Tert.am-ը գրում է.

Գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ոչ իրատեսական ու անլուրջ համարեց արևմտահայերենը պետական լեզու հռչակելու վերջին շրջանի կոչերը, որքան էլ այն չքնաղ, հարուստ, շքեղ, Սիամանթոյի, Վարուժանի, Մեծարենցի, Դուրյանի ու այլ մեծերի լեզուն է համարում,  լեզու, որով ստեղծվել է համաշխարհային հզոր գրականություն:

-Պարո՛ն Սարգսյան, մի շարք լեզվաբաններ օրերս հայտարարեցին, որ  1915 թվականին եղել է ոչ միայն ազգի ֆիզիկական ոչնչացում, այլև եղել է լեզվական ցեղասպանություն՝ արևմտահայերենի  ցեղասպանություն,  քանի որ եթե չկա լեզուն, չկա նաև ազգը:  Ձեր մասնագիտական կարծիքը:

-Դրա մեջ մեծ ճշմարտություն կա. արևմտահայերեն  կրողների մեծագույն մասը ոչնչացվեց, լավագույն մասը: Ոչնչացվեց մի սերունդ, այնպիսի բանաստեղծների, գրողների մի սերունդ, որը   համաշխարհային գրականության համար էր գրում` ընտրագույն լեզվով: Եվ, փաստորեն, ոչնչացվեց այդ լեզվի կենդանի կրողը՝ ժողովուրդը, իսկ լեզուն էլ ցաքուցրիվ եղավ հայ ժողովրդի մնացորդների հետ միասին՝ Ամերիկայից մինչև Ավստրալիա: Եվ, բնականաբար,  արևմտահայերենը չէր կարող իր բնական զարգացմամբ գոյատևել. լեզուն կենդանի օրգանիզմ է, նա անընդհատ ապրում է, անընդհատ շնչում է, անընդհատ փոփոխվում է, և այդ շնչելու ու փոփոխվելու համար համապատասխան միջավայր է պետք, համապատասխան կյանք է պետք: Իսկ այդ կյանքը չկար մի ընդհանուր տարածքի վրա, և հիմա էլ չկա, և չկա մի ընդհանուր միջավայր, որում արևմտահայերենը կենդանի կզարգանա:

-Ամեն դեպքում, այն չի մահացել:

-Տարբեր գաղութներում այն ապրում է, շնչում, բայց՝ տարբեր լեզվական ազդեցություններ կրելով: Ցավոք, արևմտահայերենի մոտակա ապագան չի երևում: Ինչո՞ւ, որովհետև այն մարդիկ, ովքեր արևմտահայերենը կրում էին, նրանց սերունդներն արդեն չեն խոսում արևմտահայերեն, շատ քչերն են խոսում, և Սփյուռքում էլ, որ եթե նախկինում միայն արևմտահայերենով էին խոսում, գոնե կենցաղային մակարդակով, այսօր արդեն նաև արևելահայերենն է մտել: Եվ հիմա արևմտահայերենի համար գոյատևման համար շատ քիչ տարածք է մնացել: Ցավոք, այն դառնում է միայն գրքային լեզու, միայն գրական լեզուն, որն արդեն կենդանի շատ քիչ է խոսվում: Այդ առումով, իհարկե, արևմտահայերենի վիճակը աննախանձելի է: Եթե ջանքեր գործադրվեն արևմտահայերենի համար, դրանցից լավագույնը կլինի այն, որ մեր կարողանանք արևմտահայերին՝ մեր ցաքուցրիվ եղած հայրենակիցներին հավաքել մեր պատմական հայրենիքում: Այդ դեպքում արևմտահայերենը կզարգանա: Ես հույս ունեմ, որ մի օր կլինի դա:

-Մի շարք լեզվաբաններ ու գրականագետներ կոչ էին անում փրկել այն՝ պետական երկրորդ լեզու հռչակելով: Ինչքանո՞վ  է սա իրատեսական և արդյո՞ք այսօր ՀՀ-ում գտնվող  մարդը կարող է խոսել, նրան կարող են ստիպել  խոսել  արևմտահայերեն:

-Չէ, դա անիմաստ բան է: Մեր Սահմանադրության մեջ և «Լեզվի մասին օրենքում» գրված է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Հայերենը ներառում է երկու ճյուղեր` արևելահայերեն և արևմտահայերեն: Եվ  հիմա որևէ մեկի մտքով, լուրջ մարդկանց մտքով չի անցնի, որ Հայաստանում մարդիկ կարող են հանկարծ արևմտահայերեն խոսել: Արևելահայերենն ու արևմտահայերենը ինչքան էլ որ հայերենի նույն ճյուղերն են, տարբեր լեզուներ են՝ իրենց քերականական-լեզվաբանական, հնչյունական համակարգով: Եվ հնարավոր չէ մեկը փոխարինել մյուսով: Եվ մեր արևելահայերենը, բնականաբար, ունենալով պետականություն 70 տարի, դարձել է աշխարհի լավագույն լեզուներից մեկը՝ ճկուն, բավական հարուստ գրաբարից ու արևմտահայերենից լեզվամթերքով ու դարձվածքներով, դարձել է մի շատ ունիվերսալ լեզու: Եվ ուզում եմ ասել, որ շատերն էլ արևմտահայերեն ասելով՝ մտածում են, որ խոսքը դասական ուղղագրության մասին է: Կարող է արևելահայերենն էլ դասական ուղղագրությամբ գրվել. դրանով այն չի դառնա արևմտահայերեն: Ինչ վերաբերում է հարցին, թե արևմտահայերենը պե՞տք է ուսումնասիրվի դպրոցներում, ապա այո: Ի վերջո, սա մի հարուստ, գեղեցիկ, չքնաղ լեզու է, որով գրել է Մեծարենցը, Դուրյանը, Սիամանթոն , Վարուժանը, Զոհրաբը: Բնականաբար, մենք պետք է որքան  հնարավոր է այս լեզուն երկարաձգենք, բայց չի նշանակում, որ պետք է պետական լեզու հռչակենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել