Նոր մանրամասներ Լոռիում ձորն ընկած զինվորականներին տեղափոխող վթարից. ՖՈՏՈՇԱՐՔԱպրիլի 17-ին, ժամը  16:40-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում:

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8 հոգի, որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները, Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ Պն մարզի կայազորային զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը: Ժամանել է նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության մի քանի բրիգադներ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ զինվորական դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի, վիրավորների և մահացածի ինքնությունը: Վթարի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ ՏԿ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանությունն ու Սպիտակի բաժնի ծառայողները, որպեսզի խցանում տեղի չունենա: Ուղևորներ Մ. Ք.-ը, Ն. Ա.-ը, Հ. Գ.-ը, Ա. Ս.-ը, Ա. Օ.-ը, Մ. Շ.-ը և Մ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ: Ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղևորներից մեկի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել