«Շանթ» հեռուտաընկերության եթերում մենկարկել է «Խոպանի տեսություն» նոր սիթքոմը, որում Թինային մարմնավորող Անաիս Սարդարյանը BlogNews.am-ին ասաց, որ իր համար շատ հետաքրքիր է խաղալ այս կերպարը, քանի որ սցենարը կարդալիս համամիտ է լինում հումորների հետ:
«Ինձ համար բավականին հեշտ էր խաղալ այս կերպարը, քանի որ արդեն մարմնավորել էի նմանատիպ հերոսուհու՝ «Քաղաքում»-ի Անուշիկին: Ես չէի ցանկանում հատկապես սերիալներում կերտել նմանատիպ կերպարների, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն չլինի, թե միայն այդպիսի դերեր կարող եմ կերտել, բայց հիմա աշխատում եմ չֆիքսվել դրա վրա, որովհետև գտել եմ հետաքրքիր նոր գույներ»,- ասաց Անաիսն ու հավելեց, որ Անուշիկի խնդիրը Մխոյի հետ կապված հարցերում ստեր մոգոնելը, ակումբային կյանք վարելն էր, իսկ Թինան «տան աղջիկ» է, ամուսնացած չէ, ուղղակի շատ է տարված ժամանակակից տեխնոլոգիաներով ու չափազանց գլամուրային է:)
«Նա համար օրը 30 նկար Ինստագրամում չտեղադրելը նշանակում է՝ օրը օր չէր, տանը բոլորը հողափերով են, Թինան՝ բարձրակրունկներով: Երբեմն նախանձում եմ գործընկերներիս, ովքեր հողաթափերով են:) Ինձ համար դժվար է 13 ժամ մնալ բարձրակրունկների վրա»,- ասաց դերասանուհին:
Անաիսի խոսքով՝ Թինայի կերպարը կերտելը հեշտ է նաև այն պատճառով, որ այդպիսի աղջիկները շատ-շատ են, ու նրանց տեսակն ունի աչքի առաջ: «Ես չէի ցանկանա, որ աղջիկներն այդպիսին լինեն, քանի որ կյանքում շատ հետաքրքիր բաներ կան, շատ լավ գրքեր, որոնք կարելի է կարդալ: Կարծում եմ` դա տարիքաին խնդիր է: Ես այդ տարիքում նման խնդիր չեմ ունեցել, քանի որ երբ ուսանող էի, սմարթֆոններն այդքան տարածված չէին: Հիմա անհամեմատ ավելի շատ են հարավորությունները, սակայն շատերը դրանք ճիշտ չեն օգտագործում»,- նկատեց նա:
Դերասանուհին հայտնեց, որ այսօր ձայնագրել են սիթքոմի սաունդթրեքը, որը շատ հետաքրքիր է ստացվել: Անաիսի փոխանցմամբ՝ երգի երաժշտոթյան հեղինակն «Ապրիկոտան» է, այն կատարում են սիթքոմի հերոսները:
Ամալյա Հովհաննիսյան