«Շանթ հեռուստաընկերության նոր սիթքոմը՝ «Խոպանի տեսությունը», առաջացրել է ալավերդցիների դժգոհությունը։ Այսօր համացանցում տարածվել է նրանց բողոքը՝ ըստ որի՝ այն խաղը և կերպարը, որը մարմնավորում է աղջիկը, հեռու է ալավերդցու կերպարից, սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ ներկայացնում է իբր թե գյուղատիպ, անճաշակ, միամիտ և այլ բացասական տեսանկյունից։ BlogNews.am-ը զրուցեց այդ կերպարին մարմնավորող դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ։
«Ներկայացված է ոչ թե ալավերդցու, այլ լոռեցու կերպար, ով մի սերիայում նշել է, որ Ալավերդիում մազեր է սարքել։ Միայն ասվել է, որ Ալավերդիում հազար գլուխ լավ էին գլուխ սարքում։ Ալավերդիի շրջակայքի ցանկացած մարդ կարող է գնալ այնտեղ, մազերը սարքել ու գոհ լինել։ Մի բան էլ գովաբանվել է։ Ճիշտն ասած՝ զարմացել եմ, թե ինչու են այդ սերիայից հետո բոլորը մտածել, թե մենք ծաղրում ենք ալավերդցիներին, որովհետև ինքս ծնվել եմ Լոռիում և որևէ մեկին, առավել ևս՝ ինձ ծաղրելու ցանկություն բնավ չունեմ։ Ես հպարտ եմ, որ լոռեցի եմ»,- ասաց Անահիտն ու հակադարձեց, որ բազմաթիվ այլ ալավերդցիներ էլ իրեն դրական կարծիքներ են գրել, այնպես որ, բացասական մեկնաբանությունները որոշակի քանակի մարդկանց կարծիք են։ Դերասանուհին նշեց նաև, որ սերիալում ներկայացված բարբառն էլ Ալավերդու չէ։ «Լեզուն ընտրված է կյանքից, և հավելումներ են արվել բարբառից, բոլորին որպեսզի հասկանալի լինի։ Առհասարակ պետք չէ համեմատականներ անցկացնել»,- ավելացրեց նա։
Անահիտը բոլորին խորհուրդ տվեց ուշադիր դիտել սերիալը։ «Իմ հերոսուհին բարի, հումորային, գրոտեսկային, չափազանցություններով կերպար է։ Այն վերցված է կյանքից, սակայն ավելացված են հումորային դրվագներ, ժեստեր։ Եթե այդ կերպարից վիրավորվում են, պետք է վիրավորվեն նաև բոլոր նրանք, ովքեր սելֆի են անում, փաբեր են գնում։ Ֆիլմի յուրաքանչյուր կերպարից կարելի է վիրավորվել, սակայն այն մի վերագրեք ձեզ, մի վիրավորվեք ու նայեք այդ կերպարին՝ որպես հումորային չափազանցություններով, համով, դրական հերոս։ Ընդհանրապես տեղին չէ վիրավորանքը։ Ես խաղում եմ միամիտ, ժպտերես, ուրախ, բարի կերպարի, որին ներկայացնում եմ ամենադրական կողմերով»,- ընդգծեց դերասանուհին։
Ինչ վերաբերում է տարածված կարծիքներին, որ նա վատ է խաղում, Անահիտն ասաց, որ ցանկացած կերպար ներկայացնելու դեպքում կարող են լինել տարաբնույթ կարծիքներ։ «Ես ընդունում եմ բոլոր կարծիքները։ Ամեն դեպքում, միայն առաջին սերիան YouTube-ում 100 հազարից ավելի դիտում է ունեցել և ընդամենը հաշված դիսլայքեր։ Մեծամասնությունը դրական է արձագանքել, ինչը նշանակում է, որ սիթքոմը ստացված է»,- նշեց դերասանուհին։
Հարցին՝ ինքն ի՞նչ գնահատական է տալիս, Անահիտն ասաց, որ շատ է սիրում իր կերպարը և ուրախ է, որ մարմնավորում է այդ կերպարը։ «Այն, ինչ տեսել եմ, գոհ եմ, սակայն ես, նայելով իմ աշխատանքը, միշտ գտնում եմ բաներ, որոնք կարելի է շտկել, ավելի լավ խաղալ։ Կարծում եմ՝ ընթացքում ավելի կլավանա։ Հիասթափված չեմ իմ խաղից, սակայն չեմ էլ կարծում, որ գերազանց է։ Կերպարը դեռ անելիքներ ունի և կգտնի իրեն»,- եզրափակեց դերասանուհին։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի