Աշնան վերջին օրն է:
Չգիտես ինչու` տխրում ես, որ նույնիսկ այդ տխուր եղանակն էլ է գնալու անցյալի գիրկը:
Արդեն երեք տարի չի եղել քաղաքում, ու համարյա ոչինչ չի փոխվել:
Բանտային կյանքը կարծես թե պետք է փոխեր ամեն ինչ:
Ավելի կոփեր, բայց հակառակն եղավ:
Մայրն ամուսնացել է: 
Չի ցանկանում տուն գնալ, միևնույն է` իրեն սպասող չկա:
Երկու տարի շուտ ազատվեց:
Երեք տարիների ընթացքում միայն տատիկն էր, որ կարողացավ երկու անգամ այցելել իրեն բանտում:
Բերել էր երեք հազար դրամ:
Վերջին փողերն էին: Դժվարությամբ համոզեց, որ վերցնի:
Կարինեից էլ ոչինչ չկա: Միգուցե մո՞ր նման…

Ամեն ինչ սկսվեց այդ չարաբաստիկ մատանուց:
Երբ պետք է գնային Կարինեենց տուն, տատիկը, չգիտես որտեղից, հանեց ու բոլորի ներկայությամբ իրեն հանձնեց մի ադամանդով մատանի:
- Սա իմ տատիկի օժիտն է եղել դեռ 23 թվականից: Պահել էի քեզ համար: Սրտանց նվիրում եմ քեզ, քո Կարինեին:
- Ա´յ մեր, հո խելքդ չե՞ս գցել: Գիտե՞ս՝ ես ինչքան եմ ման եկել,- հայրը չարությամբ լի աչքերով նայում էր տատիկին:
- Պայմանավորվել էինք, չէ՞, տունը` աղջկադ, իսկ մատանին` ինձ, մոռացե՞լ ես:
- Ես դեռ չեմ մահացել, Բագրա´տ ջան: Քո տղային եմ հանձնում, ի՞նչ տարբերություն:
- Դու գիտե՞ս դրա արժեքը, - մեջ ընկավ հորաքույրը:
- Ձեր գո´րծը չէ,- տատն անօգնական նայեց տղային, որը մոտեցավ ու կանգնեց տատիկի կողքը: 
- Լա´վ,- ասաց տատիկը,- ես ինքս կորոշեմ՝ ում` ինչ տամ:
Սկսվեց մի անհավանական քաշքշուկ: Մոռացվեց օրվա նպատակը: Վիրավորանքներ ու հայհոյանքներ տեղացին հոր և հորաքրոջ միջև:
Խառնվեցին նաև երիտասարդներն, ու չգիտես ինչպես և երբ, ում կողմից հարսանիքի կոնյակը կոտրվեց հոր գլխին: Հայրն ընկավ ու…

… Երբ աչքերը բացեց, հիվանդանոցում էր ու գլխավերևում` ոստիկանական համազգեստի վրայից սպիտակ խալաթ հագած մի կին…
Մատանին այդպես էլ չգտնվեց:
Չկարողացավ մասնակցել հոր հուղակավորությանը: Դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման:

* * *
Դուռը երկար ժամանակ չէր բացվում:
«Միգուցե տատիկն էլ չկա՞», - մտածեց ու հարևանի դռան զանգի կոճակը սեղմեց:
- Չէ´, անկողնային է: Մի աղջիկ է գալիս հաճախ: Նրա մոտ է բանալին: Շուտով կերևա,- ասաց հարևանուհին, որը թեև լավ ճանաչում էր նրան, բայց անմիջապես փակեց դուռը:
Լա´վ, դրսում կսպասի:

Դեռ հեռվից տեսնելով Կարինեին` հասկացավ, թե ում մասին է խոսքը:
Մոտենում էր գլխիկոր ու մտազբաղ:
Երբ հասավ նստարանին, որի վրա տղան էր նստած, մի պահ նայեց ու գլուխը նորից շրջեց: Չճանաչեց:
- Կարինե՞:
Տեսավ: Ձեռքից գցեց մեծ պայուսակը:

* * *
Երբեմն մարդիկ փնտրում են ողջ կյանքի ընթացքում, իսկ երբեմն էլ գտնում մեկ վայրկյանում…
Երբեմն հայացքներս գցում ենք արևին, ժպտում նրան ու նայում երկա~ր-երկա~ր, իսկ երբեմն կրում ենք արևային ակնոցներ` փորձելով թաքնվել կամ թաքցնել…

* * *
- Ռուբե՞ն:
Ռուբենն ավելի շուտ հասավ ու գրկեց Կարինեին, քան կծալվեին ոտքերն ու կընկներ գետնին:
Հետո նստարանին նստած երկար զրուցեցին` մոռանալով տատիկի գոյության մասին:
Ռուբենի բանտարկվելուց մեկ տարի հետո հայրը մահացել էր:
Հորը խոսք էր տվել, որ չի այցելի Ռուբենին բանտում:
Վստահ էր, որ Ռուբենը չի մոռանա իրեն ու սպասում էր…

* * *
Երբեմն ցանկանում ես ասել այն, ինչ տարիներով կուտակվել է մեջդ ու անհանգստացնում է` մեկ գլուխ բարձրացնելով, մեկ կծկվելով, մերթ աքացի տալով, մերթ բղավելով ու ներսումդ առաջացնելով մի անհասկանալի քաոս…
Երբեմն էլ անհրաժեշտ է լինում միայն լռել ու աչքերով արտահայտել այն, ինչ կուտակվել է քո մեջ…
Երբեմն էլ ուժը չի բավականացնում բարձրաձայնելու կուտակվածը, ու ձեռքերդ անօգնական մնում են գամված մարմնիդ: 

* * *
Տատը երկար նայեց Ռուբենին:
Աչքերից սկսեցին արցունքի կաթիլներ իջնել:
Անուժ էր ձեռքերը բարձրացնելու:
Ռուբենը զգաց ու փարվեց տատիկին:
Տատիկը գրկել էր Ռուբենի գլուխը, սեղմել կրծքին ու լաց էր լինում:
- Կարինե´, պահարանից շաքարավազի ամանը բե´ր:
- Թե՞յ ես ուզում, տա´տ, հիմա կսարքեմ, - Կարինեն փորձ արեց վեր կենալու տեղից:
- Չէ´, աղջի´կ ջան, բե´ր ինչ որ ասում եմ:
Շաքարավազի ամանի միջից հանեց ու Ռուբենին մեկնեց այն մատանին, որ օրերով ման եկել ու չէին գտել ո´չ ոստիկանության աշխատակիցները, ո´չ էլ իր հարազատները:
- Սա քոնն է, ինչպես խոստացել էի, ավելի ճիշտ` ձերն է,- նայեց Կարինեին ու ժպտաց:
- Տա~տ:
- Սա երջանկություն է բերում կրողին: Թո´ղ լինի, ինչպես ես եմ ցանկանում: 

Ադամանդյա մատանին արևի ճառագայթներից շողում էր ամբողջ իր փայլով, շուրջը գույներ էին կախարդական, ու ասես տունը լցվել էր աննկարագրելի ջերմությամբ:
Ռուբենը մատանին դրեց Կարինեի մատին:
- Կարինե´ ջան, դու միշտ խնդրում էիր մնալ ինձ մոտ, ես միշտ մերժում էի: Այսօր ես ցանկանում եմ, որ մնաս ինձ մոտ: Կատարի´ր խնդրանքս, լա՞վ:
Բարձիս տակ փող կա պահած, վերցրե´ք: Այսօր կքնեմ երջանիկ: Ռուբե´ն ջան, նշե´ք ձեր այսօրվա հանդիպումը: Հիմա ցանկանում եմ քնել: Գնացե´ք, շատ չուշանա´ք:

* * *
Ռեստորանում ընտրեցին պատուհանի մոտ գտնվող սեղանը, որն ավելի թույլ էր լուսավորված:
Ռուբենը թռուցիկ հայացքով նայեց ներկաներին: Մտածեց, որ իր նման` հին կոստյումով, ոչ ոք չկար: 
… - Երբ այն օրը սպասեցինք, ու դուք չեկաք, հայրս շատ բարկացավ: Ես ընդհանրապես տեղս չէի գտնում: Ամբողջ գիշեր լաց եմ եղել: Բարեկամներիս մոտ խայտառակվեցինք…
- Դե լա´վ, անցածն էլ ետ չես բերի, Կա´ր ջան: Խմե´նք մեր կենացը: Այստեղ կարելի՞ է երգ պատվիրել: Հիշո՞ւմ ես մեր երգը: Ուզում եմ պարենք: 
Կարինեն ժպտաց ու գլխով արեց:
Շամպայնով լցված բաժակի մեջ վեր ու վար անող շոկոլադի մանր կտորները երևում էին մատների արանքում: Մատի վրա իր բազմերանգ գույներով լույսի հետ խաղում էր ադամանդյա մատանին:
Երբ Ռուբենը վերադառնում էր երաժիշտների մոտից, դեռ սեղանին չհասած` լսեց պատվիրած երգի առաջին ակորդները ու տեսավ, թե ինչպես մի մարդ կոտրված հայերենով (երևի ազգությամբ պարսիկ էր) Կարինեին հրավիրեց պարի: 
Կարինեն գլխի շարժումով մերժեց, ինչը հավանաբար դուր չեկավ հրավիրողին:
Բռնելով Կարինեի ձեռքը` փորձեց ուժով բարձրացնել աթոռից:
Ռուբենը հետևից քաշեց հարբած պարսիկի ձեռքը, սակայն հարված ստացավ դեմքին: Հատակից բարձրացավ ու ձեռքն ընկած աթոռով հարվածեց:
Հարբած պարսիկը խույս տվեց, բայց ուսին հասցված զարկից տապալվեց գետնին:
Ռուբենին էին մոտենում պարսիկների սեղանակիցներն ու անվտանգության աշխատակիցները…

* * *
Ոստիկանական բաժանմունքում հերթապահը գլուխը կախ ինչ-որ բան էր գրում ու կարծես չէր լսում Կարինեին:
- Բայց Ռուբենը մեղք չուներ, հասկանո՞ւմ եք, սկսողը նա էր, հարբած…
- Հասկանում եմ, բայց ոչ մի փաստաթուղթ չունի, հասկացեք և ինձ: Ընդամենը բանտից ազատման թուղթ: Դժվա՞ր է կռահել, թե ինչ կարող է սպասվել: Առավոտյան քննիչը կգա, ու ամեն ինչ իրենից կիմանաք: Տուժողն էլ է այստեղ: Գնացե´ք տուն, վաղն ամեն ինչ կպարզվի:
- Ախր կկորի նա, այսօր է վերադարձել:
- Եթե տուժողը չբողոքի, միգուցե մի բան անենք, - հերթապահ ոստիկանը բազմանշանակ նայեց Կարինեին:
Կարինեն իր մոտ եղած տասը հազարանոց թղթադրամը պարզեց հերթապահին:
Հերթապահի աչքն ընկավ փայլող ադամանդին.
- Վերցրե´ք, թե չէ կաշառք տալու համար ….
Կարինեն անխոս թղթադրամը վերցրեց, մատից հանեց մատանին ու դրեց հերթապահի առջև…
- Չե՞ն բողոքի տուժողները: Ուրիշ ոչինչ չունեմ: Եթե չվերցնեք , միևնույն է` քննիչն է վերցնելու ու ազատ արձակելու…
Մատանին անհետացավ հերթապահի դարակում:
- Գնա´ տուն: Խոսք եմ տալիս` մեկ ժամից կլինի տանը, միայն կփոխանցես, որ վաղն անպայման ներկայանա անձնագրային բաժին: Դու ինձ ոչինչ չես տվել, հասկացա՞ր:

* * *
Մարդն անընդհատ ինչ-որ բանի է սպասում… ավտոբուսի, աշխատավարձի, տարվա առաջին ձյանը, առաջին երեխայի ծնվելուն, ամառվա առաջին օրվան, ծննդյան տոնին, Նոր տարուն, կամ էլի ինչ-որ տոնի… 
Սպասում ես Նրա գալուն, որ աստիճաններով բարձրանա, հասնի քո հարկին, մոտենա դռանդ, ծանր արտաշնչի, երկչոտ թակի դուռդ, հագնի հողաթափերը, մոտենա`սենյակդ լցնելով էժանագին օծանելիքի բուրմունքով ու ընկնի ձեռքերիդ մեջ, գրկի քեզ առաջվա նման, ասես ոչինչ էլ չի եղել…
Երբեմն անջատում ես բոլոր հեռախոսները, որ ոչ մեկը չանհանգստացնի, իսկ երբեմն աչք չես կտրում հեռախոսից, սրում ես լսողությունդ, որ հանկարծ բաց չթողնես այն միակ զանգը, որին սպասել ես վայրկյաններով, րոպեներով, ժամերով` ասես մի ամբողջ կյանք: 

* * *
- Կարինե´ ջան, Ռուբենն ո՞ւր է, լավ անցա՞վ:
- Այո´, տա´տ ջան: Մտավ խանութ` ծխախոտ առնի, ուր որ է` կգա:
- Երբեք մենակ չթողնես նրան, ինձ ի՞նչ է մնացել որ: Մտածում էի կմեռնեմ, էլ չեմ տեսնի նրան: Աստված ձայնս լսեց: Հիմա հոգիս հանգիստ է: Բայց Ռուբենը ծխող չէ, Կարինե՞:

Դռան թակոցն ընդհատեց խոսակցությունը:
- Ռուբե´ն ջան, եկա՞ր: Մեռնե´մ աչքերիդ: Դե լա´վ, հանգստացեք, ես էլ քնեմ, մի տեսակ եմ, չեմ զգում ձեռքերս: Առավոտյան կանցնի:

Երբ Ռուբենը դուրս եկավ լողասենյակից, Կարինեն սենյակում չէր:
Մոտեցավ տատիկի անկողնուն: Քնած էր ու ինչ-որ բան էի քրթմնջում քնի մեջ:
Ռուբենը ժպտաց ու գնաց դեպի որպես փոքրիկ ննջարան ծառայող սենյակը:
Կարինեն ձևացնում էր, թե քնած է: Բայց վերմակի տակից լսվում էր լացի խուլ ձայնը:
Ռուբենը զգույշ բարձրացրեց վերմակը…
«Միթե վերջապես մենք երջանիկ կլինենք»,- մտածեց Կարինեն ու փաթաթվեց Ռուբենին:

* * *
Երջանկությունը արևն է քո աչքերում, որոնց շողերով նայում ես սիրածդ էակին…
Երջանկությունը քո հոգոցներն են` համահունչ նրա հոգոցներին…
Երջանկությունը` մատներիդ նուրբ հպումն է նրա քթին, շուրթերին…
Երջանկությունը թուլություն չէ, հատուկ է ուժեղ մարդկանց, որոնք չեն վախենում մերկացնել սիրտը քո առաջ…
Երջանկություն է, երբ քո ձեռքերով նրա մազերը դասավորում ես ականջի հետևում…
Երջանկությունը բառեր չեն…
Երջանկություն է,երբ աննկատ` մատներդ փաթաթվում են նրա մատներին, ու քարանում ես մի պահ` նրան զգալով քո մեջ…

. * * *
Կարինեի մատները սկսեցին խաղալ Ռուբենի մազերի հետ:
- Իսկ մատանին ո՞ւր է: Չէ՞ որ ասացի` չհանես, քո նման գեղեցիկ է, ձգող ու երջանկություն պարգևող: 
Կարինեն շուրթերով փակեց Ռուբենի շուրթերը:
Ասելու ոչինչ չուներ այդ պահին:
Թող ձգվի երջանկությունը որքան հնարավոր է…

Առավոտյան, երբ Կարինեն արթնացավ, Ռուբենը դեռ քնած էր:
Զգույշ փորձեց վեր կենալ անկողնուց, բայց հետո փոշմանեց:
Նայում էր քնած Ռուբենին ու մտածում, թե ինչքան են տանջվել առանձին- առանձին ու հիմա կարող են վայելել հանգիստ ապրելու հաճույքը:

* * *
Ապրելու հաճույքը…
Ապրելու հաճույքը առավոտյան սուրճը չէ` մատուցված անկողնում, «Ես քեզ սիրում եմ» բառերը չեն, նախաճաշը, ճաշը ընթրիքը չեն, բարձր աշխատավարձը չէ, ձեռքը չէ, որ քո առաջ բացում է մեքենայի դուռը, ոչինչ չպարտադրող ժպիտը չէ և ոչ էլ իմիջի այլոց ասված` «Ինչպե՞ս են գործերդ» բառերը…
Ապրելու հաճույքը…երբ քեզ սպասում են, սպասում ամեն վայրկյան, ամեն րոպե, ամբողջ կյանքում` վստահ, որ հաստատ գալու ես …

* * *
«Սուրճ է սիրում առավոտյան»:
Վեր կացավ:

Ապրելու հաճույքը…
… երբ հավաքում ես նրա թափթփած իրերը ու ժպտալով դնում իրենց տեղը…
… սիրո ամենալավ ու վառ ապացույցն է, քան ցանկացած սիրո երդում…
… այն փոքրիկ հատվածն է քո արևահյուսակում, որ հաճախ քեզ չի թողնում շնչել…

* * *
Գնաց խոհանոց:
Նայեց ժամացույցին: Տատիկի դեղ ընդունելու ժամն է: Տեսնես` ինչո՞ւ չի խմել:
Գնաց սենյակ` քայլելով ոտքերի թաթերի վրա, որ չարթնացնի…

- Ռուբե´ն, Ռուբե´ն, վե´ր կաց, քնելու ժամանա՞կ է, վե´ր կաց, տատիկը չի շնչում…Ռուբեեե~ն…

* * *
Ռուբենն ու Կարինեն լուռ նայում էին անխռով քնած տատիկի խաղաղ դեմքին: 
Կիսաբաց շուրթերը, ասես հրաժեշտ տալով աշնան վերջին օրվան, շշնջում էին. «Մնաք բարով…»
Ձմռան առաջին օրն էր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել