Հաղորդավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր նախագիծ է սկսում։ «Հայի աչքեր» կոչվող նոր հաղորդումը սոցիալական թոք շոու է լինելու, որի առաջին մանրամասները Դիանան վստահել է BlogNews.am-ին։ Հեղինակի խոսքով՝ իրենց նպատակն է օգնել այն հայ ընտանիքներին, որոնք ունեն դրա կարիքը։
«Իսկապես մասշտաբային ծրագիր է, շատ հայկական ու շատ մարդկային։ Խնդիրներին մոտենալու ենք հայի սրտացավությամբ և հոգատարությամբ։ Փորձելու ենք ազգովի համախմբվել այն հայի շուրջ, ով ունի օգնության կարիք, և լայնամասշտաբ օգնություն տանք հայ ընտանիքների՝ հուսահատության, ծայրահեղության հասած խնդիրներին։ Բարեգութ մարդկանց հետ փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի կրկին վառվեն հայ ընտանիքների ճրագները, և նրանց վերադարձնենք իրենց մոռացված երջանկությունը»,- ասաց Դիանան՝ հավելելով, որ այս ամենն արվելու է ուղիղ եթերում։
Դիանան պատմեց, որ երկուշաբթիից ուրբաթ եթերում ցուցադրվելու է 2 ընտանիքի պատմություն, իսկ շաբաթ երեկոյան ուղիղ եթերում ինքը հյուրընակալելու է այդ ընտանիքներին, լինելու է հեռուստամարաթոն։ Հաղորդավարը հայտնեց, որ շաբաթվա ընթացքում ցուցադրվող ռեպորտաժները ևս ինքն է պատրաստելու, ոչ թե այլ լրագրող։ «Լինելու է մոտավորապես թոք շոուի ոճով, որովհետև ուղիղ եթերում հյուրընկալելու եմ ընտանիքներին, հարցեր եմ ուղղելու, հանդիսատես է լինելու։ Բացի գլոբալ խնդրի լուծումը, կլինեն նաև անակնկալներ, որովհետև մինչ այդ ես գնալու եմ իրենց տուն, ուսումնասիրելու եմ պատմությունը։ Ուղիղ եթերում կկազմակերպվի դրամահավաք, որի գումարն ամբարվելու է երկուշաբթիից ուրբաթ հավաքված գումարին։ Թե որ ընտանիքին որքան օգնություն կցուցաբերվի, կորոշի հեռուստադիտողը»,- նշեց Դիանան։
Հաղորդավարի փոխանցմամբ՝ այս նախագիծը սկսելու գաղափար ունեցել է դեռևս տարիներ առաջ, սակայն չի ստացվել՝ ժամանակի և ծանրության առումով։ «Գուցե հենց այսօր հասունացավ այդ պահը, և «Արմենիա TV»-ի և «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի»-ի ղեկավարությունները, համաձայնության գալով, որոշեցին, որ այն պետք է իրականություն դառնա։
Ինչ վերաբերում է ուղիղ եթերի բարդությանը՝ Դիանան նշեց, որ 5 տարի եղել է ուղիղ եթերում։ «Մտավախություն չունեմ՝ կապված այդ ձևաչափում տևական դադարի հետ, սակայն գիտակցում եմ, որ ուղիղ եթերը շատ մեծ պատասխանատվություն է։ Այս ձևաչափն օրգանական, շոշափելի է, և այդ հարստությունը փորձում է մեղմացնել լարվածությունդ, սակայն գիտակցությունդ միշտ արթուն ես պահում, որովհետև պատասխանատվությունն իսկապես շատ մեծ է։ Ամեն օր էլ եթերում լինես, հաջորդ օրը կրկին մեծ պատասխանատվությամբ ես մտնում ուղիղ եթեր։ Եթե մի օր այդ պատասխանատվությունը չլինի, տանուլ կտաս»,- շեշտեց հաղորդավարը։
Ինչ վերաբերում է հարցին՝ որ իր բոլոր նախագծերը՝ սկսած «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքից» մինչև սերիալները, միշտ քննադատության են արժանացել, այս նախագծի հետ կապված սպասո՞ւմ է քննադատությունների, Դիանան պատասխանեց. «Եթե հայը հային օգնելու հարցում էլ պետք է խոչընդոտի, էլ ի՞նչ ասեմ ես մեր հային... Ուրեմն համախմբվելու, չարենցյան խոսքերը որդեգրելու փոխարեն պիտի նորից քննադատի՞, այդ դեպքում խոսքերն ավելորդ են»։
Վերջում հաղորդավարն ասաց իրենց նշանաբանը. «Հայի աչքեր, երբ աչքերի անհատակ խորքերում թաղված իր պատմության դառն իրականությունն այլևս հիշողություն է»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի