Tert.am-ը գրում է.

Ամերիկյան The Sacramento Bee պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ հրապարակելով «Հայոց ցեղասպանության ողբերգությունը. Կալիֆոռնիայում վերածննդի պատմություն» վերտառությամբ ուշագրավ հոդված:

Այն պատմում է 1915թ. Ցեղասպանությունից փրկված ու Կալիֆոռնիայում վերածնունդ ապրած հայերից մեկի մասին:

Ֆրեզնոյաբնակ հոդվածագիր Մարկ Արաքսը գրում է, որ 1915թ. սարսափելի դեպքերի մասին պատմությունները լսել է վաղ մանկությունից` հարազատներից, բարեկամներից, հայկական եկեղեցու հավատացյալներից:

«Թեև այն, ինչ նրանք պատմում էին, հավատը չգալու չափ սոսկալի էր, այնուհանդերձ՝ այդ ամենն իրականություն էր. մահվան երթեր անատոլիական դաշտավայրով, գլխատված հայ տղամարդիկ, բռնաբարված ու խարույկի վրա այրված կանայք, օսմանյան զինվորների ու նրանց քուրդ օգնականների թրերից ընկած հայ մանուկներ:

Մորական պապս պատմում էր, որ իր ընտանիքից 42 հոգի սպանվել է. ողջ է մնացել միայն ինքը: Այնուհետև նա բարձրաձայն արտաբերում էր 42 զոհերի անունները»,- գրում է Արաքսը` հաջորդիվ ներկայացնելով Ցեղասպանության վերաբերյալ մի շարք պատմական փաստեր:

Հեղինակն իր անդրադարձում շեշտը դնում է ոչ թե անցյալի դաժան պատմությունները վերաշարադրելու, այլ  այդ ողբերգությունից հետո հայերի վերածննդի մասին պատմելու վրա: Արաքսը, մասնավորապես, անդրադառնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 2-րդ կյանք գտած հայերին ու նրանց հետնորդներին:

Արաքսը պատմում է հայերով բնակեցված փոքրիկ Ֆաուլեր քաղաքի ու, մասնավորապես, Ռաստիգյան ընտանիքի մասին: Հոդվածագիրն այս անդրադարձը պատրաստելու համար հանդիպել է ընտանիքի ամենատարեց ներկայացուցչին` 93-ամյա Հարի Ռաստիգյանին:

«Նրանց տոհմը դարեր շարունակ բնակվել է Արևմտյան Հայաստանում` թուրքերի հետ կողք-կողքի: Սակայն Ռաստիգյաններին հաջողվել է փրկվել Ցեղասպանությունից, քանի որ 1912թ. նրանց թուրք հարևանը նախազգուշացրել է, որ «հայերի համար լավ ժամանակներ չեն սպասվում, ուստի նրանք պետք է հնարավորինս շուտ հեռանան»: Այդ պատճառով Հարիի հայրը 1913թ. մեկնում է ԱՄՆ, հաստատվում Ֆաուլերում ու խաղողի մեծ այգի տնկում:

Իր պատմական հայրենիքից հեռու ծնված Հարին շարունակել է հոր գործը՝ հայերի 3.000-ամյա ավանդույթը, և խաղող է տնկել: Դա կարծես թուրքերին ուղղված կոչ լիներ, որի իմաստը հետևյալն է. «Դուք փորձեցիք, բայց մենք դեռ ողջ ենք»»,-գրում է հեղինակը:

Նա նաև հավելում է, որ շուկայում առաջացած խնդիրների պատճառով Հարին վերջերս ստիպված է եղել վերացնել խաղողի այգիներն ու դրա փոխարեն նշենիներ տնկել:

«Ինձ համար դժվար էր այդ քայլին գնալ: Երբ մտածում եմ, թե ծնողներս ինչերի միջով են անցել իրենց կյանքը պահպանելու համար, սիրտս ճմլվում է: Այգիները վերացնելը մեծ ցավ է, քանի որ խաղողը կարծես հոսում է իմ երակներով»,- եզրափակում է հեղինակը՝ մեջբերելով ծերունու խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել