Tert.am-ը գրում է.

Քուրդ մտավորական Դուրսուն Ալի Քյուչուքի հոդվածը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության, Թուրքիայում իրականացված ցեղասպանությունների ու ժխտողական քաղաքականության մասին է: 

Hye Tert-ում տեղ գտած հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Եթե տեսնեք ձեր հանդեպ տեղի ունեցող ցեղասպանությունը՝ կմոտենաք Հայոց ցեղասպանությանը: Քանի դեռ չեք ճանաչել Ցեղասպանությունը, ամեն օր ձեր հանդեպ տեղի ունեցող ցեղասպանությունը չեք տեսնի: Թուրքիան Մերձավոր Արևելքի ժողովուրդների իրավունքները ոտնահարողի անունն է: Թուրքիային հարցնել է պետք՝ դեռ քանի՞ ցեղասպանություն պետք է իրականացնեք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչեք:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարին է մոտեցել: «Իթթիհաթ վե թերաքքիի» օսմանցիները, բացի ներկայիս Հայաստանից, մյուս հայկական հողերն ու հայերին գրեթե ջնջեցին քարտեզի վրայից:
Խմբակային հրկիզումներ եղան:

Նավերը լցնելով՝ Սև ծովը թափեցին մարդկանց:

Աղջիկներին ու կանանց տիրացան, և Սաբիհա Գյոքչեն դրա ամենավառ օրինակն է (Աթաթուրքի որդեգիր դուստրը -Tert.am)։

Հավաքական սպանություններ տեղի ունեցան:

Հայերին օգնողներին սպառնացին մահապատժի ենթարկել:

Խմբակային սպանություններից փրկվածները ճանապարհ ընկան: Տեղահանություն տեղի ունեցավ: Ճանապարհներին շատերը դարձյալ սպանվեցին:

Սովից ու հիվանդություններից մահացան:

Այդ ամենը պատմելով չի վերջանա:

Մի հայ մայրիկ Ցեղասպանությունը բնութագրելու համար ասել էր. «Եթե ծառերը գրիչ դառնային, իսկ օվկիանոսները՝ թանաք, դարձյալ քիչ կլիներ Ցեղասպանությունը նկարագրելու համար»:
Շատ իրավացի էր:

Ուղիղ 100 տարի է անցել: Թուրքիայի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունից ստանձնեց ու շարունակեց:

Թալեաթ փաշան այդ ժամանակ ասում էր, թե Հայկական հարցը լուծվել է:
Ինչպե՞ս էր լուծել. մի ազգի սպանելով, հողերից պոկելով, ոչնչացնելով…

Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն էլ կարծում է, որ Հայկական հարցը լուծվել է՝ դրա վրա «բետոնե ծածկ» դնելով ու շարունակական քաղաքականությամբ:

Օսմանցին միայն հայերի ցեղասպանությամբ չբավարարվեց: Բոլոր քրիստոնյա ազգերը՝ Անատոլիայում, Միջագետքում, ցեղասպանություն տեսան:

Քրիստոնյա ժողովուրդների հարցը «լուծելուց հետո» հերթը մուսուլմաններին ու ալևիներին հասավ:
Դեռ քանի՞ ցեղասպանություն է պետք:

Հույներ, պոնտոսցիներ, ասորիներ. Թուրքիայի Հանրապետության տարիներին ցեղասպանության ենթարկվեցին:

Հետո հերթը հասավ քրդերին, արաբներին, ալևիներին:

Նրանք բոլորը ցեղասպանության ենթարկվեցին: Այդ ցեղասպանությունների նպատակն էթնիկ ու հավատքի զտումն էր, թուրքացումն ու մուսուլմանացումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել