Մենգիստու Հայլե Մարիամ-եթովպիացի պետական քաղաքական գործիչ, 1977-87 թվականներին Եթովպիայի ժամանակավոր ռազմական ադմինիստրատիվ խորհրդի նախագահ, 1977-91 թվականներին Եթովպիայի նախագահ, Եթովպիայի Խորհրդարանի նախագահ, 1987-91 թվականին Եթովպիայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար: Կարլ Մարքսի հավատարիմ գաղափարակիր, Բրեժնևի կառավարման տարիներին խորհրդային վարչախմբի հավատարիմ բարեկամ, Աֆրիկայի ամենաարյունոտ բռնակալներից մեկը: Մարդ, ով իր կենդանության օրոք մեղավոր ճանաչվեց և մահապատժի դատապարտվեց` սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն կազմակերպելու համար: Նրա կառավարման տարիներին Եթովպիան դարձավ աշխարհի ամենաաղքատ և սոված երկրներից մեկը:

Մենգիստուն ծնվել է 1937 թվականին Եթովպիայի հարավում զինվորականի ընտանիքում (մի տեսության համաձայն` նա կապրալի և արիստոկրատ մի կնոջ` նախարարի քրոջ, ապօրինի երեխան է), Հայել Մարիամի կենսագրությունը համարվում է աֆրիկյան գործիչներից ամենախորհրդավորը, քանի որ նրա ծագման մասին բավական սահմանափակ տեղեկություններ են հայտնի: Մարիամը մեծացել է եթովպիական ազնվական ընտանիքում, նախարար քեռու շնորհիվ ընդունվում է զինվորական ակադեմիան: Նրա տատը Եթովպիայի կայսրուհու սպասուհիներից էր, և Հայլե Մարիամը նույնպես դարձավ պալատական զինվորական ծառայող:

1969-70թթ. Մենգիստուն սովորել է ԱՄՆ-ում, որտեղ ստացել է տնտեսագետի կոչում: 1974 թվականին Հայլե Սելասսիի գլխավորությամբ տապալվում է կայսեր իշխանությունը, շատ կարճ ժամանակ անց Սելասսին մահանում է, և երկրի իշխանությունն անցնում է զինվորական խորհրդի ձեռքը, որն էլ սկսում է ղեկավարել Եթովպիան վեց հոգուց բաղկացած զինվորականների խունտայով, որոնց թվում էր նաև Հայլե Մարիամը: Այդ խունտան էլ դարձավ երկրի հիմնական ղեկավարող և որոշում ընդունող մարմինը:
1974 թվականի նոյեմբերի 23-ին Մենգիստուն իր մի խումբ հավատարիմ զինակիցների օժանդակությամբ Եթովպիայում հեղափոխություն է կազմակերպում, իսկ երկրի ժամանակավոր կառավարիչ Աման Անդոմը այդ պայքարում սպանվում է: Մարիամի հրամանով սպանվում են Եթովպիայի 59 ազնվականներ և բարձրաստիճան այրեր` որոնց թվում` երկրի երկու վարչապետները, 12 նահագապետներ, 18 գեներալներ: Պետության ղեկավարությունն անցնում է գեներալ Թեֆերի Բանտին. այս շրջափուլում հասարակության շրջանում աստիճանաբար աճում էր Մենգիստու Հայլե Մարիամի հեղինակությունը:
Երկրում ստեղծվել էր մի լճացած իրավիճակ, երբ մարդիկ գտնվում էին բացահայտ անօգնական և անելանելի իրադրությունում: Երկրում տեղի ունեցող հեղափոխական իրականությունը մարդկանց հույս ներշնչեց, ըստ որի, նրանք ակնկալում էին տիրող իրավիճակի և կենսապայմանների բարելավում:
Երկրում իշխող զինվորական ղեկավարության դեմ սուր քննադատությամբ և մեղադրական ելույթներով սկսեցին բացահայտ հանդես գալ, ժողովրդական-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչները, որի կազմում հիմնականում ընդգրկված էր մայրաքաղաքային ինտիլիգենցիան:

1975 թվականին բռնություններին ի պատասխան` ժողովրդական-հեղափոխական ուժերը ծրագրեցին մի շարք ահաբեկչական գործողություններ. ահաբեկչական փորձ կատարվեց նաև Հայլե Մարիամի նկատմամբ: Երկրում միանգամից ակտիվացան զանգվածային անկարգությունները, բանկերի թալանը դարձավ տարածված երևույթ: Հենց այս ժամանակահատվածում Մենգիստոյի ձեռքում սկսեց կենտրոնանալ իշխանության հիմնական լծակները, իսկ 1977 թվականի փետրվարին նա զբաղեցրեց Եթովպիայի ժամանակավոր կառավարության զինվորական խորհրդի ղեկավարությունը:
Հայլե Սելասսի ղեկավարման ժամանակահատվածում երկրիը սերտ համագործակցություն էր սկսել ԱՄՆ-ի հետ: Ամերիկացիները Եթովպիային օժանդակում էին զենքով և այլ ռազմամթերքով, ինչպես նաև աջակցություն էին ցուցաբերում ռազմական մասնագետների վերապատրաստման գործում: Մենգիստուն ամեն կերպ փորձում էր ընդլայնել ամերիկացիների գործունեության շրջաններն ու ավելացնել ներդրումների ծավալները, սա հատկապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ ժամանակահատվածում միանգամից սկսվեց ակտիվանալ Էրիթրեան, և երկրում սկսվեց ապստամբություն: Անհրաժեշտ է շեշտել, որ Էրիթրեայի ապստամբերի տիրապետության տակ էր անցել այդ նահանգի գրեթե ամբողջ վերահսկողությունը: Նմանատիմ մի պայթունավտանգ իրավիճակ էր հասունանում նաև Օղադեն նահանգում, որտեղ բնակչության գերակշռող մասը կազմում էին էթնիկ սոմալիցիներ: Այս նահանգներն ունեին Սոմալիի բացահայտ աջակցությունը:
Եթովպիայում ծավալված ներքաղաքական այս պայթունները, սակայն, «Քեռի Սեմի» կողմից բավականին սառն ու անտարբեր ձևով արձագանքվեցին, բացի դրանից, ի հեճուկս եթովպիական չինովնիկների սպասելիքների, եթովպիական նոր ղեկավարությանը ԱՄՆ-ը մեղադրեցին բռնությունների և մարդու իրավունքների ոտնահարումների մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Կարտերը դադարեցրեց Եթովպիային տրվող գրեթե բոլոր օժանդակությունները: 
Ստեղծված քաղաքական մարտահրավերը Մենգիստոյին այլընտրանք չտվեցին, և նա առանց երկմտելու օգնության խնդրանքով դիմեց ԽՍՀՄ-ին:
1977 թվականին Հայլե Մարիամը հայտարարեց, որ Եթովպիայում նոր` սոցիալիստական, հեղափոխական կուս է հաստատվում, և խզեց ԱՄՆ-ի հետ բոլոր տեսակի կապերը: Եթովպիական կողմը ԽՍՀՄ-ին, իր ցուցաբերած օգնության և ռազմական դաշնակցության դիմաց, առաջարկում էր Մասսոի նավահանգիստը: Խորհրդային երկրի օժանդակությունը չի ուշանում, և շատ շուտով Եթովպիայում հայտնվում են խորհրդային տանկեր և այլ զինտեխնիկա: Երկրի իշխանությունները, ստանալով օժանդակություն, լծվեցին Եթովպիայի ժողովրդի զանգվածային միլիտարիզացմանը. բանակը ռեկորդային արագությամբ էր աճում` 10 հազարից դառնալով 300 հազար:
Օղադեն նահանգի շուրջ ծավալվող պայքարը շատ արագ վերծվեց եթովպիա-սոմալիական պատերզամի: Հայլե Մարիամը հաճախ անձամբ լինում էր մարտադաշտում: Զինվորների ռազմական ոգին բարձրացնելու համար նա հաճախ ցուցադրաբար գնդակահարում էր դասալիքներին: 
Չնայած սովետական օժանդակությանը` եթովպիացիները պատերազմում պարտություն կրեցին: 
Հարկ է նշել, որ հենց այս ճգնաժամային շրջափուլում եթովպիական ներքաղաքական դաշտում օրստօրե զարգանում էր Էրիթրեայի ազգային ճակատը, որը Եթովպիայի գլխին դարձել էր իսկական պատուհաս: 1978 թվականին, ի վերջո, սովետա-կուբայական զորքերի ցուցադրրած օժանդակության և անմիջական մասնակցությամբ, Օղադենից սոմալիական ուժերը հետ շպրտվեցին:

Այդ դեպքերից հետո Մենգիստուն երկրի հիմնական ռազմական ուժերը ուղղեց դեպի Էրիթրեան: 1978 թվականին Էրիթրեայի նկատմամբ կիրառվեցին լայնամաշստաբ բռնություններ, որի արդյունքում զոհվեց ավելի քան 80 հազար տեղացիներ, սակայն դա չէր խանգարում, որ ապստամբությունը շարունակվի, ինչի արդյունքում 1993 թվականին Էրիթրեան անկախացավ: 
Եթովպիայի ներքաղաքական կյանքում Հայլե Մարիամը ճնշում էր ըննդդիմության ցանկացած գործունեություն. երկրում պարբերաբար փակվում էին համալսարաններ և միջնակարգ դպրոցներ. ցրվել էին երկրոմ գործող արհմիությունները: 1977-թին Մենգիստուն «կարմիր տեռոր» հայտարարեց հեղափոխության թշնամիների նկատմամբ: Եթովպիայի ժողովուրդա-հեղափոխական կուսակցության անդամներին ուղղակի սպանում էին փողոցում: Ցանկացած կասկածելի անձ` անկախ սեռից ու սոցիալական պատկանելիությունից, առանց դատավարության և գործի քննության, գնդակահարվում էր:

Հայլե Մարիամին, իր կոմունիստական հռետորաբանության և անիմաստ կիրառվող «կարմիր տեռորի» պատճառով, կոչում էին «Սև Ստալին»:
Համարվում է, որ 1970-80ականներին եթովպիական բռնություններին ու ահաբեկչական ակտերին զոհ են գնացել մոտ 300 հազար մարդ: Անձամբ բռնակալի կողմից տրվել է 2000 մարդու գնդակահարման հրաման:
Երկրի ներսում կիրառվող համընդհանուր ազգայնականացման գործընթացը հանգեցրեց ներքաղաքական ճգնաժամի, քանի որ ազգայնականացվեցին բոլոր բանկերը, ֆինանսական և արդյունաբերական ընկերությունները, ինչը հանգեցրեց մասնավոր կապիտալի սառեցմանը: Գյուղացիական համայնքներում տեղի ունեցավ հողային ռեֆորմ, որով հողը խլվեց «հին ազնվականությունից»: Հողի ազգայնականացմամբ կտրուկ աճեց մարդկանց հոսքը դեպի քաղաք, ինչն իր հերթին բերեց տնտեսական լուրջ խնդիրներ: Բանն այն է, որ գյուղատնտեսության անկմամբ հարցականի տակ էր մնում մի քանի հարյուր հազարանոց բանակի կերակրման հարցը: Հենց այս և նմանատիպ այլ խնդիրներ վարչախմբին դրդեցին գյուղացիների հանդեպ կիրառել բռնություններ. սկսեցին բռնի զավթել գյուղացու ունեցվածքը:
Մի քանի տարվա ընթացքում Եթովպիայում գյուղից քաղաք տեղահանվեց 12,2 մլն մարդ: Հենց դրանով էր ուղղակի պայմանավորված, որ երկրի արդյունաբերությունը աստիճանաբար կաթվածահար էր լինում:
Զինվորական վարչախմբի կառավարման ողջ ընթացքում Եթովպիան տնտեսական ցուցանիշներով բառացիորեն ոչ մի առաջընթաց չգրանցեց, և վերածվեց աշխարհի ամենաթշվառ երկրներից մեկի:
1984-85թ.երին Եթովպիայում տարածվեց համատարած սով, իսկ երկրում ստեղծված այդ ծայրահեղ վիճակի հիմնական մեղավորը Մենգիստու Հայլե Մարիամի սուր տնտեսական քաղաքականությունն էր, որին զոհ գնացին ավելի քան 1մլն. մարդ:

1980թ-ին Մարիամը նախաձեռնեց բնակչության գրագիտացման քաղաքականությանը, քանի որ ազգաբնակչության միայն 10 տոկոսն էր գրագետ. արդեն 1984-ին գրագետները կազմում էին 30-60 տոկոս:
Զինվորական խունտան, իշխանության գլուխ անցնելով, զանգվածային պայքար ծավալեց նաև ուղղափառ եկեղեցու դեմ, որը մինչ այդ հանդիսանում էր կայսերական միապետության հիմքը: Եկեղեցին տարանջատվեց պետությունից, բազմաթիվ եկեղեցիներ ու մենաստաններ ուղղակի փակվեցին, իսկ գույքը պետականացվեց: Եկեղեցիական հողերը բռնակալի իշխանության կողմից ազգայնացվեցին, եպիսկոպոսներն ու վանականները զանգվածաբար բանտարկվեցին, որոնցից մի նշանակալի մասը զուտ գլխատվեց: 
Սոցիալիստական երկրների օրինակին հետևելով` Մենգիստոյի մոտ առաջանում է Եթովպիայում կառավարող կուսակցություն ստեղծելու գաղափարը, որը պետք է հանդիսանար պետության հիմնասյուներից մեկը: 1984թ. ռազմական խորհուրդը հրաման է տարածում, ըստ որի, երկրում ստեղծվում էր նոր` մարքսիստ-լենինիստական կուսակցությունը, այն հետագայում վերանվանվեց Եթովպիայի աշխատավորական կուսակցության (ԵԱԿ), գլխավոր քարտուղար դարձավ Մենգիստու Հայլե Մարիամը` միաժամանակ դառնալով նաև Գերագույն խորհրդի նախագահ:
1980-ականների վերջին խորհրդային իշխանութունների թուլացումն ուղղակի իր ազդեցությունն ունեցավ Եթովպիայում ծավալվող դեպքերի վրա: Խորհրդային վարչակարգի կողմից աջակցության կրճատվելուն զուգահեռ` ցնցումներ ստացավ նաև Մարիամի վարչախումբը: Էրիթրեայի հետ ռազմական բախումները դեռ չէին ավարտվել, և դրան գումարած խորհրդային զինուժի բացակայութունը, աստիճանաբար թուլացրեցին եթովպիական բանակի դիրքերը: Կառավարական ուժերը լքեցին Էրիթեայում և Թիգարայում ունեցած իրենց դիրքերը, և 1991թ. հազիվ կարողացան պահպանել մայրաքաղաք Ադիս-Աբեբայի մատույցները: Հասկանալով երկրում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը, որն արդեն անցել էր վերահսկելիության սահմանը, 1991թ. մայիսի 22ին Մենգիստու Հայլե Մարիամը փախավ Զիմբաբվե. Եթովպիայում հաստատվեցին Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-դեմոկրատական ճակատի ուժերը: 

1994թ. Մարիամի և նրա 76 համախոհների նկատմամբ քրական գործ հարուցվեց և սկսվեց դատավարություն: Հիմնական փաստական ապացույցներն էին` բռնակալի կողմից ստորագրված մահապատժի հրամանագրերը, տանջանքների տեսագրությունները, ականատեսների վկայութունները: Դատարանը Մենգիստուին և նրա տասնմեկ համախոհներին քրեական օրենսգրքի 211 կետով մեղավեր ճանաչեց, որոնց թվում 1970-80 թվականների զանգվածային բռնությունները, քաղբանտարկյալներին կտտանքներով ստորացնելը, զինվորական հանցագործութունները, ապօրինի ձեռբակալությունները և այլն: 
Ադիս-Աբեբեյում բռնակալի դատավարութունը ձգվեց ավելի քան 12 տարի: Այդ ողջ ժամանակահատվածում քաղաքական հանցագործը բնակվում էր Զիմբաբվեում (ի դեպ մինչև հիմա Մենգիստու Հայլե Մարիամը բնակվում է այնտեղ), որտեղ նրան քաղաքական ապաստան էին տվել: Զիմբաբվեում նրան համարում են իրենց երկրի հավատարիմ դաշնակիցն ու անկախության նվիրյալ մարտիկ, չնայած ընդդիմադիր ուժերն անընդհատ դեմ են արտահայտվում արյունոտ բռնակալին երկրում պահելու փաստին:

2007 թվականի հունվարի 11-ին Եթովպիայի գերագույն դատարանը հեռակա կարգով Մենգիստու Հայլե Մարիամին դատապարտեց ցմահ ազատազրկման, որից հետո վճիռը վերանայվեց` փոխարինվելով մահապատժի:
Տարբեր տեսակետների համաձայն Հայլե Մարիամի կառավարման տարիներին Եթովպիայում զոհվել, սպանվել և սովամահ է եղել ավելի քան երեք միլիոն մարդ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել