Tert.am-ը գրում է.

Ըստ հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի հայկական հարցը մտել է միջազգային օրակարգ, ինչը կրկին աշխարհի ուժեղները հարմարեցնում են իբրև գործիք իրենց խնդիրները լուծելու համար:

«Իհարկե էապես ուժեղացել է մարդկության հումանիստական դրսևորումները, բայց դա վերաբերում է հասարակ մարդկանց, ոչ նրանց ովքեր կառավարություններ կամ պետություններ են ղեկավարում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Աշոտ Մանուչարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 24-ին Հայաստան կատարելիք այցին, նշեց, որ ՌԴ-ն, շարունակելով մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը մի կոպիտ սխալ է թույլ տվել, որը գրեթե հավասարազոր է Ուկրաինայի հարցում թույլ տված սխալին։

«Ռուսաստանը թույլ տվեց, որ Թուրքիայի կողմից ապրիլի 24-ին կազմակերպված Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի միջոցառմանը ինչ-որ մարդիկ մեկնեն, որովհետև եթե չգնան, Թուրքիայի հետ հարաբերությունները կփչանան: Բայց գործընկերները նրա համար են, որ չօգտագործվեն հակառակորդի կողմից: Մյուս կողմից էլ՝ բացարձակ անարդյունավետ քայլ է Ռուսաստանի համար, որովհետև Գալիպոլիի միջոցառումը փորձ է ցեղասպանությունները վավերացնել որպես օրինական գործիք՝ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար»,-ասաց նա:

Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ Գալիպոլիի հարցը հազար ու մի տեղ բարձրացվի՝ նշելով, որ այն վավերացնում է Ցեղասպանությունը իբրև գործիք և այն արագ տեղափոխվեց միջազգային օրակարգ:

«Հիմա ամբողջ խնդիրը նրանում է, թե առաջիկա շաբաթվա ընթացքում կհաջողվի՞ բոլորիս չեղյալ հայտարարել Գալիպոլին ու դատապարտել Գալիպոլին որպես միջոցառում, որով փորձ է արվում ցեղասպանությունը վավերացնելու իբրև գործիք: Եթե դա մեզ հաջողվեց, ուրեմն Ռուսաստանն էլ իր աքցաններից դուրս կգա, իսկ եթե ոչ բոլոր դեպքերում հայտնվելու է ծանր վիճակում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատվիրակություն կունենա Թուրքիայում նաև միջազգային հանրության, մասնավորապես Մեծ Բրիտանիայի ազդեցությամբ:

Հարցին, թե ինչ պետք է արվի, որպեսզի Գալիպոլին չեղյալ հայտարարվի, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները պետք է լծվեին այս գործին:

«Դեռևս մեկ շաբաթ կա, և պետք է սթափվեն առաջին հերթին իշխանությունները և ամբողջ քաղաքական դաշտը, որը պետք է հասկանա, որ իրենց դերերը բաշխելուց բացի ուրիշ խնդիրներ էլ գոյություն ունեն և լափը միակ զբաղմունքը չէ իրենց համար: Նրանք պետք է կարողանան զբաղվել Գալիպոլիի չեզոքացմամբ: Բոլորը իրենց գործընկերներին դրսում պետք է կոչ անեն՝ թույլ չտալ, որ Գալիպոլիի միջոցով ցեղասպանությունը վավերացվի որպես գործիք»,- ասաց նա:

Աշոտ Մանուչարյանը նշեց նաև, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի որևէ կերպ մասնակցել  Գալիպոլիի միջոցառմանը և որոշի մայիսի 7-ին մասնակցել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը, ապա Ռուսաստանը կհայտնվի բարդ իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել