Սննդաբանները խորհուրդ են տալիս զգույշ լինել նույնիսկ այնպիսի սննդամթերքների դեպքում, որոնք օգտակար են համարվում։ Բոլոր մայրիկները գիտեն, որ չիպսերը, գազավորված ըմպելիքները և կարտոֆիլի ֆրին երեխաներին անհամապատասխան ուտեստներ են։ Միայն թե պարզվում է՝ մինչև երեք տարեկան երեխաներին հակացուցված ուտեստների ցանկը շատ ավելի մեծ է։ detskoe.menu–ն ներկայացնում է երեխաների համար վնասակար 10 մթերքը։

Մսի և ձկան արգանակներ. եփվելիս դրանց պարունակության մեջ չափազանց շատ հյութեր են առաջանում, որոնք գրգռում են երեխայի նրբազգաց ստամոքսաաղիքային համակարգը։ Գերադասելի է փոքրիկներին բանջարեղենի ապուրներ տալ, իսկ միսը հրամցնել առանձին։

Բժշկական երշիկ. բոլոր մայրիկները գիտեն, որ երեխաներին ապխտած երշիկ տալ չի կարելի, սակայն բժշկական երշիկ ու կաթնային նրբերշիկներ տալուց չեն հրաժարվում։ Իզուր՝ սրանք ևս բավականաչափ ճարպ, աղ և սննդային հավելումներ են պարունակում, որոնք երեխայի համար օգտակար չեն։

Կարմիր և սև ձկնկիթ. լսել ենք, որ այս խորտիկը հարուստ է արժեքավոր ճարպերով, և տոներին երեխաներին դրանցով բրդուճներ ենք առաջարկում։ Բարեբախտաբար, շատ մանուկներ դա չեն սիրում։ Դրանց մեջ աղի ավելցուկ կա, ուստի երեխաների համար հարմար ուտեստ չէ։

Ծովամթերք. երեխաները գուցե չհրաժարվեն խաշած ծովախեցգետնից կամ կաղամարից, սակայն դրանք դժվարամարս մթերքներ են, ուստի մանկական սննդակարգից պետք է բացառվեն։

Թթու դրած բանջարեղեն. դդմիկի խավիարը, ձիթապտուղը, վարունգի պահածոն։ Որոշ երեխաներ աղի ուտեստների հանդեպ սեր ունեն։ Սննդաբանները կտրականապես դեմ են, որ երեխաներին նման մթերքներ տան, քանի որ դրանք հագեցած են աղով և տարբեր համեմունքներով։

Սնկեր. Մինչև դպրոցական դառնելը երեխաների համար չարժե ոչ անտառային, ոչ էլ «անվնաս» ջերմոցային սունկ եփել։ Սա շատ դժվարամարս մթերք է և կարող է մարսողության խանգարում առաջացնել։

Շաքարահյութով կաթնաշոռ. այս անուշեղենի մեջ մեծ քանակությամբ շաքար ու ճարպ և ամեն տեսակի նյութեր կան, իսկ կաթնաշոռը, որն իրոք երեխայի համար օգտակար է, շատ քիչ է։

Պաղպաղակ. Բուսական յուղեր, տարբեր տեսակի հավելումներ. այս անուշեղենի բաղադրությունը կարդալով՝ նորից կհամոզվեք, որ երեխաներին միայն կարող է վնաս պատճառել։  

Կաթնահունց բլիթներ. նաև ամենատարբեր անուշեղենով համեմված չորաբլիթներ, վաֆլիներ, տորթեր։ Սրանք երեխայի ստամոքսը ծանրաբեռնում են։ Իսկ եթե դրանք գործարանային արտադրանք են, ուրեմն հաստատ մեծ քանակությամբ կալորիներ ու ալերգիկ նյութեր են պարունակում, քանի որ սննդային հավելումներով են արտադրվում։

Շոկոլադ. մինչև երեք տարեկանը երեխաներին տալ հարկավոր չէ, քանի որ շոկոլադի պարունակության մեջ մտնող կակաոն կարող է ալերգիա առաջացնել։ Իսկ եթե այնտեղ նաև համային արհեստական բաղադրիչներ են ավելացվել, ալերգիայի հավանականությունն ավելի է մեծանում։ Երեք տարեկանից փոքր երեխաների մարսողական համակարգն ամեն մթերք չէ, որ կարող է մարսել, ուստի մանկական սննդաբանի հետ արժե խորհրդակցել։

Կարևոր է իմանալ, որ սնվելիս հարկավոր է հաշվի առնել նաև բնակության վայրը։ Օրինակ՝ սերնդեսերունդ Միջերկրածովյան ավազանում ապրած մարդիկ կարող են ծովամթեք օգտագործել նույնիսկ ամենավաղ հասակից։ Եվ ընդհանրապես ընտանիքներում հարկավոր է որակյալ սնունդ օգտագործել, իսկ վերը թվարկած մթերքները վնասակար են նաև մեծահասակների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել