Tert.am-ը գրում է.

Հարցազրույցը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է լրագրող Վլադիմիր Սոլովյովին նախագահի պաշտոնը զբաղեցնելու 15-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների առիթով, տևել է 1 ժամ 52 րոպե։ Լրագրողը նշել է, որ նախագահի հետ զրույցը կլինի ֆիլմի հիմքում, սակայն, հավանաբար, ամբողջությամբ չի ներառվի, փոխանցում է РИА Новости-ն։

Հարցազրույցի ընթացքում Սոլովյովը հասցրել է երկրի ղեկավարին հարցնել ամեն ինչի մասին, այդ թվում՝ չեչենական արշավի, օլիգարխների հետ նրա հարաբերությունների, աշխարհում Ռուսաստանի դերի մասին։

«Սկսած չեչենական արշավից՝ վերջացրած օլիգարխ ընկերներով, իշխանության հանդեպ վերաբերմունքով, ամեն ինչի մասին»,- ասել է լրագրողը ռադիոեթերում՝ նշելով, որ իրենք նախագահի հետ քննարկել են նաև միջազգային խնդիրները, պատժամիջոցները, Ուկրաինայում իրավիճակը։ Սոլովյովը Պուտինին նույնիսկ անձնական բնույթի հարցեր է ուղղել։

«Հարցնում եմ՝ ի՞նչը պետք է զոհաբերել նախագահ դառնալու համար։ Ավելի ճիշտ, երբ դառնում ես նախագահ, ի՞նչն ես զոհաբերում։ Նա պատասխանել է՝ «իրականում ամեն ինչ, ընդհանրապես նորմալ կյանք չկա, ահա թե ինչու ես միշտ անկեղծ ասում եմ, որ ինձ բոլորովին դուր չի գալիս նախագահի աշխատանքը»»,- պատմել է լրագրողը։

Հարցազրույցի ընթացքում Պուտինը նշել է նաև, որ հենց դառնում ես նախագահ, գալիս են օլիգարխիկ ընկերներն ու ասում՝ «Դուք հասկանում եք, որ դուք նախագահ չեք։ Մենք կկառավարենք երկիրը»։ Իսկ Պուտինը պատասխանել է՝ «դե դա կտեսնենք», պատմել է Սոլովյովը։ Նրա խոսքով՝ Պուտինը շատ ակտիվ զրուցակից է, ունի տեղեկության հսկայական պաշար, շատ արագ արձագանքել է բոլոր հարցերին, սակայն որոշ պատասխաններ տալուց առաջ չի շտապել և երկար խորհել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել