Երբ հերթը հասնում է գոյության կռվին, մարդիկ կարող են մոռանալ անգամ անկեղծ բարեկամության մասին. Համազգային թատրոնում երեկ գոյության պայքար էին մղում Աննա Հարությունյանը, Մոսո Կարապետյանը, Շողեր Գրիգորյանը, Սամվել Գևորգյանը, Հակոբ Միրզախանյանը, Վահագն Մարտիրոսյանը, Լևս Դավթյանը: Դերասան-ռեժիսոր Աշոտ Հակոբյանի եմադրած «Գիշատիչների խնջույքը» ներկայացման մեջ նրանց այս իրավիճակում էր դրել գերմանացի սպայի մարմնավորող Վարդան Կուղիանոսյանը։
Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացնում է 1942 թվականի օկուպացված Փարիզը։ Հանգամանքների բերումով հերոսները, ովքեր ընկերներ են, հանուն իրենց կաշին փրկելու պատրաստ են նույնիսկ միմյանց դեմ դուրս գալ։
Ներկայացումը դիտելու էին եկել դերասաններ Խորեն Լևոնյանը, Արթուր Կարապելյաը, Գագիկ Մկրտչյանն ու Լիդիա Գրիգորյանը, սուրեն Փահլրանյանն ու Յանա Դանիելյանը, Գների Ուլրիխանյանը, Գագիկ Մադոյանը, Սոնա Մաթևոսյանը, Իռեն Աբելյանը, Հենրի Քոչարյանը, Գայանե Կաթունյանը և այլք։
Ռեժիսոր Աշոտ Հակոբյանի՝ ուսանողական ստեղծած «Երիտասարդ թատերախումբը» գործում է արդեն մի քանի տարի։ Դրա շրջանակներում բեմադրվել է չորս ներկայացում, «Գիշատիչների» խնջույքը հինգերորդն է։ BlogNews.am-ի հետ զրույցում Աշոտն ասաց, որ այս պիեսը բեմադրելու գաղափարը ծնվել է դեռևս 4 տարի առաջ։ Ռեժիսորը պարբերաբար աշխատել է այս ներկայացման վրա, իսկ վերջնական աշխատանքներն ու փորձերը տևել են մոտ 3 ամիս։
«Այս գործը կարդալիս կային դերասաններ, որոնց միանգամից տեսա իրենց կերպարում»,- ասաց նա ու հավելեց, որ այդպես է ընտրել Լևս Դավթյանին, Հակոբ Միրզախանյանին ու Մոսո Կարապետյանին։ Մյուս դերասաններին Աշոտն ընտրել է երկար փնտրտուքներից, տարբեր ներկայացումներ դիտելուց հետո։
Ներկայացման ընթացքում բոլոր դերասանները բեմում են մնում, և շատ կարևոր են նաև երկրորդ պլանի գործողությունները։ Աշոտի փոխանցմամբ՝ այս գործը բեմադրելը բավականին բարդ էր։ «Բոլոր դերասանները բեմում են և ամեն պահի պետք է լինեն դերի մեջ, զգան 1942 թվականի օկուպացված Փարիզը»,- ասաց նա ու հավելեց, որ բնագրից շատ չի հեռացել։
Ռեժիսորի խոսքով՝ պիեսի ասելիքն այսօր էլ արդիական է։ «Ես՝ որպես բեմադրիչ, գործ ունեի մեծ հեղինակի հետ և պետք է մաքսիմալ ազնիվ ու պարզ այդ պատմությունը պատմեի հանդիսատեսին։ Ինձ համար գերխնդիր է, որպեսզի պատմությունն այնպես պատմեմ, որ բոլորին հետաքրքիր լինի։ Ես չեմ կարող գնահատական տալ իմ աշխատանքին ու ասել, թե որքանով էր ստացվել։ Ուրախ եմ, որ կարողացա այս գործը հասցնել ավարտին»,- նշեց ռեժիսորն ու շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ մասնակցություն են ունեցել ներկայացման կայացման գործում։
Ներկայացման գնահատականը, թերևս, հանդիսատեսի ջերմ ծափողջույներն էին։ Ներկայացումից հետո դերասան Խորեն Լևոնյանը BlogNews.am-ին ասաց, որ շատ է հավանել այն։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի