Տղամարդու և Կնոջ մոլորակային ողբերգությունը – մի գեղագիտական ուսումնասիրության մեջ: Կյանքի գաղտնիքը, ցավը և լույսը տրոփում են գեղագետի սրտի մեջ… Ֆեդերիկո Ֆելլինի – «Ճանապարհ» ֆիլմը…

Ջելսոմինա~, Ջելսոմինա~, ու՞ր ես գնում… Մի գնա~, մի գնա~, մի~ թող մորդ և չորս քույրիկներիդ: Բայց Ջելսոմինան չի կարող չգնալ, մայրը և քույրիկները սոված են, ընդամենը տասը հազար լիրով մայրը համաձայնում է նրան տալ կրկեսի թափառական արտիստ Ձամպանոյին: Ջելսոմինա – փխրուն, վեհերոտ հայացք, ծանր վերարկուի մեջ առած մի փոքրիկ մարմին, մարդուն վստահորեն նայող մանկական աչքեր… Դեռ կին չէ, բայց երեխա էլ չէ… Այս քնքուշ, անպաշտպան արարածը – ու~մ ձեռքերում: Ձամպանո~ – դու չուգունե շղթան ջարդում ես կրծքի մկանների լարումով, դու մի թափառական ցուլ ես, դու գրեթե անասուն ես – և քո ձեռքերում է այս քնքուշ աղջնակը…

Ձամպանոն – տղամարդկային էներգիայի խտացումը, մարդկային ցեղի ու դաժանության, կոպտության ու անսրտության այս մարմնացումը: Միայն կարելի է պատկերացնել, թե այդ թափառականը ինչպես է առաջին անգամ վերցնում քնքուշ Ջելսոմինային, ի~նչ է կատարվում Ջելսոմինայի սրտի մեջ… Իսկ կատարվում է անսպասելին – ամենօրյա խեղճության, կեղտի, ստորացման մեջ նկատվում է մի մեղմ ճառագայթ – Ջելսոմինան սիրու~մ է այդ անասունին: Ձամպանոն մարդ է սպանում, Ջելսոմինան գրեթե խելագարվում է, խղճահարված բռնակալը ասում է. «Ուզու՞մ ես՝ ես քեզ տուն տանեմ, մորդ մոտ…», ինչին նա պատասխանում է. «Իսկ քեզ հետ ո՞վ կմնա…»: Եվ հանդիսատեսն էլ ցավով մռնչում է Ջելսոմինայի հետ – ողորմելի բռնակալ, քեզ հետ ո~վ կմնա, դու առանց կնոջ կորա~ծ ես: Բայց ո՛չ Ջելսոմինայի, ո՛չ մեր աղաղակը չի հասնում վայրենացած տղամարդուն – նա մի օր լքում է քնած, անպաշտպան աղջկան: Հեռանալիս Ձամպանոն նրա կողքին դնում է շեփորը, որի վրա Ջելսոմինան նվագում էր իր սիրո մեղեդին…

Տարիներ անց այդ մեղեդին Ձամպանոն լսու~մ է – մի գեղջկուհի երգում է այն… Նա Զամպանոյին պատմում է մի կեսախելագար աղջկա մասին, որ նվագում էր այդ մեղեդին… Այն մասին, որ նա հիվանդացել ու մահացել է իրենց տանը… 
Ուշացած զղջումը պատառոտում է Ձամպանոյի սիրտը, կայծակները լուսավորում են երկինքը և հանցագործի դեմքը – հազարավոր տարիներ նույն հանցանքը կատարած տղամարդը ուր որ է` կարո~ղ է ՄԱՐԴ դառնալ… Ջելսոմինա~, Ջելսոմինա~, լսու՞մ ես, Ձամպանոն սիրու~մ է քեզ…

Այս ԼՈՒՐԸ – Քո Ձամպանոն արդեն սիրու~մ է քեզ – ահա, այս ԼՈՒՐԸ ֆիլմը բերում է աշխարհի բոլոր բռնադատված կանանց… Եվ ոչ միայն նրանց – բոլոր կանանց: Բերում է Տղամարդու մոլորակային զղջումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել