Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող վերջին զեկույցներից մեկում նշվում է, որ անհանգստություն է առաջացնում բանակի սպաների շրջանում դատվածությունների բարձր աստիճանը։ Առաջին հայացքից կարելի է ոչ մի էական նշանակություն չտալ այս եզրույթին, հատկապես եթե առնչություններ չես ունեցել բանակի ու դրա մի շարք հիմնախնդիրների հետ, մինչդեռ սա կողմնակի հետևանք է ավելի խորքային խնդիրների ու դրանց դեմ ձեռնարկվող միջոցարումների, որոնց մեծ մասը վրիպում է հասարակության ավելի լայն շերտերի աչքից։

Հիշում եմ իմ ծառայության տարիները։ Ես ծառայել եմ մի ժամանակամիջոցում, երբ բանակի բարձրաաստիճան ղեկավարությունը մի քանի անգամ փոխվեց (Սերժ Սարգսյան, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան), ու կարելի է ասել՝ բանակի արմատական բարեփոխումներին նախորդող «Վազգեն Սարգսյանի բանակ»-ի վերջին ամիսներին եմ եղել։

Ոչ մի կերպ չցանկանալով գնահատական տալ Վազգեն Սարգսյանի գործունեությանը՝ ուղղակի ուզում եմ ակնարկել, որ 2000-ականների սկզբին այդ մոդելն իրենից ներկայացնում էր մի մարմին, որը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ կանոնավոր բանակ կոչվածի հետ, միևնույն ժամանակ պարունակում էր բազմաթիվ էլեմենտներ ֆիդայականության ու քրեական աշխարհի (այո-այո, հենց այդպես) հետ, ու ամենամեծ խնդիրներից մեկը, որը ես կնշեի, զինվորի գրեթե տոտալ իրավազրկությունն էր զինվոր-սպա փոխհարաբերությունների կոնտեքստում։ Ինչպես սիրում էր կրկնել այն ժամանակներում զորամասերից մեկի հրամանատարը՝ «Զինվորը հետույք է, հետույքը... շինելու համար է»։ Շատ մեղմացված եմ իրականում ներկայացնում այդ «թևավոր խոսքը»...

Այս մոտեցումը գրեթե համատարած էր՝ չհաշված բացառությունները, ու բանակի համակարգն էր այն ժամանակ այնպիսին, որ նույնիսկ նման մտադրություններ չունեցող նորաթուխ սպան ի վերջո ստիպված էր լինում հանգել այդ հայեցակարգին, որովհետև հակառակ դեպքում զինվորները «նստում էին նրա մեջքին», իսկ ավելի վերադաս հրամանատարությունն այնքան խնդիրներ էր ստեղծում այդ սպայի համար, որ վերջինիս մնում էր միայն երկու այլընտրանք. կամ լքել բանակը, կամ էլ զինվորին դիտարկել որպես հետույք...

Ինչպես կարելի է փոխել նման արատավոր համակարգը։ Ակնհայտ է, որ չես կարող մի օրվա մեջ ձերբազատվել հազարավոր սպաներից, որոնք, իրենց բոլոր թերություններով հանդերձ, հանդիսանում են բանակի ողնաշարը, ու առանց նրանց բանակը վեր է ածվում պարզապես զինված ուժերի՝ բառի վատ իմաստով։ Հետևաբար պետք էր փոխել բանակային համակարգի հիմնարար կանոնները, ու դա անհնար էր անել առանց կտրուկ ու նույնիսկ ռադիկալ քայլերի, և դա արվեց ու արվում է։ Ու եթե առաջ զինվորին էին դատում ամեն մանրուքի համար, իսկ սպաներին գրեթե ոչնչի համար չէին դատում, ապա հիմա սպաների նկատմամբ օրենքն ավելի խիստ է, ու քրեական գործերն ու ծառայողական քննությունները կարող են սկսվել ցանկացած թերացման համար, առավել ևս, եթե այդ թերացումը բերել է մարդկային կյանքերի ու առողջության կորստի։

Օրինակ՝ վերցնենք նույն ավտովթարը, որը տեղ գտավ մի քանի օր առաջ, ու որի արդյունքում զոհվեց ժամկետային զինծառայող։ Քաղաքացիական կյանքում նման ավտովթարների դեպքում եթե ինչ-որ մեկի նկատմամբ վարույթ է սկսվում, ապա դա լավագույն դեպքում լինում է մեղավոր վարորդը։ Իսկ գիտե՞ք դուք արդյոք, որ այդ վթարի հետևանքով հիմա քննություն է իրականացվում ոչ միայն այդ վարորդի, այլև տվյալ զորամասի ավտոծառայության պետի, սպառազինության գծով տեղակալի ու այլ սպաների նկատմամբ, և եթե պարզվի, որ ղեկին գտնված զինվորն իզուր է վարորդական իրավունք ստացել ԴՈՍԱԱՖ-ի կողմից, ապա պատասխանատվության կարող է ենթարկվել նաև նրան այդ իրավունքը տվողը։ Այսպիսով, տեսականորեն մի վթարի արդյունքում տեսականորեն կարող են պատասխանատվության, այդ թվում նաև քրեական պատասխանատվության ենթարկվել միանգամից մի քանի մարդիկ։

Գուցե առաջին հայացքից սա ոմանց թվա չափազանց խիստ, իսկ ոմանց համար էլ միևնույն է՝ բավարար պատճառ չհանդիսանա, որպեսզի շարունակեն աղաղակել բանակում տիրող «բառդակի» մասին (առավել ևս, եթե աղաղակողի գերխնդիրը հենց աղաղակելն է, այլ ոչ թե խնդիրներ լուծելը)։ Սակայն եթե կենտրոնանանք ավտովթարների հարցի վրա, կարող ենք ասել, որ այդպիսի վթարները եզակի են դարձել՝ համեմատած 10 տարի առաջվա հետ, էլ չասենք, թե ինչ հսկայական տարբերություն կա, եթե համեմատենք քաղաքացիական ոլորտի հետ, ընդ որում ոչ թե բացարձակ քանակի առումով, այլ տոկոսային հարաբերակցությամբ։ Սա հետևանք է նաև նրա, որ բանակում բարձրացվել է պատասխանատվության սանդղակը, ու հիմա ավտոծառայության պետն ավելի աչալուրջ է վերահսկում, որ մեքենաները լինեն սարքին, որովհետև գիտի, որ հակառակ դեպքում պատասխանատվության կարող է ենթարկվել ոչ միայն մեղավոր վարորդը, այլ նաև ինքը։

Նույնն էլ մնացած ասպարեզներում է։ Պատասխանատվության սանդղակի բարձրացումն ու խստացումը բերում է նրան, որ մի կողմից, այո՛, բարձրանում է սպաների դատվածության ու տույժերի ցուցանիշը, բայց մյուս կողմից նաև փոխվում է ու ավելի է լրջանում սպաների մոտեցումը ծառայությանն առհասարակ ու իրենց ծառայողական պարտականությունների ճշգրիտ կատարմանը՝ մասնավորապես։ Պարզապես պետք է հասկանալ, որ մենք ունենք երիտասարդ բանակ, որտեղ դեռ երկար տարիներ պետք է բարեփոխումներ անել, ու այն զարգանալու դեռ շատ տեղ ունի։ Վերադառնալով սկզբնական հարցադրմանը՝ դատե՞լ, թե՞ չդատել, կարող եմ իմ անձնական կարծիքն ասել. հաշվի առնելով մեր մենթալիտետի առանձնահատկությունները՝ պետք է դատել, բայց միայն արդար հիմքերով ու ոչ ինքնանպատակ, որովհետև չի կարելի վստահել բացառապես անձի բարձր ինքնագիտակցությանը, այն էլ բանակում, և փոխարենը պետք է գործի պատժող ու խրախուսող գործուն համակարգ, և մի քանի տարի անց համակարգը վերջապես կկայանա այս հարցում ևս, և այդ խնդիրը կդադարի սուր արտահայտումներ ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել