ Պետք եղած տեղում ես քյարթու եմ և չարբախցի՝ ամենաուղիղ իմաստով: Յուրաքանչյուր մարդ ինձ ընկալում է այնպես, ինչպես ինքը կարող է և ցանկանում է։ Ես չեմ կարող մարդուն ստիպել մենթալիտետ և մտածելակերպ փոխել։

Ի վերջո, այն բազմահազարանոց նամակները, որ ստանում եմ տարբեր մարդկանցից, հատկապես տարիքով կանանցից, շնորհակալությունն է ծնողներիս, որ այս տեսակի տղա են մեծացրել։ Այս առումով շատ հպարտ եմ ծնողներիս համար։ Ես ոչ մի հատուկ բան չեմ անում։

-Ո՞ր դեպքում կարող է արտահայտվել Հրաչ Մուրադյանի՝ քյարթու լինելը:

- Խիստ տղայական մթնոլորտում ինչ-որ խոսակցությունների ժամանակ մի քանի դեպք է եղել, երբ ընկերներս ասել են, որ երևաց չարբախցի լինելս, սակայն առօրյայումս դա խիստ արտահայտված չէ:

-Հրաչ, քանիցս նշել եք, որ Ձեր զարմուհին՝ Միլան, շատ բան է փոխել Ձեր կյանքում, հատկապես ի՞նչն է փոխվել նրա ծննդից հետո:

-Վերաբերմունքս ամեն ինչին. երբ դու քեզ շրջապատող ցանկացած բան` շնչավոր ու անշունչ, կարևորում ես ու տեսնում այլ լույսի ներքո: Ես չգիտեմ` իմ երեխան ինչ կփոխի, սակայն Միլան փոխել է իմ մարդ տեսակը՝ ջերմության, հոգատարության առումով: Քանի որ ես շատ ակտիվ եմ, ընկերներս կարծում էին, որ երբ երեխան լացի, ես կգոռամ, կգնամ այլ սենյակ, սակայն երբ ընկերներս տեսան՝ ինչպես եմ կենցաղում ինձ պահում Միլայի հետ, ապշած էին: Ինքս էլ չգիտեի` ինչպես եմ արձագանքելու դրան:

-Հայր դառնալու մասին հաճա՞խ եք մտածում, թե՞ դա փուլային բնույթ է կրում:

- Վերջին շրջանում շատ եմ մտածում ընտանիք ունենալու մասին. ընտանիք իր բոլոր կողմերով` և՛ կին, և՛ ջերմություն, և՛ երեխա: Ես այդ ամբողջությունն եմ պատկերացնում, բայց պատկերացումներով չեմ ապրում, և դա ինձ համար երազանք չէ, դա նպատակ է, որն ինչ-որ մի օր, երբ դրա համար ստեղծված բոլոր նախապայմաններն ու հանգամանքները խաչվեն, կիրականանա: Դեռ այդ օրը չի եկել:

-Ի՞նչն է խանգարել:

-Չգիտեմ, աշխատանքը, իմ կենցաղը, զբաղվածությունը: Կարող ենք տարբեր խանգարող փաստեր բերել, բայց չկա բանաձև սիրահարվելու, ընտանիք կազմելու և երջանկության: Յուրաքանչյուր մարդ ստեղծում է իր բանաձևը: Ես շատ եմ ուզում ունենալ ընտանիք. կլինի հայկական ավանդակա՞ն, թե՞ գովազդում պատկերվող ամերիկյան «պրոտոտիպային» ընտանիք, չեմ կարող պատկերացնել: Միայն գիտեմ, որ կսիրեմ իմ կնոջը և շատ երջանիկ կլինեմ նրա հետ, որովհետև երբ ես գնամ այդ քայլին, միանշանակ կլինի այն մարդ, առանց ում չեմ պատկերացնի կյանքս. ես ծայրահեղ եմ:

-Դուք գտել եք ու կորցրե՞լ, թե՞ չեք գտել:

-Եթե ես գտած լինեի այն, ինչ պետք է լիներ, հաստատ թույլ չէի տա, որ կորչեր: Նշանակում է՝ դա այն չի եղել, ինչ որ ես ուզում եմ:

-Հիմա ավելի բարդ չէ՞ նոր հարաբերություններ սկսելը՝ հաշվի առնելով, որ տարիքի հետ ավելի շատ բան եք հասկանում, որ պահանջներն են ավելանում:

-Նկատի ունեք, որ ես շատ մե՞ծ եմ:) Ես ընդամենը երեսունմեկուկես տարեկան եմ:) Ինձ համար առհասարակ բարդ է հարաբերություն սկսելը: Ես հիմնականում հարաբերություն եմ ունեցել ազգությամբ ոչ հայ աղջիկների հետ:

-Ինչո՞ւ:

-Որովհետև նրանք ինձ ճանաչում և ընդունում են որպես մարդ, ոչ թե հեռուստատեսային կերպար: Հայաստանում դա դժվար է, որովհետև քեզ առաջին հերթին ճանաչում և ընկալում են իրենց պատկերացումներով ու փորձում տպավորություն թողնել, ավելին թվալ: Մարդկանց թվում է, որ դու նույն էկրանի մարդն ես: Իրականում ես նույն եմ, միևնույն ժամանակ ես էլ ունեմ իմ կենցաղը: Դա պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ ես ազգությամբ հայի հետ չեմ կարողանում հարաբերություն սկսել, այլ որովհետև իմ հայտնիությունը պայմանավորված է մեր երկրի սամաններով:

-Հաճա՞խ եք սիրահարվում, թեկուզ դա չհասնի սիրո, հարաբերության:

-Բացարձակ:

-Երբեք այդպիսին չե՞ք եղել, թե՞ հիմա այդպիսին չեք:

-Ես նույնիսկ պատանեկության տարիներին այդպիսին չեմ եղել: Մինչև լուրջ հարաբերություններն ինձ մոտ ներքին լուրջ փորձություններ են:

-Որոշ ժամանակ առաջ Ձեր երկրպագուհու բաց նամակն ու սիրո անկեղծ խոստովանությունը Ձեզ հասցրեց հանդիպման: Ինչո՞վ ավարտվեց այդ պատմությունը:

-Երբ հրապարակվեց Հասմիկի նամակը, ես երկրում չէի, կապվեցի օգնականիս հետ, ասացի` անպայման արձագանքեք ու ասացեք, որ վերադարձիցս հետո առաջին իսկ հնարավորության դեպքում կհանդիպենք: Ես ոչինչ չեմ թաքցրել այդ աղջկանից, ես ասել էի, որ հանդիպել եմ, որպեսզի նա հասկանա, թե ով եմ ես, հասկանա՝ իրական Հրաչ Մուրադյանը որքանո՞վ է իր պատկերացումների տղամարդը, ում ինքը սիրահարվել է՝ որպես վիրտուալ կերպար: Երկար ժամանակ մենք նամակագրական կապի մեջ էինք, մեր աղջիկներից մեկն ու նա ընկերուհիներ էին դարձել, և Հասմիկի մոտ շատ լավ ավարտվեց դա: Հիմա չգիտեմ` Հասմիկն ուր է, որովհետև կապը կորել է, բայց անկեղծ ասած՝ կուզեմ հրավիրված լինել Հասմիկի հարսանեկան արարողությանը:

- Հրաչ, իմ տպավորությամբ շատ միասնական ընտանիք ունեք: Նախորդ տարի ունեցաք մեծ կորուստ՝ մահացավ Ձեր հայրը, և երկար ժամանակ չէիք կարողանում հաղթահարել այդ սթրեսը: Ի՞նչ փոխվեց նրա մահվանից հետո:

- Դա մի հարված է, որը երբեք չես կարող կանխատեսել: Դրա ուժգնությունը միայն դու գիտես: Դու չպիտի փորձես որևէ բանով լրացնել կորստի տեղը, որովհետև երբեք չի ստացվի: Միշտ կա կարոտը, պապայի հետ խոսքը, կռիվը, ամեն ինչը, որ կապված է պապայի հետ: Դա երբեք չես լրացնի, դրա հետ պետք է համակերպվել, դա կյանքն է, որը ոչ դու ես տվել, ոչ դու ես վերցնելու: Բարձրյալն է էդպես որոշել, ու դու պարտավոր ես համակերպվել դրա հետ: Իմ պապան միշտ ինձ հետ է` իմ սրտում, աղոթքներում, կենցաղում: Ես ամեն շաբաթ պարտադիր գնում եմ նրա շիրիմին, բայց դա չի իմ հարգանքը կամ կարոտը, դա իմ, իմ մամայի ներսում է: Ինձ համար իր ներկայությունը կամ իմ վերաբերմունքը պայմանավորված չէ իր շիրիմին գնալով: Եթե Միլան չլիներ, մեզանից յուրաքանչյուրը շատ ավելի դժվար դուրս կգար այդ իրավիճակից:

Ես եղել եմ իմ մամայի ու պապայի ցորենի հատիկը, որը ծիլ է տվել դարձել է ծառ, բույն ունի, դա իմ մաման ու պապան են արել, դա իմ մամայի ու պապայի դաստիարակությունն ու շնորհքն է: Ծնողը մնում է ծնող ցանկացած հանգանքմանքում: Շատ դեպքերում ես «Կիսաբաց լուսամուտներում» ուղղակի ապշում եմ՝ ինչ տեսակ պիտի լինի մարդը, որ իր ծնողին կամ երեխային էդպես վերաբերվի: Այս 5 տարիների ընթացքում ես ոչ մի կերպ չեմ կարողացել գտնել դրա պատասխանն ու անընդհատ շնորհակալ եմ Աստծուն, որ ծնվել եմ հենց իմ մամայի ու պապայի ընտանիքում, ու մեր ընտանիքը կա: Հետո՞ ինչ, որ պապան ֆիզիկապես մեզ հետ չէ, նրա անմիջական հոգևոր ներկայությամբ մեր ընտանիքը կա:

Կիսաբաց լուսամուտներից» հետո վերագնահատե՞լ եք Ձեր ունեցածը՝ հաշվի առնելով, թե ինչ պատմությունների եք ականատես եղել:

-Ես մինչև 26 տարեկանս կարծում էի, որ հասուն եմ, մեծացել եմ, ինչ-որ դժվարություններ եմ տեսել, բայց «Կիսաբաց լուսամուտները» մի ամբողջ կյանք է, որովհետև դու տեսնում ես էն տեսակ  ճակատագրեր, ծայրահեղ իրավիճակներ ու լուսավոր մարդկանց, որոնց հետ որևէ այլ հանգամանքում այդ մասշտաբի շփվելու հանրավորություն չէիր ունենա: «Կիսաբաց լուսամուտներից» հետո ես լրիվ փոխվել եմ. իմ մարդ տեսակն ամբողջովին ամրապնդվել է: Ես հիմա կարող եմ հստակ ասել, որ այսպիսին եմ ու տարիներ անց էլ այսպիսին կլինեմ, որովհետև ես հասկացել եմ՝ ինչքան սկզբունքային ու անսասան եմ: «Կիսաբաց լուսամուտներն» ինձ շատ է մեծացրել և ձևավորել որպես մարդ:

-Հրաչ, «Կիսաբաց լուսամուտները» հաճախ է արժանանում անխնա քննադատության: Ի պատասխան, Դուք հաճախ նշում եք հաղորդման բարձր ռեյթինգը հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ մեդիապահանջունք ունեք, ի՞նչ եք սիրում դիտել: Եթե դա չլիներ Ձեր հաղորդումը, կհետևեի՞ք ընթացքին:

-Ես չեմ կարող ասել, որ կլինեի «Կիսաբաց լուսամուտների» հավատարիմ, ամենօրյա հետուստադիտեողը, բայց շաբաթվա մի քանի թողարկումը կդիտեի, որպեսզի առանց վարդագույն ակնոցների հասկանայի՝ ի՞նչ է կատարվում իմ երկրում: Սա այն բացառիկ հաղորդումներից մեկն է, որը ցույց է տալիս այն, ինչ կատարվում է մեր երկրում: Եթե «Կիսաբաց լուսամուտների» հերոսներին քննադատողները չեն կարող, չեն ուզում կամ ի վիճակի չեն ընդունելու, որ դա է այն իրականությունը, որտեղ մենք կանք: Շատ դեպքերում որոշակի իմաստով հայտնի մարդիկ քննադատում են՝ ստատուսներ գրում, իմ նկարն են դնում, խաչ քաշում, զարմանում են, թե ես ինչու եմ անմոռուկով հայտնվում եթերում և այլն: Ուզում եմ հասկանալ՝ այդ մարդիկ իրենց անցյալից ինչ-որ մի բան առհասարակ հիշո՞ւմ են. մի շաբաթվա հերոսների խտացված ճակատագրերից ավելի խայտառակ պատմություն գուցե իրե՞նցն է: Կարող եք քննադատել, բայց ժխտել, որ դա է կենցաղը, հնարավոր չէ:

Եթե մենք սուտի վերամբարձ երևույթներից ենք խոսում, բարի եղեք այդ երևույթները փոխելու, հետո դրանց հայելանման պատկերը հեռուսատեսությունում չտեսնելու: Եթե Դուք այդ երևույթներից մեկն եք, այդ ճահճում հայտնված ճակատագիրն ու պատմությունը կենցաղով ունեցող մարդկանցից մեկն եք, իրավունք չունեք խոսելու դրա ներկայությունից: Վախենում եք, որ մի օր էլ Ձեր պատմությո՞ւնն է լինելու եթերում:

Մարդիկ, ովքեր ժամանակին «Կիսաբաց լուսամուտներում» և՛ հյուր, և՛ փորձագետ են եղել, այսօր որոշել են վերամբարձ խոսքեր ասել: Եթե մարդիկ էրոտիկ գրականությամբ ու ուշունցներով հայտնի են դարձել, դեռ չի նշամակում, որ իրենց ստեղծագործություններով արժեք են ներկայացնում:

- Ինքս մի քանի տարի Ձեզ հետ աշխատելով նույն շենքում՝ բազմիցս ականատես եմ եղել, թե հերոսներն ինչպես են գալիս «Կիսաբաց լուսամուտներ»՝ իրենց պատմությունը նեկայացնելու: Պատմությունները ձեզ մոտ շատ տարբեր են: Երբեմն այնքան սարսափելի, որ տարակուսանք են առաջացնում, թե կարող են իրական լինել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

-Որովհետև հայկական հեռուստատեսությունը մինչ այդ շոու էր մատուցել, չէր եղել այդ աստիճան ճշմարտություն՝ առանց վարագույրի: Այն, ինչ հեռուստադիտողը տեսնում է, միայն մի մասն է նրա, ինչ կատարվում է. տաղավարում դուք ընդհանրապես կապշեք:

«Կիսաբաց լուսամուտների» գլխավոր նպատակն այդ մարդկանց խնդիրներին լուծում տալն է, անկախ նրանից, թե հասարակությունը, դեղին լրատվամիջոցներն ինչ կերպ են մատուցում այս նախագծի գոյությունը:

-Հաճախ մարդիկ ապշում են, թե որտեղի՞ց եք գտնում այդ պատմությունները:

-Մենք ընդհանրապես չենք գտնում որևէ մեկին, եթե խոսքն իրադարձային թեմայի չի վերաբերում: Մարդկային ճակատագրերի պատմությունները հենց այդ մարդիկ են բերում մեր խմբագրություն: Մենք  երբեք չենք անում առաջին քայլ:

-Շատերը գալիս են «Կիսաբաց լուսամուտների» խմբագրություն՝ Հրաչ Մուրադյանից օգնություն  ստանալու ակնկալիքով, բայց եթերում չերևալու նախապայմանով: Լինո՞ւմ են դեպքեր, երբ չեք հասնում պատմությունը եթեր հեռարձակելուն, թե՞ ձեր նախապայմանն էլ պատմության ցուցադրումն է:

-Եթե դա մեր ուժերի սահմանում է և կարող ենք անել՝ եթեր չհասնելով, այո, ինչ-որ ձև փորձում ենք աջակցել: Դա անում է բարեգործական հիմնադրամը, սակայն մեր կանոնադրության մեջ էլ կա մի սկզբունք, որ «Կիսաբաց լուսամուտներ» հիմնադրամը հնարավորություն ունի օգնելու բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են հեռուստաշոուին: Հիմնադրամը չի որոշում՝ ում որքանով օգնեն. մենք ընդամենը կամուրջ ենք ծրագրին մասնակցած մարդու և մեկ այլ մարդու միջև, ով ցանկություն է ունենում օգնելու այդ մարդուն:

-Երբ նժարի վրա են հայտնվում ուրիշի «կեղտոտ սպիտակեղենը» եթեր բերելը (ինչպիսի գնահատական հիմնականում ստանում է նախագիծը) և օգնությունը, որը ցուցաբերվում է, արդարացվա՞ծ եք համարում «Կիսաբաց լուսամուտների» գոյությունը:

-Միանշանակ: Գիտեք, շատ դեպքերում ինչ մեծ խիղճ է արթնանում շատ մարդկանց մոտ, և որքան ենք մենք վերագնահատում այն, ինչ ունենք: Մենք հնարավորություն չենք ունեցել տեսնելու դա և զգալու այն, ինչ ունենք: Եթե դու ուզես տեսնել սևը, կգտնես ճանապարհ դեպի սևը, եթե ուզես տեսնել սպիտակը, կտեսնես այն, դա միայն քո աշխարհընկալումից, դաստիարակությունից ու պատկերացումներից է կախված:

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Գինետան լուսանկարներն արվել են "In Vino"-ում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել